2025
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ անկախացան Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը, մեծ կարևորություն սկսեց ձեռք բերել թյուրքական աշխարհը ընդհանուր մշակութային, լեզվական, քաղաքական ու տնտեսական առումով միավորելու թուրքական տեսլականը։ Թուրքիան իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար սկսեց ակտիվ համագործակցել այդ երկրների հետ՝ կիրառելով նաև փափուկ ուժի քաղաքականությունը, որտեղ կարևոր դեր ունի պանթյուրքիզմը: Թուրքիան ձգտում է թյուրքական աշխարհում ստանձնել առաջատարի դիրքեր, որը սակայն միանշանակ չի ընդունվում վերոնշյալ երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում: Թեև երկու երկրներն էլ հանդես են գալիս թյուրքական երկրների միավորման օգտին, ակտիվ համագործակցում թյուրքական տարբեր կազմակերպությունների շրջանակներում, սակայն նրանց մոտեցումներն այդ հարցում զգալիորեն տարբերվում են՝ առաջացնելով որոշակի լարվածություն իրենց հարաբերություններում։ Այս տարբերությունները բխում են պատմական ժառանգությունից, լեզվական տարբերություններից, աշխարհաքաղաքական ռազմավարությունից և թյուրքական աշխարհում առաջնորդության համար մղվող մրցակցությունից:
Թուրքիան պաշտպանում է պանթյուրքիզմի հայեցակարգը՝ ընդգծելով օղուզ-թյուրքական ընդհանուր ժառանգությունը: Թեև պանթյուրքական գաղափարախոսությունն առաջացել է Օսմանյան կայսրության սահմաններից դուրս՝ Ռուսական կայսրության տարածքում բնակվող թյուրքերի շրջանում, Անկարան իրեն պատկերացնում է որպես թյուրքական աշխարհի մշակութային և քաղաքական առաջնորդ՝ հենվելով օսմանյան և սելջուկյան ժառանգության վրա: Այս ծրագրի իրականացման համար Թուրքիան մեծ ներդրումներ է կատարում այնպիսի հաստատությունների գործունեութան մեջ, ինչպիսիք են՝ Յունուս Էմրե ինստիտուտը, «Թյուրքական համագործակցության և համակարգման գործակալություն»-ը (TİKA), «Թուրքիայի կրոնական գործերի տնօրինություն»-ը (Diyanet), «Թյուրքական պետությունների կազմակերպություն»-ը (OTS) և մի շարք այլ կառույցներ: Բացի այդ՝ Թուրքիան ձգտում է հասնել նաև լեզվական միասնության՝ թուրքերենի հիման վրա։
Ղազախստանը, որն ունի ղփչաղական թյուրքական ավանդույթներ, զգուշությամբ և պրագմատիզմով է մոտենում թյուրքական միությանը: Աջակցելով թյուրքական համագործակցության գաղափարին՝ Ղազախստանը շեշտում է տափաստանային-քոչվորական ավանդույթները, և այն փաստը, որ պատմական Թուրքեստանը, որը թյուրքերի հայրենիքն է, հիմնականում գտնվում է Ղազախստանի տարածքում: Այս առումով՝ Ղազախստանն իրեն թույլ է տալիս համարել որպես թյուրքական աշխարհը միավորող պետություն՝ ընդգծելով իր ղփչաղական արմատներն ու Ոսկե Հորդայի ժառանգությունը:
Ոսկե Հորդան ներառում էր նաև ներկայիս Ղազախստանի տափաստանային հողերը, որոնք հիմնականում բնակեցված էին թյուրքալեզու քոչվոր ցեղերով։ Ղազախստանը Ոսկե Հորդայի տիրապետության շրջանը համարում է թյուրքական ժողովուրդների միավորման ժամանակաշրջան։ 2018 թվականին Հարավային Ղազախստանը վերանվանվեց Թուրքեստան, և այդ շրջանի Թուրքեստան քաղաքը դարձավ թյուրքական համագործակցության առանցքային կետ: 2021 թվականին այս քաղաքը ճանաչվեց որպես թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն: Ղազախստանում խթանում են նաև, այսպես կոչված, Քոչվորական խաղերը, որոնք տեղի են ունենում 2 տարին մեկ։ Ղազախական մշակույթի մաս է ներկայացվում հայտնի պոետ և սուֆի Ահմադ Յասավիի ժառանգությունը։ Թուրքեստան քաղաքը, որտեղ ապրել և դասավանդել է Յասավին, վերածվել է մշակութային և հոգևոր կենտրոնի։ Այստեղ է գտնվում է նաև Յասավիի դամբարանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ինչ վերաբերում է լեզվական միասնության հասնելու հարցին, ապա հարկ է նշել, որ թուրքերենը պատկանում է օղուզական, իսկ ղազախերենը` ղփչաղական խմբին: Թուրքիան հանդես է գալիս նաև լատինական այբուբենի վրա հիմնված միացյալ թյուրքական այբուբենի ընդունման օգտին, ինչը Կենտրոնական Ասիայի երկրներին հեռացնում է ռուսական գրի՝ կիրիլիցայի ազդեցությունից: Լեզվական միասնությունը խթանելու ջանքերը ձեռնտու են հատկապես թուրքերին, ինչը հանգեցնում է մշակութային գերակայության ընկալմանը, որին Ղազախստանը կարող է դիմակայել:
Չնայած Թուրքիան փափուկ ուժի կիրառմամբ կարողացել է մեծ ազդեցության հասնել Ղազախստանում, սակայն վերջինս վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռված հարաբերություններ հաստատել հատկապես խոշոր տերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ։ 2016 թվականին, երբ Թուրքիայում կազմակերպվեց պետական հեղաշրջման փորձ, նախագահ Էրդողանը մեղադրեց գյուլենական շարժմանը և պահանջեց Ղազախստանում փակել գյուլենական դպրոցները։ Չնայած Թուրքիայի ճնշմանը՝ Ղազախստանը դիմադրեց՝ պնդելով, որ դպրոցները տեղական իրավասության տակ գտնվող ղազախական հաստատություններ են:
Հարկ է նշել, որ Ղազախստանի համար թյուրքական համագործակցությունը հիմնականում առևտրի, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման միջոց է: Թուրքիայում և Ղազախստանում մշակել են լարվածությունը կառավարելու մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ «Թյուրքական պետությունների կազմակերպություն»-ը, որն առաջ է քաշում առաջնորդության նկատմամբ հավասարակշռված մոտեցում՝ ապահովելով, որ թյուրքական բոլոր ժողովորդները ձայն ունենան կազմակերպության նպատակները ձևավորելու հարցում: Ղազախստանի Հոջա Ահմեդ Յասավիի անվան թուրք-ղազախական միջազգային համալսարանը միտված է խթանելու մտավոր և մշակութային կապերի զարգացումը։ Աստանայում գործում է Թյուրքական միջազգային ակադեմիան, որը բացվել է 2010 թվականին՝ թյուրքական աշխարհի վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով և դարձել է թյուրքական երկրները միավորող առանցքային կառույցներից մեկը։ Չնայած այդ ամենին՝ պետք է ասել, որ Ղազախստանում դեռևս տիրապետող է ռուսերենի ազդեցությունը:
Այսպիսով՝ օղուզական ավանդույթների վրա Անկարայի շեշտադրումը ստվերում է Ղազախստանի ղփչաղական ինքնությունը՝ ստեղծելով հակամարտություն թյուրքական աշխարհում ներկայացվածության և ազդեցության շուրջ: Թեև երկու երկրներն էլ ձտում են խորացնել համագործակցությունը, փորձում շրջանառել «եղբայրական» երկրներ լինելու հանգամանքը, այնուամենայնիվ, հատկապես գաղափարական մակարդակում, թյուրքական աշխարհի միավորման թուրքական և ղազախական մոտեցումները հակադրվում են միմյանց և մրցակցություն առաջացնում առաջնորդության հարցում: