2025

Բնիկ ժողովուրդների շարունակական անհետացումն Ադրբեջանի էթնիկ քարտեզից

Ադրբեջանի Ասթարա քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Սարակ գյուղում ապրող չարոժ ինքնանվանումով թալիշական ցեղի մասին առաջին տեղեկությունները հայտնել է խորհրդային իրանագետ Բորիս Միլլերը 1926 թվականին։ Վերջինս գյուղն անվանել է Սարախ, որի բնակիչները՝ չարոժները, սուննի թալիշներ են և այստեղ են տեղափոխվել Իրանի Թալիշ Դուլաբ շրջանից։ Չարոժները գյուղն անվանում են Սակ։ Միլլերը նշում է, որ չարոժները թյուրքերեն չէին հասկանում և չէին խոսում, ավելին՝ ցանկություն չունեին սովորելու։ Թալիշական այս ցեղն առանձնացել է հատկապես իր ուրույն տեղական հավատալիքներով, ավանդույթներով և հպարտորեն կրել է նախնիներից ժառանգած մշակույթը։ Ըստ չարոժների մեջ տարածված ավանդության՝ առաջին չարոժները գաղթել են Իրանից 19-րդ դարի սկզբին և բնակություն են հաստատել այդ տարածքներում։ 

Գյուղն այսօր հայտնի է Սարակ անվամբ։ 1915 թվականի մարդահամարի տվյալներով Սարակում ապրել է 267 չարոժ։ 1999-2000 թվականներին տեղում ուսումնասիրություններ է կատարել գիտնականների մի խումբ, որի գործունեությանը նպաստել է նաև ադրբեջանաբնակ թալիշ գործիչ, լեզվաբան, «Թալիշական մշակույթի կենտրոն»-ի ղեկավար, «Թալիշստանի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզ Ալի Մամեդովը (վերջինս 2009 թվականին Բաքվի իշխանությունների կողմից սպանվել է բանտում)։ Այս ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Սարակի չարոժ բնակչությունը նվազել է՝ պարտադրվող թյուրքախոսության ճնշումների ազդեցությամբ։ Ավանդապաշտ չարոժների բարբառի և մշակույթի պահպանմանն օժանդակող պետական ոչ մի ծրագիր ոչ միայն չի իրակականացվում, այլև ստեղծվում են բոլոր պայմանները՝ նրանց ադրբեջանականացման համար։

Գրականություն

Б. В. Миллер. Предварительний отчет о поездке в талыш летом. Баку. 1926.

Sociolinguistic Situation of the Talysh in Azerbaijan by John Clifton, Calvin Tiessen, Gabriela Deckinga, Laura Lucht. SIL International. 2005․

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում