2024
11-րդ դարում Կովկասի, Հայկական լեռնաշխարհի, Հյուսիսային Իրանի, Փոքր Ասիայի էթնիկ, լեզվական և մշակութային պատկերի մեջ հայտնվեց թյուրքական տարրը։ Թյուրքերը քոչվորական կացութաձևով հայտնվեցին այդ տարածքներում և որպես վարձկաններ՝ մասնակցում էին պատերազմներին։ Թյուրքերի մասին ավելի վաղ հիշատակությունները վերաբերում են Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանին, երբ նրանք ներգրավված էին արաբական բանակում։
Թյուրքախոս ցեղերի մասին վաղ վկայություն է Մահմուդ Քաշղարիի «Թյուրքական բարբառների ամփոփում» (“Dîwân Lughât at-Turk”) աշխատությունը։ Քաշղարին ապրել և ստեղծագործել է 11-րդ դարում։ Պատմաբանները համարում են, որ նա «տեղացի, այսինքն՝ թյուրքական ծագումով» հեղինակ է, և նրա թողած 7500 բառահոդված ունեցող աշխատանքը կարևոր տեղեկություններ է հաղորդում թյուրքական աշխարհի մասին։ Այս աշխատությունում Մահմուդ Քաշղարին վկայաբերում է մի հադիս (Մուհամմեդ մարգարեի պատումները)․ «Աստված ասաց․ «Ես ունեմ մի բանակ, որին անվանել եմ «թուրք» և բնակեցրել Արևելքում։ Երբ ես բարկանում եմ որևէ ժողովրդի վրա, նրանց դեմ ուղարկում եմ թուրքերին»»։
Այս հադիսը վառ օրինակ է այն մասին, որ օղուզական-թյուրքական ինքնագիտակցության մեջ «նվաճողի, հարձակվողի» կերպարը սերմանվել և վավերականացվել է պատմականորեն։