2025

Վարդաշենի հայկական պատմական բնակավայրերը․ Խոշկաշեն

Խոշկաշեն գյուղը գտնվում է շրջկենտրոն Վարդաշենից (1989 թվականից` Օղուզ) 34 կմ հարավ: Հայ մատենագրության մեջ Խուշփայշեն ձևով առաջին անգամ հիշատակվում է 1434 թվականին: Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառներից:

Հայտնի տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 77 տուն հայ բնակչություն` 490 բնակիչներով: 1908 թվականին Խոշկաշենի բնակիչների թիվը հասել էր 612-ի: 1914 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 1028 բնակիչ:

Խոշկաշենի բնակչությունը կոտորվել է 1918 թվականի ամռանը` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից: Հայաթափված գյուղում 1950-ական թվականներին բնակություն են հաստատել լեզգիներ:

Խոշկաշենի արևելյան թաղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել է 1887 թվականին՝ գյուղացիների միջոցներով: Եկեղեցու շինարարական արձանագրությունը հաղորդում է.

«Շինէցաւ Խոշկաշէնու գուղի

Սուրբ եկեղեցիս հասարակութեան

արդեամբն, 1887 ամի»:

(«Խոշկաշեն գյուղի Սուրբ եկեղեցին

կառուցվեց հասարակության ծախսերով, 1887 թ.»):

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելությունների ժամանակ՝ 1982–1986 թվականներին, պահպանված են եղել գյուղի հայկական երկու գերեզմանոցները, ուր գտնվել են 19–20-րդ դարերի 21 արձանագիր տապանաքարեր:

Գյուղի արևելյան կողմում՝ անտառածածկ սարալանջին, պահպանված է եղել նաև Սուրբ. Եղիշե Առաքյալ վանական համալիրը, որի եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է եղել․

«Ի Քրիստոս Յիսուս յիշեալ մաղթեմ

զՎլաս վարդապետս, ՌՃԼԱ (1682)»:

(«Աղաչում եմ Վլաս վարդապետին հիշել՝

Ի Հիսուս Քրիստոս, ՌՃԼԱ (1682)»:

Իսկ եկեղեցուն կից գավթում գտնվել է Հովհաննես վարդապետի տապանաքարը՝ հետևյալ մակագրոււթյամբ․

«Հանգիստ Յովհաննէս վարդապետին

Պաշնճաղցի, ՌՃԾԵ (1706)»:

(«[Այս է] Պաշնճաղցի Հովհաննես վարդապետի

գերեզմանը, ՌՃԾԵ (1706)»):

Գյուղն այժմ կոչվում է Ղարաբուլաղ (ադրբ.` Qarabulaq) և լեզգիաբնակ է:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, կազմեց՝ Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 439:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում