2025

Համակարգված հակաֆրանսիական քարոզչությունն Ադրբեջանում

Վերջին տարիներին, պայմանավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմամբ և Ադրբեջանի հասցեին Ֆրանսիայի հստակ քննադատություններով, Բաքուն տարբեր հարթակներով համակարգված քարոզչական արշավ է իրականացնում Փարիզի դեմ։ Այն բազմաշերտ է և ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն․

  • Հայ-ֆրանսիական հարաբերությունների թիրախավորում և Ֆրանսիայի հասցեին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու մեղադրանքներ։
  • Ֆրանսիայի հասցեին գաղութային քաղաքականություն վարելու և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներ:

Հակաֆրանսիական քարոզչությունն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով և հստակ ծրագրով, որի առաջնային «առիթը» Հարավային Կովկասում Ֆրանսիայի վարած քաղաքականությունն է։ Այդ շրջանակներում Ադրբեջանը Փարիզի դեմ հետևյալ քարոզչական թեզերն  է տարածում (1,2,3,4

  • «Ֆրանսիան զինում է Հայաստանին և պատրաստում Ադրբեջանի դեմ սադրանքի։
  • Ֆրանսիան ապակայունացնում է Հարավային Կովկասը։
  • Փարիզը միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ է գործում»։

Հաջորդ ուղղությունն, այսպես կոչված, «Ֆրանսիայի գաղութային քաղաքականության դեմ պայքարն է»։ Այս գործում Ադրբեջանն օգտվել է նաև «Չմիավորման» շարժման իր նախագահությունից։

2023 թվականի հուլիսին Բաքվում՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակներում, կազմակերպվել է «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» խորագրով միջոցառում, որտեղ հայտարարվել է «ֆրանսիական գաղութարարության դեմ պայքարի Բաքվի նախաձեռնությունների խմբի» ձևավորման մասին։ Կազմավորումից ի վեր խումբը զբաղվում է հակաֆրանսիական տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որոնց ներգրավվել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքների, աֆրիկյան երկրների տարբեր ակտիվիստական շարժումների, պետական կառույցների ներկայացուցիչներ:

«Նեոգաղութատիրության» թեման իր ելույթների օրակարգում է ներառել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հատկապես՝ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ «Չմիավորման շարժման մեր նախագահության օրոք մեր առաջնահերթությունների թվում է եղել նեոգաղութատիրության դեմ պայքարը։ Մեր արտաքին քաղաքականության ուղղություններում այս ոլորտն ունի առանձահատուկ նշանակություն»,- 2024 թվականի ապրիլին Կոնգոյի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը։

«Նեոգաղութատիրությունից» բացի՝ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է նաև մարդու իրավունքների խախտումների մեջ՝ այն դեպքում, երբ Բաքուն այդ ուղղությամբ միջազգային ինստիտուտների դասակարգային աղյուսակների ամենավերջին հորիզոնականներում է գտնվում։

Ըստ էության՝ Ադրբեջանի հանդեպ Ֆրանսիայի արդարացի դիրքորոշումից վրդովված՝ Բաքուն զգալի գումարներ է ներդնում Ֆրանսիայի համար տարբեր օջախներում խնդիրներ ստեղծելու համար։ Այդ քաղաքականության մեջ Ադրբեջանը դիրքավորվել է որպես «օկուպացիայից կեղեքված երկիր», որը ցանկանում է աջակցել «ազատության ձգտող ժողովուրդներին» և «առաջամարտիկ» է այդ հարցում։ Ադրբեջանն այնքան է հեռուն գնացել, որ դուրս է եկել մամուլում քարոզչության սահմաններից ու անցել է նաև գետնի վրա գործնական քայլերի, ինչպես օրինակ՝ ցույցերի հրահրումն է։

Հատկանշական է նաև, որ, Նիդերլանդների կողմից հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչերի ֆոնին, նույն սկզբունքով Ադրբեջանում ակտիվացել է նաև հականիդերլանդական քարոզչությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում