2025
1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթի ջարդերից հետո, Ադրբեջանում հակահայկական բռնությունների բարձրակետը եղավ 1990 թվականի հունվարին Բաքվի հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից հետո։ 1988 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մա'հ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք, կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը[1]։ 1988 թվականի մայիսից «Վարլըգ» կազմակերպության[2] ղեկավար Նեյմաթ Փանահովն[3] ստանձնեց Բաքվի հակահայկական հանրահավաքների կազմակերպումը[4]։ Ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող այս առաջնորդը ելույթներ էր ունենում՝ ասելով, որ եթե ադրբեջանցիները ցանկանան, ապա հայերի գլխից կպատրաստեն «երկրորդ Արարատը»[5]: Քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցան բռնությունների առանձին դեպքեր[6]։
Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում սկսվեց 1988 թվականի աշնանը: Նոյեմբերի 17-ից քաղաքում զանգվածային ցույցեր էին` ընդդեմ ԼՂԻՄ-ի նկատմամբ խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության[7]։ Իրավիճակի սրման առիթ հանդիսացան Շուշիի հարևանությամբ գտնվող «Խաչին տափ» (ադրբեջաներեն՝ «Թոփխանա») կոչվող տարածքում հայ փախստականների համար հանրակացարան կառուցելու մասին ծրագրի լուրերը[8]։ ԼՂԻՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին հրամայեց դադարեցնել շինարարությունը, սակայն հանրահավաքները Բաքվում շարունակվեցին: Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու, և հայտարարվեց արտակարգ դրություն[9]: Դեկտեմբերի 5-ին ամբոխը հարձակում գործեց պետական հիմնարկների, գործարանների և բնակարանների վրա: Հարձակման փորձեր իրականացվեցին զինվորական ստորաբաժանումների և առանձին զինծառայողների, ՆԳՆ շրջանային գրասենյակների և որսորդական խանութների վրա` զենք-զինամթերք խլելու նպատակով: Խորհրդային զինուժին հաջողվեց իրավիճակը հանդարտեցնել միայն օրվա վերջում[10]: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում տարածվեց 1989 թվականի հուլիս-օգոստոս[11], ապա` նոյեմբեր ամիսներին[12]:
Ադրբեջանում հայատյացության հրահրման հերթական առիթ հանդիսացավ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշված որոշմանը հաջորդեցին Բաքվի հայ բնակչության ջարդն ու վերջնական բռնագաղթը: 1990 թվականի հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի[13] կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մա՛հ հայերին» և «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները[14]: Հունվարի 12-ին Ժողովրդական ճակատը կազմակերպեց Ազգային պաշտպանության կոմիտե, որի նպատակն էր մոբիլիզացնել բնակչությանը՝ տեղի հայերին կոտորելու համար[15]։ Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ստացան: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 20-ին[16]: Քաղաքի գրեթե ողջ հայ բնակչությունը հարկադրված էր լքել Ադրբեջանի տարածքը` հիմնականում լաստանավերով տեղափոխվելով Թուրքմենստանի Կրասնովոդսկ[17] քաղաք:
Հունվարի 13-19-ը տեղի ունեցած Բաքվի, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջաններում հայ բնակչության ջարդերը նախապես ունեցել են կազմակերպված բնույթ: Մասնավորապես՝ ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրում, զանգվածային ցույցերի կազմակերպում, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմում, անհրաժեշտ գործիքների ու զենքերի պատրաստում և մատակարարում, ջարդարար խմբերի ձևավորում[18]: Ջարդերի ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն, ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն[19]: ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության զինվորականներն իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործվող հանցագործությունների մասին հաղորդումներին: Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է[20]: Կոտորածներից հետո չեն իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում: Մարդկային կորուստներից բացի՝ Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը կրեց նյութական մեծ վնասներ, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի գույքը:
Բաքվի հայ բնակչության ջարդերի ադրբեջանական շահարկումները
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու, որոնց հետ բախման արդյունքում ադրբեջանցիների շրջանում եղան զոհեր[21]: Բաքվի հայ բնակչության ջարդերի ադրբեջանական շահարկումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք, ըստ ադրբեջանական կողմի, ընթանում էին երկու հիմնական ուղղություններով։
Բաքվի հունվարյան իրադարձությունների շահարկումներում առանձնահատուկ ընդգծվում է, այսպես կոչված, «հայկական հետքը»: Այսպես՝ 1990 թվականի հունվարի 24-ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմում ունեցած ելույթում գրող Իսմայիլ Շիխլին հայտարարեց, որ Բաքվի իրադարձությունները նախապես մանրակրկիտ ձևով պատրաստվել և հրահրվել են հայերի կողմից[22]: «Հայկական սադրանքի» վարկածը ադրբեջանական շահարկումներում հիմնականում ուղղված էր ներքին լսարանին և միտված էր ադրբեջանական հասարակության շրջանում հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրելուն: Այդ նպատակով ամեն տարի հունվարի 20-ի վերաբերյալ լրատվական նյութերում, հարցազրույցներում մշտապես ընդգծվում է «հայերի մեղավորությունը»՝ ադրբեջանական հասարակության շրջանում հունվարի 20-ի իրադարձությունները մեծապես կապելով հայերի հետ:
Բաքվի հունվարյան իրադարձությունների ադրբեջանական շահարկումների կարևորագույն դրույթներից է «Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի ճնշումը»: Այդ ուղղությամբ քարոզչությունը հատկապես ակտիվացել է վերջին տարիներին, որի հասցեատերը հիմնականում արտաքին լսարանն է: Հունվարի 20-ը ներկայացվում է որպես խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից Ադրբեջանի անկախության և ադրբեջանցի ժողովրդի ազատության համար մղվող պայքարի ճնշման օր: Այս համատեքստում հայերը հիշատակվում են որպես սադրող ուժ` խորհրդային բանակի մուտքը Բաքու ապահովելու համար: Ադրբեջանական կողմը երբևէ չի հիշատակում հունվարի 20-ին նախորդող ժամանակահատվածում քաղաքում բնակվող հայ բնակչության ջարդերի կազմակերպումն ու իրագործումը:
Խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք չարժանացան իրավական և քաղաքական պատշաճ գնահատականի, հանգեցրին նրան, որ Ադրբեջանում հակահայկական նոր բռնությունների և հայատյացության հետագա ծավալման ալիք սկսվի:
[1] Обыкновенный геноцид, Геноцид длиною в век: Бакинская трагедия в свидетельствах очевидцев (книга первая), Ереван, Центр общественных связей и информации, 2016, с. 39, 123.
[2] 1988 թ․ ամռանը Բաքվում մի խումբ ադրբեջանցի մտավորականներ ստեղծում են «Բաքու քաղաքի գիտնականների ակումբը», որի հիման վրա ձևավորվեց Ժողովրդական ճակատի նախաձեռնողական խումբը։ 1988 թ․ հոկտեմբերին Ժողճակատի նախաձեռնողական խումբը միավորվում է «Վարլըգ» («Գոյություն») ազգայնական մտավորական խմբավորման հետ և ձևավորվում է «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցությունը. մանրամասն տե´ս Հայրապետյան Տ., «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության ձևավորումը և գործունեությունը (1988-1990 թթ․), Արևելագիտության հարցեր, N 7, 2014, էջ 140-144։
[3] Աղբյուրներում հանդիպում է նաև Փանահլի ազգանվամբ:
[4] Гребенников Е., Народный фронт азербайджана 1988-1989 гг.: Проблема объединения либерального и националистического направлений, Историческая и социально-образовательная мысль. Toм 8, N 5/2, 2016, с. 56-57; Обыкновенный геноцид, Геноцид длиною в век (книга первая), с. 39.
[5] Гребенников Е., Народный фронт азербайджана 1988- 1989 гг.: Проблема объединения либерального и националистического направлений, с. 56.
[6] Обыкновенный геноцид, Геноцид длиною в век: Бакинская трагедия в свидетельствах очевидцев (книга вторая), Ереван, Центр общественных связей и информации, 2017, с. 18, 24, 40, 176.
[7] Noble J., Kohn M., Danielle Systermans. Lonely Planet. Georgia, Armenia & Azerbaijan, 3rd Ed., London, Lonely Planet, 2008, p. 296.
[8] Зверев А., Этнические конфликты на Кавказе, 1988-1994, Contested Borders in the Caucasus, ed. Bruno Coppieters, VUB University Press, 1996․
[9] Նույն տեղում:
[10] Гуров В., Вооруженные силы СССР в армяно-азербайджанском (Карабахском) вооружённом конфликте (1988-1991 гг.), Известия Самарского научного центра Российской академии наук, т. 14, N 3, 2012, с. 111-112.
[11] Обыкновенный геноцид, Геноцид длиною в век (книга первая), с. 60, 129, 161.
[12] Նույն տեղում, с. 22, 39, 57, 85, 159.
[13] 1989 թ․ հուլիսին Ադրբեջանում ձևավորված Ժողովրդական ճակատը խիստ քննադատության ենթարկեց խորհդրային վարչակարգին՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահելու անկարողության համար։ Ընդդիմությունն ու դրա պահանջներն Ադրբեջանի խորհրդային վարչակարգն օգտագործեց Մոսկվայի վրա ճնշումներ գործադրելու համար. Зверев А., Этнические конфликты на Кавказе, 1988-1994։
[14] Обыкновенный геноцид, Геноцид длиною в век (книга первая), с. 13, 35, 98.
[15] Keller B., , Upheaval in the East Soviet Union: Force as a Last Resort: Armed Power Salvages Moscow's Facing Authority, “The New York Times”, 28 January 1990.
[16] Corbachev M., On my Country and the World, Foreword by Taubman W., 20th Anniversary Edition, United States of America, Columbia University Press, 2019, p. 96.
[17] Այժմ` Թուրքմենբաշի:
[18] Բաքվի ջարդերի մասին մանրամասն տե՛ս Մոսեսովա Ի., Հովնանյան Ա., Բաքվի ջարդերը. Պաշտոնական փաստաթղթեր, ականատեսների վկայություններ և այլ նյութեր 1990 թ. հունվարի 13-19-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ՝ անհրաժեշտ մեկնաբանություններով, Երևան, Նարեկացի, 1992.
[19] Human Rights Watch/Helsinki, Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan, p. 7, Մոսեսովա Ի., Հովնանյան Ա., Բաքվի ջարդերը, էջ 110; էջ 188, էջ 218; Обыкновенный геноцид, Геноцид длиною в век (книга первая), с. 152; Обыкновенный геноцид, Геноцид длиною в век (книга вторая), с. 13, 43.
[20] Բաքվի հայ բնակչության ջարդերի զոհերի թվաքանակը, ըստ տարբեր տվյալների, կազմել է 150-400 մարդ. Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта, Москва, Волшебный фонарь, 2009, с. 454; Մոսեսովա Ի., Հովնանյան Ա., Բաքվի ջարդերը, էջ 36; Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2011, էջ 514։
[21] Ըստ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Միխայիլ Գորբոչովի` հունվարի 19-20-ը Բաքվում Ժողճակատի և խորհրդային բանակի հետ ընդհարման հետևանքով սպանվել է 83 ադրբեջանցի. Corbachev M., On my Country and the World, p. 96: Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների` հունվարի 20-ի իրադարձությունների հետևանքով զոհերի թիվը կամզում է 147 մարդ։.
[22]Управление делами Президента Азербайджанской Республики, Обращения, Заявления, Мероприятия, Президентская Библиотека, Доклад заместителя Председателя Верховного Совета Азербайджанской Республики Афияддина Джалилова от 18 января 1994 года, с. 54․