2024
Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
«Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։
Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են ստացել ականային ահաբեկչության մասին, որը մինչ օրս շարունակվում է Ադրբեջանում»։
Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը հետևողականորեն կիրառվում է պետական մակարդակով՝ միջազգային հարթակներում ու երկկողմ հանդիպումներում դառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արծարծվող պարտադիր թեմաներից մեկը։ Իրականում այն միտված չէ հումանիտար որևէ խնդիր լուծելուն։ Ընդհակառակը՝ հանցավոր իր գործողությունները թաքցնելով «հումանիտար» քողի տակ՝ Ադրբեջանը նման միջոցառումներով փորձում է հարցին անտեղյակ օտարերկրացիներին ականների թեման ներկայացնել իբրև խնդիր` Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու նպատակով։
Այս համատեքստում Բաքուն իրեն ներկայացնում է որպես հակամարտության զոհ՝ դրանով շեղելով միջազգային հանրության ուշադրությունն արցախահայության դեմ իրականացրած հանցագործություններից։
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի նման գործելաոճը և հրավիրում է միջազգային գործընկերների ուշադրությունը Բաքվի համակարգված ագրեսիվ քաղաքականության վրա, որի բաղադրիչներից մեկն է նաև ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը։