2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։  Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։

Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։

Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։

Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։

Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։

Վրաստանում ապրող ադրբեջանցի վերլուծաբան Քամրան Մամադովը նշել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ավելի լավ վերահսկողություն ուներ և օտարերկրյա օգնության կարիք չուներ։

Փաստորեն, Ադրբեջանն անուղղակի դերակատարություն ունի Քվեմո Քարթլիում ընտրությունների գործում։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՄԱՇ»-ի թեկնածուն Ահմադ Իմամգուլիևն էր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Թամազ Նավերիանին։ Ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության անդամներից մեկն այցելել էին Մառնեուլի, հանդիպել տեղացիների հետ։ Այն ժամանակ Նավերիանին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ այցելությունը վկայում է, որ վերջիններս սատարում են իրեն և «Վրացական երազանք»-ին։ Դեսպանի և նախարարի այցելությունից հետո տեղի ադրբեջանցիների հետ հանդիպել էին նաև SOCAR-ի ներկայացուցիչները։

Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը սատարում էր ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ «ՄԱՇ»-ի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր։ Ընտրություններից 5 օր առաջ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Մառնեուլի։ Այդ ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ 2016 թվականի նման ադրբեջանական կողմը կարող է ներգրավված լինել ընտրական գործընթացին։

2019 թվականի ապրիլին՝ ՏԻՄ ընտրություններից 1 ամիս առաջ, Մառնեուլի էին այցելել ադրբեջանական և վրացական կառավարությունների անդամներ, Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանը։ Առիթն «Ինտեգրացիոն կենտրոն»-ի բացումն էր, սակայն, մի քանի օր անց, ադրբեջանական մեդիան հրապարակել էր Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի սատարման մասին։ Ադրբեջանական կողմը հերքել էր ընտրություններին ներգրավված լինելու մասին պնդումները, սակայն տեղի ակտիվիստները շեշտում էին, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի այդ շրջանում դարձել է համակարգի մի մաս։

Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ Մառնեուլիում էր նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այս անգամ գազաֆիկացման նախագծերին ծանոթանալն էր։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Աբդուլաևը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միասին ներկա էին Մառնեուլիի գյուղերից մեկում մարզահամալիրի բացման արարողությանը։ Այստեղ Ղարիբաշվիլին շեշտել էր, որ «Ադրբեջանը լոկ հարևան երկիր չէ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր նախագծեր ենք իրականացնում»։ Ի․ Ղարիբաշվիլին շնորհակալություն էր հայտնել SOCAR-ին՝ արդյունավետ համագործակցության համար։

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հանդիպումներն, իրենց պաշտոնական պարզաբանումներով հանդերձ, իրականացվել են հենց նախընտրական շրջանում։ Վրաստանում SOCAR-ի աջակցությամբ նոր ենթակառուցվածքների շահագործումը, նախագծերին ծանոթանալը նույնպես համընկել են ընտրական գործընթացների հետ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում