2025
Լուսանկարում՝ Պարտավի կամուրջը
«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1893 թվականի համարում[1] Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի Կասապետ գյուղի դպրոցի տեսուչ Գ. Օսիպովը գրել է հոդված գավառի Բարդա (Барда) գյուղի մասին։
Ըստ հոդվածագրի՝ գյուղի Բարդա անվանումը բնակչության շրջանում բացատրվում է «բիր-դիա», այսինքն՝ «մեկ անգամ էլ, նորից, կրկին»։ Այնուհետև հեղինակը «Պատմական հուշարձաններ․ Բարդայի կործանման մասին ավանդությունը» վերնագրի տակ նշում է, որ այն հնում կոչվել է Պարտավ[2]: Սրանով, թերևս, հերքվում է բնակավայրի անվանման թյուրքական ծագումը։
Գ. Օսիպովը նշում է նաև, որ քաղաքն աղվանական թագավորության մայրաքաղաքն է եղել։ Հնագույն քաղաքի մնացորդներից հիշատակում է «Իմամ» կոչվող աղոթատեղին։ Նա գրում է, որ, ըստ տեղի հայերի պատմածի, «Իմամ»-ը եկեղեցի էր, սակայն թաթարներն այն վերածել են մզկիթի, իսկ գրություններն ու ներսի պատերի սրբերի պատկերները՝ ոչնչացրել։ Հեղինակը նկատում է, որ Իմամ մզկիթն իր ներքին կառուցվածքով և ճարտարապետությամբ նման է հին հայկական եկեղեցու, թեև թաթարները պատմում են, որ այստեղ են գտնվում սուրբ Իմամ Ալիի որդու մասունքները, որոնք Փանահ խանը տեղափոխել է Պարսկաստանից։ Ըստ նրանց՝ մզկիթը կառուցվել է ամփոփված մասունքների տեղում։
Այս փաստերը ևս վկայում են Պարտավում հայկական հետքի մասին։
Այժմ ևս կոչվում է Բարդա․ Ադրբեջանի Հանրապետության Բարդայի շրջանի վարչական կենտրոնն է։
[1] Сборник материалов для описания местностей и племен Кавказа պարբերական, 1893 թվական, թողարկում 17-րդ։
[2] Խմբ․՝ 701 թվականին ստեղծվում է Արաբական խալիֆայության Արմինիա վարչական միավորը (Հայաստան, Վիրք, Բուն Աղվանք, Մերձկասպյան շրջաններ), որի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ 8-րդ դարի վերջերին՝ Պարտավը։