2025

Շաքիի հայկական պատմական բնակավայրերը․ Քիշ

Քիշ գյուղը Շաքիի շրջանի պատմական հայկական բնակավայրերից էր: Գտնվում է Շաքի քաղաքից 5 կմ հյուսիս: Գյուղի հայ բնակչությունը XVIII դարի կեսերին, տեղի տալով Շաքիի Հաջի Չելեբի խանի կրոնական հալածանքներին, ընդունել է մահմեդականություն:

Դեռևս XIX դարի վերջերին Քիշի բնակիչների շրջանում պահպանվել էին աղավաղված հայկական որոշ անուն-ազգանուններ, ինչպես օրինակ՝ «Սարգիս օղլի, Կարապետ օղլի, Ավանես օղլի և այլն…»:

Քիշի գյուղամիջում կանգուն է Սուրբ Եղիշե Առաքյալ գմբեթավոր եկեղեցին, որը կառուցվել է 1244 թվականին: Եկեղեցին կանգուն է մնացել ադրբեջանցիների կողմից «ուդիական» հռչակվելու շնորհիվ։ 2003 թվականին այն վերածվել է թանգարանի, որտեղ ցուցադրվում են տեղում պեղված հնագիտական նյութերը:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրապարակել է եկեղեցու շրջապարսպի մեջ պահպանված այս միակ արձանագրությունը.

«Այս պատի 17 գազ տեղն շինուած է

Ծախիւք նուխեցի Մկրտիչի Մսիրեանց,

Ի յիշատակ իւր եւ ծնողաց,

Ի յուլիսի 1865»:

(Այս պատի 17 գազ (չափմանմիավոր) տեղը շինվել է

Նուխեցի Մկրտիչ Մսիրյանցի ծախսերով

Իր և իր ծնողների հիշատակին

Հուլիս 1865)

2000 թվականին Քիշ է այցելել նորվեգացի նշանավոր ճանապարհորդ, ազգագրագետ և գրող Թուր Հեյերդալը, որի կիսանդրին կանգնեցված է եկեղեցու առջև:

Գյուղը ներկայումս էլ կոչվում է Քիշ և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում