2025
Ղայաբաշին հայաբնակ գյուղ էր, որը գտնվում է Շաքի քաղաքից 60 կմ հարավ-արևելք: Գավառի հայաբնակ շատ այլ գյուղերի նման 18-րդ դարի կեսերին գյուղը Շաքիի Հաջի Չելեբի խանի վարած հայահալած քաղաքականության հետևանքով հայաթափվել է:
19-րդ դարի սկզբներին գյուղը վերաբնակեցվել է Պարսկահայքի Խոյ գավառից գաղթած հայերով: Այդ մասին արձանագրված է եղել գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատին ․
«Խոյեցիք, որ եկին յերկիրն Շաքի,
էր թվին Հայոց ՌՄԾԶ, եւ յամի
Տեառն 1807, եւ այս Ղայաբաշի
գիւղն գալն էր թվին Հայոց ՌՄՀԳ,
եւ յամի Տեառն 1824»:
1886 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 1438 բնակիչ: Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ուներ 226 տուն` հայ բնակիչներով (789 արական, 649 իգական): 1914 թվականի դրությամբ Ղայաբաշին ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 3138 բնակիչ:
Գյուղում գործել է արական մեկդասյա ուսումնարան` Սուրբ Ներսիսյան անունով: Ղայաբաշիի բնակչությունը կոտորվել է 1918 թվականին` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից:
Գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին չի պահպանվել: Այն նորոգվել էր 1830 թվականին, իսկ հետագայում` 1890 թվականին, հիմնանորոգվել էր: Այդ մասին փորագրված է եղել եկեղեցու պատին․
«Նորոգեցաւ արդեամբք ժողովրդոց
Ս. Ստեփաննոս եկեղեցիս Ղայաբաշի
գեղջ յամի Տեառն 1830, 10 ապրիլի»:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված է եղել գյուղի հայկական գերեզմանոցը: Նույն ժամանակ Ղայաբաշիի հարավային կողմում գտնվող դաշտաբերանին պահպանված էին «Շինատեղ» անունը կրող հին գյուղատեղի մնացորդները և հայկական հին գերեզմանոցը: Գյուղում ներկայումս հայկական հետքը ոչնչացված է։
Գյուղն այժմ էլ կոչվում է Ղայաբաշի և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997: