2025

Շաքիի հայկական պատմական բնակավայրերը․ Դաշբուլաղ

Դաշբուլաղը Շաքիի շրջանի հայաբնակ և մարդաշատ գյուղերից մեկն էր: Գտնվում է Շաքի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք:

19-րդ դարի կեսերին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 150 տուն բնակչություն: 1874 թվականին գյուղում արդեն բնակվում էր 1914 մարդ՝ բացառապես հայեր: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 19-րդ դարի վերջերին, գյուղում արդեն կար 200 տուն` 1355 հայ բնակչությամբ: 1914 թվականին գյուղն ուներ 2630 բնակիչ: Դաշբուլաղի բնակչությունը կոտորվել է 1918 թվականին` երկրամաս ներխուժած թուրքական զորքերի և մուսավաթականների կողմից:

Դաշբուլաղի գյուղամիջում եղել է Սուրբ Գևորգ անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Այն կառուցվել է 1828 թվականին։ Դրա վկայությունն է շինարարական արձանագրությունը.

«Յիշատակարան շինութեան Սուրբ

Գէորգայ եկեղեցւոյս ի հասարակ

ժողովրդոց Դաշբուլաղու, ՌՄՀԷ (1828)»:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված է եղել գյուղի հայկական գերեզմանոցը` 19-20-րդ դարերի արձանագիր տապանաքարերով: Մակար Բարխուտարյանցը ժամանակին ընդօրինակել է այստեղ թաղված Արցախի Ջրաբերդ գավառի Մելիք-Առուստամի (Մելիք-Ալլահվերդյանի) տապանաքարի արձանագրությունը.

«Այս է տապան Չարաբերդցի Մելիք Առստամին»:

Գյուղն այժմ ադրբեջանաբնակ է և միավորված է Ղարադաղլիի տնտեսության հետ:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում