2025
Պատմական կեղծարարությունների դեմ պայքարում իրենց ուրույն տեղն ունեն 19-րդ դարում ապրած հեղինակների վկայությունները։ Վերջիններիս տեղեկություններն ուղղակի կամ անուղղակի կերպով հերքում են հայ ժողովրդի պատմության տարբեր հարցերի վերաբերյալ կեղծարարությունները։
Նախիջևանի գավառի Ճահուկի (Ջաhրի) երկդասյա դպրոցի տեսուչ Ա․ Տեր-Մարգարովը հոդված[1] է հրապարակել Կարմիր վանքի մասին («Монастырь Кармир-ванк»)։
Հոդվածագիրը նշում է, որ Կարմիր վանք վանական համալիրը գտնվում է Երևանի նահանգի Նախիջևանի գավառում՝ համանուն գյուղից առանձին՝ բլրակի վրա՝ Արաքս գետի ձախ ափին։ Այն կառուցվել է 5-րդ դարում՝ տաշած կարմիր քարից, որից էլ, հավանաբար, ստացել է իր անունը։ Այնուհետև Տեր-Մարգարովը ներկայացնում է ժողովրդական ավանդությունն այն մասին, որ երբ Ավարայրի ճակատամարտից (451 թվականի մայիսի 26) հետո վանք են տեղափոխել վիրավորներին, բակ ու վանք տանող բոլոր աստիճանները ներկվել են արյունով, որի համար էլ այն անվանվել է Կարմիր վանք։ Վանական այս համալիրն անվանակոչվել է ի պատիվ Սուրբ Ստեփանոսի։ Բացի այդ՝ հոդվածագիրը նշում է, որ Կարմիր վանք գյուղը (Кармир-ванки-кег) հիմնադրվել է 35-40 տարի առաջ և ունի 14 տուն հայ բնակիչ։
Վանք այցելում էին ինչպես տեղի բնակիչներն, այնպես էլ՝ ուխտավորներ հարևան գյուղերից ու Նախիջևան քաղաքից, երբեմն էլ՝ Շարուր-Դարալագյազի գավառից։
Ըստ Տեր-Մարգարովի՝ վանքի պատերին արձանագրություններ կան տաճարը վերանորոգողի և 10-րդ դարում ապրած Հակոբ Մեծի կողմից կատարված շինարարական գործունեության մասին։ Ինչպես նաև արձանագրված են 1617 թվականին Հովսեփ արքեպիսկոպոսի և 1832 թվականին Աստապատի թեմական առաջնորդ Նիկողայոս վարդապետի կողմից արված վերանորոգումները։
Հոդվածագիրը գրում է, որ այստեղ կար դպրոց։ Վանքի պատերին դեռ պահպանվում էին Գրիգոր Լուսավորչի, սուրբ Հակոբի և այլ սրբերի պատկերները։ Հատկապես առանձնանում է եկեղեցու հյուսիսային պատը, որտեղ երկու տեղում փորագրված է Փրկչի խաչելությունը, Սուրբ Ստեփանոսը՝ խաչի ձեռքին, նրա կողքին՝ վանքի պատկեր ու երկու բարձր խաչեր և այլն։ Եկեղեցու հարավային կողմում է գտնվում Հակոբ վարդապետի գերեզմանը՝ թվագրված 1672 թվականով։ Եկեղեցում պահպանվում է 1205 թվականին գրված կաշվե կազմով Ավետարան։ Վանքում պահպանվում էին նաև սուրբ Ստեփանոսի, սուրբ Գրիգորի որդի Արիստակեսի, սուրբ Հովհաննես Մկրտչի և կույս Վարվառայի մասունքները։ Եկեղեցին ուներ զանգակատուն, որը 1840 թվականի երկրաշարժի հետևանքով փլուզվել էր։
Կարմիր վանքի հարավային պատի մոտ գտնվում էր փոքրիկ լողավազան, որտեղ հնում մկրտել են քրիստոնեություն ընդունողներին։ Արաքսի ձախ ափին՝ Կարմիր վանքից ոչ հեռու, գտնվում էր Աստապատի՝ ավերակ Սուրբ Վարդան եկեղեցին։ Հեղինակը գրում է, որ Աստապատ բառն առաջացել է հայերեն «աստ» (тут) և «պատ» (пат) բառերից, քանի որ վիրավոր Վարդանին տեղափոխել են եկեղեցի, ուր պատել են սավանով։
Կարմիր վանքը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Աբասաբադ (Աստապատ) բնակավայր), ինչպես և Նախիջևանի տարածաշրջանի հայկական այլ հուշարձաններ ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից 1997-2003 թվականների ընթացքում։
[1] «Сборник материалов для описания местностей и племен Кавказа», выпуск 27, Тифлис, 1900, отдел I, с. 53-64․