2025

Վարդաշենի հայկական պատմական բնակավայրերը․ Օթմանլու

Մինչև 1918 թվականը Օթմանլուն Վարդաշենի շրջանի (1989 թվականից` Օղուզ) հայաբնակ գյուղերից էր։ Գտնվում էր շրջկենտրոնից 8-9 կմ հարավ-արևմուտք, նշանավոր Ճալեթ գյուղից՝ 6 կմ հարավ: Գյուղի բնակիչներն այստեղ են տեղափոխվել Շաքիի շրջանի Պաշնճաղ գյուղից։

Նշանավոր եկեղեցական գործիչ և տեղագիր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի տեղեկությունների համաձայն` 19-րդ դարի կեսերին Օթմանլուն ունեցել է բացառապես հայերով բնակեցված 30 տուն: Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 25 տուն հայ բնակչություն` 112 բնակչով, 1908 թվականին՝ 203, 1914 թվականին՝ 126 հայ բնակչություն։

Օթմանլուն 1918 թվականի ամռանը ենթարկվել է թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակմանը և հայաթափվել է: Կոտորածներից մազապուրծ եղած գյուղացիները հետագայում բնակություն են հաստատել Ճալեթ գյուղում:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1980-ական թվականներին, գյուղատեղի հյուսիսային կողմում պահպանված են եղել 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մնացորդները: Բակում գտնվել է փոքրիկ գերեզմանոց, որտեղ հուղարկավորված են եղել տեղում պաշտոնավարած հոգևորականների մարմինները: Տապանաքարերը եղել են տեղաշարժված և կոտրատված վիճակում:

Ս. Կարապետյանը հրատարակել է այդտեղ պահպանված տեղի քահանա Մկրտիչ Տեր-Աստվածատրյանի տապանաքարի արձանագրությունը.    

«Այսմ տապան ամփոփի մարմին Մկրտիչ

քահանայի Տէր Աստուածատրեան,

ձեռնատրեալ 19 ապրելի 1870 թվիս

Սարգիս արքեպիսկոպոսէ

եւ վաղճանեալ է 1901 թ. փետրվարի 16-ի,

օվ որ կարդա ասէ Աստուած ողորմի»:

Արձանագրությունից ակնհայտ է դառնում, որ այդ ընթացքում Սուրբ Աստվածածինը գործող եկեղեցի է եղել:

Օթմանլուն այժմ անբնակ գյուղատեղի է։

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 376:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում