2025
ԽՍՀՄ կազմում խորհրդային միութենական հանրապետությունների և ԽՍՀՄ Սահմանադրությամբ նախատեսված ազգային–տարածքային այլ կազմավորումների կարգավիճակի հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ խորհրդային ժամանակաշրջանի պատմության հետազոտողների համար։ Հիմնախնդրի արդիականությունը պայմանավորված է նաև նրանով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության ինքնորոշման իրավունքը լիարժեքորեն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հռչակման պահին երկրամասը գրեթե ամբողջությամբ (ավելի քան 90%-ով) բնակեցված էր հայերով, և արցախահայությունը խորհրդային ողջ ժամանակաշրջանում օգտվեց մարզի ինքնավար կարգավիճակից, որը պաշտոնապես ամրագրված էր ոչ միայն կուսակցական և խորհրդային գործադիր իշխանությունների որոշումներով, այլև 1924 թվականի ԼՂԻՄ Սահմանադրության (Կանոնադրության) մեջ՝ հաստատված Խորհրդային Ադրբեջանի կողմից։
1917 թվականին՝ Ռուսաստանյան կայսրության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղը (առանց հստակ սահմանների) «դեֆակտո ներկայանում էր իբրև սուվերեն պետական կազմավորում»[1] և կառավարվում էր ազգային ղեկավար մարմինների կողմից։ 1920 թվականին՝ երկրամասի խորհրդայնացումից հետո, տարածաշրջանի կուսակցական ղեկավար մարմնի՝ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի (Կավբյուրո) 1921 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և նրան տրվում է «մարզային լայն ինքնավարություն»[2]։ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, սակայն, չէին շտապում կյանքի կոչել որոշումը, որպեսզի հետագայում երկրամասը տարրալուծեին Ադրբեջանական ԽՍՀ վարչական այլ միավորների մեջ: Ադրբեջանի Կ(բ)Կ կենտկոմի կազմբյուրոյի և քաղբյուրոյի 1921 թվականի սեպտեմբերի 26-ի նիստում, որը նախագահում էր կենտկոմի քարտուղար Սերգեյ Կիրովը, որոշվում է. «խնդրել Կավբյուրոին, որպեսզի վերանայի Լեռնային Ղարաբաղն առանձնացնելու մասին իր որոշումը, իսկ մինչ այդ՝ ինքնավարություն չառանձնացնել»[3]: Սակայն, Խորհրդային Հայաստանի և Անդրդաշնության փաստացի ղեկավար, Անդրերկրկոմի քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյանի հաստատակամ և հետևողական ջանքերի շնորհիվ Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն ստիպված էին երկու տարվա համառ դիմադրությունից հետո նահանջել և Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարություն: 1923 թվականի հուլիսի 1-ին Ադրբեջանի Կ(բ)Կ կենտկոմի նախագահությունը Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմին (Ադրկենտգործկոմ) առաջարկում է հռչակել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը և ստեղծել «Ղարաբաղի ինքնավար մարզ»[4]: Հուլիսի 4–ին Ադրկենտգործկոմի նախագահությունը ընդունում է համապատասխան որոշում, որի արդյունքում էլ 1923 թվականի հուլիսի 7-ին լույս է տեսնում «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» (ԼՂԻՄ, ռուսերեն՝ «Автономная область Нагорного Карабаха» (АОНК))[5] կազմավորելու մասին Ադրկենտգործկոմի դեկրետը: Հրամանագրում նշվում է. «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից կազմել ինքնավար մարզ՝ որպես ԱդրԽՍՀ անբաժանելի մաս...»։ Մարզի կանոնադրությունը մշակելու, նրան վարչական միավորները փաստացի հանձնելու, ինքնավար մարզի սահմանները որոշելու համար ստեղծվելու էր հատուկ հանձնաժողով:
Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար մարզ առանձնացնելու և նրա տարածքն ու վարչական սահմանները որոշելու գործընթացին զուգահեռ ընթացան ԼՂԻՄ-ի Սահմանադրության (Կանոնադրության) ստեղծման աշխատանքները: Հատուկ հանձնաժողովի կողմից պատրաստված Սահմանադրությունը հաստատվեց Ադրբեջանի Կ(բ)Կ կենտկոմի նախագահության 1924 թվականի հուլիսի 3-ի նիստում։ Ադրկենտգործկոմի նախագահությանն առաջարկվեց «նախագիծը շտապ իրականացնել խորհրդային կարգով և հրապարակել Սահմանադրությունը թյուրքերենով, հայերենով և ռուսերենով»[6]: Այսպիսով՝ հռչակվում է «Ինքնավար Շրջան Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը»։
ԼՂԻՄ Սահմանադրությունը բաղկացած էր 4 բաժիններից, ընդհանուր՝ 17 հոդվածներով։ Համաձայն Սահմանադրության՝ գործավարությունը, դատավարությունն ու ուսուցումը դպրոցներում Ինքնավար Լեռնային Ղարաբաղում կատարվում է մայրենի լեզվով, և Ինքնավար Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի ՍԽՀ հանրապետական բոլոր մարմիններում` համեմատական չափի սկզբունքով: Սահմանվում են մարզում ընդգրկված գավառները, քաղաքներն ու գյուղերը, այսինքն՝ տարածքային-վարչական սահմանները: Մարզի ղեկավար մարմիններն էին Խորհուրդների համագումարը, Կենտրոնական գործադիր կոմիտեն և տեղական խորհուրդները: Ընտրվում էր նաև Ժողովրդական կոմիսարների խորհուրդ, որը կենտրոնացնում էր շրջանի կառավարման գործը։ Հաստատվում էր Ինքնավար շրջանի Ժողովրդական կոմիսարիատների և իշխանության տեղական մարմինների կառուցվածքը։
ԼՂԻՄ-ի Սահմանադրությամբ ամրագրված ինքնավար մարզի կարգավիճակը, որը պահպանվեց խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում, հնարավորություն տվեց արցախահայությանը խորհրդային տարիներին դիմակայել Ադրբեջանի սադրանքներին և ազգային խտրականության քաղաքականությանը, չլքել հարազատ օջախները: Դրա շնորհիվ էր նաև, որ երկրամասի հայերը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, «միջազգային իրավունքի բոլոր նորմերին և ԽՍՀՄ գործող օրենքներին համապատասխան, իրացրին ինքնորոշման իրենց իրավունքը[7]։
Այսպիսով՝ ԽՍՀՄ կազմում ԼՂԻՄ-ն ուներ Խորհրդային Ադրբեջանի կողմից հաստատված Սահմանադրություն, նրանով ճանաչված ինքնավարություն, հաստատված վարչատարածքային սահմաններ, բարձրագույն և տեղական իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններ։ ԼՂԻՄ-ի Սահմանադրությունը պաշտոնապես գործել է մինչև 1929 թվականը, երբ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից այն ապօրինաբար չեղյալ համարվեց:
[1] Манасян А., Карабахский конфликт: Ключевые понятия и хроника, Е., 2005, с. 161.
[2] Нагорный Карабах в 1918–1923 гг.: Сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Е., 1992, с. 650.
[3] К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайджанской ССР․ 1918-1925: Документы и материалы. Баку, 1989, с. 96-97.
[4] Նույն տեղում, էջ 149-150:
[5] 1936 թ. ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրությամբ մարզը «АОНК»-ից վերանվանվեց «НКАО»-ի՝ «Нагорно-Карабахская автономная область».
[6] К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайджанской ССР․ 1918-1925: Документы и материалы. Баку, 1989, с.248-249․
[7] Мелконян А.А., Хачатрян К.Г., Крючков И.В. Проблемы советского национально-государственного строительства (историко-критический анализ на примере Армении) // Oriental Studies, 2023, т. 16, № 2, с. 348.