2025
Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Խնձորեսկ (Хинзырак) գյուղի երկդասյա դպրոցի տեսուչ Ն․ Շիրակունին[1]։
Ըստ հոդվածագրի՝ Զանգեզուր գավառն արևելքից և հարավ-արևելքից սահմանակից էր Շուշիի և Ջաբրայիլի, հյուսիսից՝ Ջևանշիրի, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Երևանի նահանգի Նախիջևան և Շարուր-Դարալագյազ գավառներին, իսկ հարավից և հարավ-արևելքից՝ Արաքս գետին, որը միաժամանակ պետական սահման էր Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։
Ն․ Շիրակունին, ով ներկայացնում է գավառի անվան ծագման տարածված մի քանի ավանդություններ, գրում է, որ Զանգեզուր բառն առաջացել է հայկական «Ծակերի ձոր» աղճատված (цакери-дзор, ущелье дыр) տարբերակից, մեկ այլ զրույցի համաձայն՝ «Զանգ զորավոր» (занг зоравор, колоколь сильный) բառակապակցությունից։ Ասում են՝ Գորիսից (Герус) շուրջ երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող վանքում ժամանակին եղել է հսկայական զանգ, որի ձայնը հասնում էր մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրեր։ Այդ պատճառով էլ բնակչությունն այն անվանել է «Զանգ զորավոր»։ Ոմանք էլ պնդում են, որ Զանգեզուրն առաջացել է «Ծաղկաձոր» (цахкадзор, ущелье цветож) բառից։
Հոդվածագիրը, նկարագրելով Զանգեզուր գավառի բնապատկերը, նշում է, որ տեղի բնակչությունը բազմաթիվ ժայռերի տվել է հատուկ անուններ, դրանց մասին պահպանել ավանդազրույցներ։
Ն․ Շիրակունին գրում է, որ գավառի բնակչությունն զբաղվել է գյուղատնտեսությամբ, որը գտնվում էր աղետալի վիճակում․ պատճառը բազմաթիվ երիտասարդների Բաքու մեկնելն էր՝ գումար աշխատելու հույսով, որտեղից վերադառնում էին արդեն անկարող։ Որպես հիմնավորում՝ բերում է գավառի ամենամեծ գյուղի՝ Խնձորեսկի օրինակը։ 1886 թվականի ընտանեկան ցուցակների համաձայն՝ գյուղն ուներ 620 տուն[2], իսկ արդեն 1904 թվականին այդ գյուղից Բաքվում գտնվում էր 987 արական, 305 իգական սեռի ներկայացուցիչ։
Զանգեզուրի ազգաբնակչության մասին խոսելիս հոդվածագիրը նշում է, որ բնակչությունը բաղկացած էր հայերից և թաթար-շիաներից։ Վերջիններս վարում էին կիսաքոչվոր կյանք, նրանցից շատերը նստակյաց չէին, չունեին սեփական տնտեսություն ու ցրված էին շրջանի տարբեր գյուղերում, ինչի պատճառով էլ հաճախ դիմում էին ավազակության և թալանի։
Կրթական գործի առաջընթացը Զանգեզուրի գավառում սկսվել է 1894 թվականից։ Արդեն 1904 թվականի դրությամբ գավառում կար 40 դպրոց։ Մինչ պետական դպրոցների բացումը՝ Զանգեզուրի գավառում գոյություն են ունեցել հայկական եկեղեցածխական դպրոցներ։ Հոդվածագիրը նկարագրում է Խնձորեսկից մոտ 25 կմ հյուսիս գտնվող Զանգեզուրի գավառի հնագույն վանական համալիրներից Ծիծեռնավանքը (Цицернаванк, монастыр мизинца), Որոտնավանքը (Воротна-ванк), որոնց պատերին հայկական արձանագրություններ կան։
Խոսելով հայ մելիքների մասին՝ Ն․ Շիրակունին նշում է, որ Զանգեզուրի գավառը թեև գտնվում էր պարսկական գերիշխանության ներքո, այնուամենայնիվ այն ժառանգաբար ղեկավարվում էր հայկական մելիքների կողմից, և գավառի ներքին կառավարումը մտնում էր նրանց գործառույթների մեջ։ Զանգեզուրի մելիքներից հոդվածագիրն առանձնացնում է 18-րդ դարի առաջին կեսին Տեղ (Дыг) գյուղում ապրած և իր քաջությամբ աչքի ընկած մելիք Բարխուդարին։
Այսպիսով՝ նշված հոդվածում բերված փաստարկները՝ Զանգեզուր բառի ծագման հայկական հիմքը, այդ ժամանակահատվածում այլ տարբերակի կամ տարբերակների չգոյությունը, 4-րդ դարով թվագրվող հայկական հոգևոր կենտրոնների գոյությունը, հայ մելիքների կողմից գավառը ղեկավարելու հանգամանքը, խոսում են այն մասին, որ երկրամասը պատկանել է հայերին, որոնք էլ տարածքում եղել են ազդեցիկ։
[1] Сборник материалов для описания местностей и племен Кавказа, выпуск 34, Тифлис, 1904, отдел I, с. 182-217.
[2] Իրականում 613 տուն էր բնակվում գյուղում (4219 մարդ, որից 2344-ը տղամարդ, 1875-ը՝ կին), տե՛ս Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., Тифлис, 1893, с. 249․