2025
Մեծ Սոկութլու կամ Ուռեկան գյուղը տարածաշրջանի հին և առավել բազմամարդ հայաբնակ գյուղերից մեկն է եղել: Գտնվում է շրջկենտրոն Վարդաշենից (1989 թվականից` Օղուզ) 30 կմ հարավ: Հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է 1434 թվականին։
18-րդ դարի 20-ական թվականների սկզբներին գյուղում հաստատվել են նաև արցախցի վերաբնակիչներ: Այդ մասին է վկայում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանցը. «Այնտեղ էր նաև Բարսեղ անունով մի քահանա, որ բնիկ ղարաբաղցի էր, Խաչենի երկրից, մելիքների տոհմից: Ժողովուրդը, որ տեղափոխվել էր, սա ևս իր տոհմով նրանց հետ գնացել, Սոկութլու գյուղը նորոգել և այնտեղ բնակվում էր, որովհետև դրանից լավը չկար գյուղերի մեջ»:
Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 350 տուն հայ բնակչություն` 2107 բնակչով: 1908 թվականին գյուղի բնակիչների թիվը հասել է 2464-ի: 1914 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ է եղել՝ 2800 բնակչով: Մեծ Սոկութլուն 1918 թվականին ենթարկվել է թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակմանը:
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո կոտորածներից մազապուրծ եղած գյուղացիները վերահաստատվել են հայրենի գյուղում: 1986 թվականին Մեծ Սոկութլուում բնակվում էին շուրջ 40 տուն հայեր, 80 տուն մալականներ, 5 տուն քրդեր և 2 տուն ադրբեջանցիներ: Մինչև 1988 թվականի հայաթափումը՝ Մեծ Սոկութլուն Վարդաշենի շրջանի երեք հայաբնակ գյուղերից մեկն է եղել` շրջկենտրոնի և Ճալեթի հետ միաժամանակ:
Մեծ Սոկութլու գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը ոչնչացվել է 1920-ական թվականների սկզբներին: Եկեղեցին կառուցված է եղել դեռևս 1671 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու և Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Սիմեոնի օրոք։ Այդ մասին է վկայում Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի հրապարակած շինարարական արձանագրությունը.
«Կառուցաւ Ս. Աստուածածնայ եկեղեցիս
Ի Հայրապետութեան Տեառն Յակովբայ
եւ ի կաթուղիկոսութեան Տեառն Սիմէօնի
եւ յառաջնորդութեան Վլաս վարդապետն Շամախեցւոյ,
Թվ. ՌՃԻ (1671)»:
(«Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվեց
Տեր Հակոբի հայրապետության և
Տեր Սիմեոնի կաթողիկոսության և
Շամախեցի Վլաս վարդապետի առաջնորդության ժամանակ,
Թվ. ՌՃԻ (1671)»):
Ըստ մեկ այլ վիմագիր արձանագրության՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին նոր կյանք է ստացել 18-րդ դարի կեսերին՝ Տեր Հովսեփի ջանքերով․
«Ես` Տէր Յովսեփս, որ լուսաւորեցի
Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս
Է (7) թիզ աղբ կար, որ է ժամանակ
Հաճի, Թվ. ՌՄ (1751)»:
(«Ես` Տեր Հովսեփս, մաքրեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին
Է (7) թիզ աղբ կար, որ Հաջի [Չելեբիի]
ժամանակ էր, Թվ. ՌՄ (1751)»):
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1980-ական թվականներին, պահպանված է եղել գյուղի հայկական մեծ գերեզմանոցը` շուրջ 3000 տապանաքարերով, որոնց մեջ եղել են նաև միջնադարից պահպանված շիրմաքարեր:
Գյուղն այժմ կոչվում է Բեյուկ Սեյուդլու և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Եսայի Հասան-Ջալալյանց, Համառոտ պատմություն Աղվանից երկրի, Երևան, 1997, էջ 26:
ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 439: