2025

Գողթն գավառի հայկական Փառակա գյուղը

Պատմական Գողթն գավառի հայկական Փառակա գյուղը ներկայումս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակավայրերից[1] է։ 1989 թվականին այն զրկվեց հայ բնակիչներից՝ բռնի արտաքսման հետևանքով։

Փառակա անվան ծագման և նշանակության մասին կան մի քանի վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ բնակավայրի անունը կապվում է հայերի պաշտած լուսնի գլխավոր աստծո՝ Փառնակի անվան հետ[2]։ Գ․ Աբգարյանը Փառակա անունը կապում է Սեբեոսի հիշատակած «Փառականն Շեմակաց» վայրի անվան հետ և համարում է, որ այն ծագել է «Պառական» բառից՝ «որսի շուն» նշանակությամբ[3]։ Առկա բացատրությունները, թեև ոչ ամբողջական, աներկբա վկայությունն են այն մասին, որ գյուղի հիմնադիրներն ու բնակիչները եղել են հայերը։

Այս բնակավայրը ոչ միայն ունեցել է բնական գեղեցկություն՝ շրջապատված բարձրագագաթ լեռներով և կանաչապատ ձորերով, այլև եղել է հայկական նյութական մշակույթի օրրան՝ իր բազմաթիվ ապացույցներով՝ եկեղեցիներ, այստեղ գրչագրված և ընդօրինակված բազմաթիվ ձեռագրեր[4], հայերեն արձանագիր տապանաքարեր, խաչքարեր և այլն։ Դրանք հիմնականում վերաբերում են 14-18-րդ դարերին, երբ այստեղ գործել են Փառակա Ձորո վանքը՝ Սուրբ Գևորգ Անապատով, Սուրբ Նշան, Սուրբ Շմավոն, Սուրբ Եղիա մարգարե, Սուրբ Հակոբ, Սուրբ Ստեփանոս եկեղեցիները, որոնց մեծ մասն այժմ ավերակ է։ Փառակայի հյուսիսային կողմում՝ բարձրադիր հարթավայրում, գտնվել է ընդարձակ գերեզմանատուն՝ 13-19-րդ դարերի հայերեն տապանագրեր ունեցող 800-ից ավելի գերեզմանաքարերով և խաչքարերով։ Այստեղ են պահպանվել սրբատաշ, կիսամշակ բազալտից կառուցված կամուրջի մնացորդները։ Ըստ Արգամ Այվազյանի՝ այն կառուցվել է 17-րդ դարում։ Իսկ 1702 թվականին կառուցված քարավանատան մասին վկայում է մուտքի հայերեն արձանագրությունը[5]։

Հայկական մշակութային այս ժառանգությունը ոչնչացվել է ադրբեջանական իշխանությունների և գյուղի՝ ներկայումս 300-400-ի հասնող բնակչության կողմից։ Բաքվի իշխանություններն այս բնակչության մեծամասնությանը համարում են «Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիներ», որոնք իբր «սպասում են» իրենց վերադարձին։ Ակնհայտ է, որ մինչև եկվոր բնակչության գյուղում հաստատվելը, Փառակայի հիմնական բնակիչները եղել են հայերը, ովքեր բռնագաղթեցվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։

[1] Ներկայումս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Parağa kənd բնակավայրն է։

[2] Ս․ Ումառյան, Սյունիքը՝ դիցարան, Երևան, 1981, էջ 45։

[3] Գ․ Աբգարյան, Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը, 1965, էջ 116։

[4] Ձեռագրերից մի քանիսը պահվում են Երևանի Մատենադարանում։

[5] Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ․ Գ, Գողթն գավառ, 2007, էջ 22։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում