2025

Միասնական այբուբենի ընդունման խնդիրը Թուրքիայի պանթյուրքական քաղաքականության համատեքստում

2024 թվականի նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 11-րդ գագաթնաժողովը, որտեղ Թուրքիայի նախաձեռնությամբ ընդունվեց կազմակերպության նոր դրոշը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը պետությունների ղեկավարներին նվիրեց հատուկ հուշադրամ[i], որի վրա գրված էր ռուսաստանցի թաթար մտավորական Իսմայիլ Գասպրինսկու հետևյալ հայտնի միտքը՝ պանթյուրքականության կարգախոսներից մեկը՝ «միասնություն լեզվով, մտքերով և գործերով»։

Ի․ Գասպրինսկին առաջիններից էր, որն առաջ քաշեց թյուրքախոս ժողովուրդների լեզվական միասնության գաղափարը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան թյուրքախոս երկրների հետ աշխատանքներ սկսեց միասնական այբուբենի ընդունման ուղղությամբ։ Առաջին քայլը 1991 թվականին Ստամբուլում կայացած Թյուրքական երկրների ժամանակակից այբուբեններին նվիրված սիմպոզիումն էր։ Քննարկվում էր, որ ընդհանուր այբուբենի հիմքում պետք է դնել թուրքական լատինատառ այբուբենը։

Թյուրքագիտական ուսումնասիրությունների իրականացման նպատակով 2012 թվականին Աստանայում հիմնադրվեց Թյուրքական ակադեմիան, որի գործունեության կարևոր մասն էր միասնական այբուբենի մշակումը։ ԹՊԿ-ի ստեղծումից հետո ակադեմիան անցավ նրա հովանու ներքո, իսկ միասնական այբուբենի մշակման աշխատանքները հանձնարարվեց Թյուրքական աշխարհի միասնական այբուբենի հանձնաժողովին։ 2024 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հանձնաժողովը, որն իր աշխատանքները համակարգել էր նաև «Աթաթյուրքի անվան մշակույթի, լեզվի և պատմության բարձրագույն հաստատության թուրքերենի ասոցիացիա»-ի հետ, հաստատեց միասնական թյուրքական այբուբենի վերաբերյալ հայտարարության տեքստը[ii]։ ԹՊԿ-ի կողմից հաստատվեց 34 տառից բաղկացած «Ընդհանուր թյուրքերեն այբուբեն», որը ներառում է թյուրքական լեզուների հնչյունական համակարգը, իսկ հիմքում դրված է թուրքերեն լատինատառ այբուբենը[iii]։

Թուրքական լատինատառ այբուբենն առաջինն ընդունել է Ադրբեջանը 1991 թվականի դեկտեմբերին։ 1993 թվականին Ուզբեկստանը հայտարարեց լատինատառ այբուբենի ընդունման մասին, սակայն փաստացի շարունակում է օգտագործել կիրիլիցան։ 1993 թվականին լատինատառ այբուբենին անցնելու մասին հայտարարեց նաև Թուրքմենստանը, որը գործնականում տեղի չունեցավ։ Կենտրոնական Ասիայի պետությունների համար, որտեղ մեծ է ռուսական մշակութային ու լեզվական ազդեցությունը, դժվարություն է ներկայացնում նոր այբուբենի ընդունումը։ Բացի այդ՝ թյուրքական լեզուներն ունեն իրենց առանձնահատկությունները։ 1995 թվականին Ուզբեկստանն ընդունեց 26 տառից բաղկացած լատինատառ այբուբեն, իսկ 1999 թվականին նման այբուբեն հաստատեց նաև Թուրքմենստանը։ 2000 թվականին Ադրբեջանում պաշտոնապես դադարեցվեց կիրիլիցայի կիրառումը։ Թյուրքախոս պետություններից միայն Ղրղզստանն է, որը շարունակում է օգտագործել կիրիլիցան։ Նման պայմաններում Թուրքիայի առաջնային նպատակներից է հասնել թյուրքական ընդհանուր այբուբենի ընդունմանը՝ թյուրքախոս բոլոր պետություններում։

Միասնական այբուբենի ընդունումից հետո Թուրքիան շեշտը դնում է միասնական կրթական ծրագրերի ընդունման վրա։ Այս ուղղությամբ արդեն զգալի աշխատանքներ են կատարվել․ մասնավորապես՝ Թյուրքական ակադեմիան հրատարակել է «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» և «Ընդհանուր թյուրքական գրականություն» դասագրքերը, որոնք ներառվել են Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կրթական ծրագրերում[iv]։

Այսպիսով՝ միասնական այբուբենի ընդունումը հիմք կհանդիսանա թյուրքական լեզուների միասնականացման համար և կխթանի թյուրքախոս պետությունների ինտեգրացիոն գործընթացները՝ նպաստելով Թուրքիայի պանթյուրքիստական ծրագրերի հետագա իրականացմանը։

[i] Amoyeva U., Doğan S., Памятная монета ОТГ отражает глубокие связи между тюркскими странами, 8.11.2024, Anadolu Ajansı․

[ii] Turkish academy approves 34-letter common Turkish alphabet, Sep 11, 2024, Daily Sabah.

[iii] Declaration on Common Turkic Alphabet, Baku, 11 September 2024․

[iv] Textbooks on "Common Turkic History", "Common Turkic Literature", "Geography of the Turkic World"․

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում