2025

Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Քարին տակ (Դաշալթի) գյուղը

Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Արծվանիկ, Ելիզավետպոլի գավառի Գետաշեն (Չայքենդ), Շուշիի գավառի Քարին տակ (Դաշալթի) հայկական գյուղերի մասին տեղեկություններ կան «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1898 թվականի համարի (թողարկում 25-րդ) երկրորդ բաժնում:

Քարին տակ (Դաշալթի, Даш-Алты) գյուղի պատմությունը ներկայացնում է Գետաշենի (Չայքենդ) դպրոցի ուսուցիչ Գ․ Օսիպովը։

Ըստ նրա՝ Քարին տակը գտնվում է Շուշիի բերդից ոչ հեռու: Հոդվածագիրը, ներկայացնելով գյուղի անվան ծագումն ու հիմնադրման պատմությունը, նշում է, որ թաթարական «Դաշալթի» անունը հայկական Քարին տակի (Карин-Так) բառացի թարգմանությունն է, որը նշանակում է «քարե»։ 19-րդ դարի սկզբին Զանգեզուրի գավառի Խոզաբերդ (Ходзабюрд) գյուղի բնակիչները, հալածվելով խաների կողմից, տեղափոխվել են այժմյան Դաշալթի գյուղի տարածք։ Այդ տեղափոխման մասին հոդվածագրին պատմել են տեղացիները: Ըստ նրանց՝ Խոզաբերդն ունեցել է 700 տուն։ Գ. Օսիպովը գրում է, որ Խոզաբերդ (հայերեն՝ Խծաբերդ) անունը բացատրվում է երկու ձևով՝ «խածել, խայծող բերդ» կամ «խիստ, ուժեղ բերդ»։ Գյուղը շրջապատված է բարձր լեռներով, իսկ բնակիչները մշտապես պատերազմներ են մղել հարևանների դեմ: Չցանկանալով հարկ վճարել քրդական ալիյանլու (Алиянлу) ցեղին՝ պատերազմել են վերջինիս դեմ։ Գյուղի ողջ մնացած բնակիչների մի մասը հաստատվել է Քարին տակում։

1873 թվականի վիճակագրության համաձայն՝ Քարին տակ (Դաշալթի) գյուղի բնակչությունը 147 տուն էր՝ 823 բնակչով, իսկ 1886 թվականին՝ 165 տուն՝ 944 բնակչով[1]: Հոդվածագիրը նշում է, որ գյուղի բնակչությունը խաղաղասեր էր, հյուրասեր ու աշխատասեր, բայց՝ կոպիտ ու սնահավատ: Գ. Օսիպովը նկատում է, որ գյուղի բնակիչները զենք շատ են սիրել։

Գյուղում գործել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որն ունեցել է երկու հոգևորական:

Հոդվածագիրը նշում է, որ պատշաճ խնամքի և բուժօգնության բացակայության պատճառով գյուղում տարածված են եղել վարակիչ տարբեր հիվանդություններ։

Գյուղի տեսարժան վայրերից է հսկա քարանձավը: Հեղինակը գրում է, որ այդտեղ կարելի էր թաքցնել մի ամբողջ գյուղ։

Հերթական ականատես ժամանակակցի անաչառ ու ճշմարտապատում փաստագրումները վկայում են երկրամասում հայերի հնագույն ու տեղաբնիկ լինելու մասին, որոնց էթնիկ պատկերի վրա չեն ազդել նույնիսկ օտար տիրապետողները։

Քարինտակ գյուղը 2020 թվականից գտնվում է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ։

[1] 1886 թ. ընտանեկան ցուցակների համաձայն՝ 1886 թ.՝ 164 տուն՝ 906 բնակչով։ Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., издан по распоряжению Главноначальствующаго гражданскою частию на Кавказе Закавказским статистическим комитетом, Тифлис, Тип. И. Мартиросиянца, 1893, с. 269.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում