2024
Իրանական հոգևոր արժեքներով, մշակութային ավանդույթներով և հավաքական հիշողությամբ Ատրպատականում ապրող բնակչությունն այսօր մեծամասամբ թյուրքախոս է։
Սակայն, մինչ թյուրքախոսության տարածումն, այս բնակչությունը խոսում էր իրանական ազարի կոչվող լեզվով։ Ազարիով կամ իրանական տեղական բարբառներով գրված չափածո ստեղծագործությունների լիակատար ժողովածուները կարևոր վկայություն են Ատրպատականի իրանականության, իրանախոսության և հետագայում՝ երկրորդական կարգավիճակով այդտեղ տարածում գտած թյուրքախոսության մասին։ Ատրպատականում ապրող ստեղծագործողների թողած միջբարբառային տարբերություններով չափածո ստեղծագործությունները մաս են կազմում մշակութային այն շերտի, որը ցույց է տալիս Ատրպատականի իրանական իրական պատկերը։ Հարկ է նշել, որ ազարի իրանական լեզվանունն Ատրպատական անվան ածականական ձևն է և ծագումնաբանորեն կապ չունի թյուրքական այն լեզվի հետ, որն այժմ տարածված է Ատրպատականում և ներկայիս Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական լեզուն է։ Եվ թյուրքական այդ լեզուն ազերի (ազարի լեզվանվան թյուրքական արտասանությունը) անվամբ շրջանառելը վկայում է եզրույթի երկրորդական օգտագործման երևույթի մասին, երբ եկվոր լեզուն յուրացրել է արդեն ճանաչված լեզվանունը։
Ազարի իրանական լեզվի բուն բնագրային վկայություններից բացի՝ Ատրպատականի իրանականությունը վկայող կարևոր փաստեր են նաև տեղանունները, որոնք հազարամյակների ընթացքում մնացել են նույնը՝ անգամ եթե տվյալ տարածքի բնակչությունը փոխել է իր լեզուն, կրոնն ու ժողովրդագրական պատկերը։
10-րդ դարի հեղինակ Իբն Խորդադբեն առաջիններից է, որի հիշատակություններում հանդիպում ենք Ատրպատականի քաղաքների և գավառների անունների համալրված շարքին։ Դրանց մեծ մասն այսօր անփոփոխ պահպանվել են և թյուրքական որևէ տարր չեն պարունակում՝ Մարաղե, Միյանաջ, Արդաբիլ, Վարսան, Սեյսար, Բարզե, Սաբորխասթ, Թաբրիզ, Մարանդ, Խոյ, Քուլսարե, Մուղան, Բարզանդ, Ջ/Գանզե, Ջ/Գաբրավան, Նարիր/զ, Ուրմիյե, Սալմաս/տ, Շիզ, Բաջ/գրավան, Սալաղ, Սանդբայա, Բազզ, Սարաբ, Դասքիվար և այլն[1]։
Վերադառնալով Ատրապատականում խոսվող լեզվի հարցին՝ նշենք, որ այն չափածո ստեղծագործությունների միջոցով ավանդվել է 13-րդ դարից։ Դրանց մի մասը պարսկականացված է, այսինքն՝ հագեցած է պարսկերեն բառապաշարով, մյուս մասը՝ մաքուր տեղական բարբառներով է գրված և դժվար վերծանելի է։ Այդ բանաստեղծությունները գրել են հայտնի և անհայտ հեղինակներ։
Լավագույն օրինակներից մեկը, որ ցույց է տալիս ոչ միայն Ատրպատականում, այլև՝ Առանում և Շիրվանում իրանականության ներկայությունը, «Nuzhat al-Majālis» ժողովածուն է: Այս գրքում Ատրպատականում, Առանի և Շիրվանի տարածքում ապրած 114 պարսկախոս բանաստեղծների ստեղծագործություններ են ներառված։ Բանաստեղծությունները գրված են կա՛մ պարսկերեն, կա՛մ՝ տեղական իրանական բարբառներով: Նախաբանում կարդում ենք, որ իրանցի այս բանաստեղծների քառյակները երգվել են սուֆիական հավաքատեղիներում, շուկաներում, հասարակական վայրերում և այլն։ Հետևաբար՝ պարսկերենն ու իրանական տեղական բարբառները այն ժամանակ Առանի և Շիրվանի բնակչության ընդհանուր և ամենօրյա լեզուն էին: Գրքում ներառված են նաև կին բանաստեղծների ստեղծագործություններ։ Պետք է նշել, որ կանայք, որոնք սովորաբար կրթություն չէին ստանում, գրել են պարսկերեն, այսինքն՝ իրենց առօրյայում օգտագործվող լեզվով։ Գիրքը գրվել է 1290-ականներին և ներառում է 11-13-րդ դարերում ապրած հեղինակների ստեղծագործությունները։ Այս ժողովածուն այդ ժամանակաշրջանի Առանի և Շիրվանի մշակույթի հայելին է և վկայում է, որ տարածքի բնակչությունն իրանախոս էր և մաս էր կազմում իրանական մշակութային միջավայրին։ Գրքում միայն 24 բանաստեղծ Գանձակից են։ Նշենք, որ տվյալ տարածքում և այդ ժամանակաշրջանում թյուրքերենով գրված և «Nuzhat al-Majālis» ժողովածուի նման մեկ այլ գիրք հայտնի չէ։ Ինչպես նշում է ժողովածուն հետազոտող իրանցի հայտնի գիտնական Մոհամմադ Ամին Ռիահին, որը ծնունդով Իրանի Խոյ քաղաքից էր. ««Nuzhat al-Majālis»-ը [Ատրպատականում, Առանում և Շիրվանում] ժամանակի հասարակական իրավիճակի արտացոլումն է, որը ցույց է տալիս պարսկերենի և իրանական մշակույթի տարածվածությունը։ Բանաստեղծությունների մեջ պարսկերեն խոսակցական արտահայտությունների, որոշ բանաստեղծների մասնագիտությունների անունների օգտագործումը վկայում է տարածքում այդ լեզվի լավ իմացության մասին։ Այս ժողովածուի բանաստեղծություններում հստակ նկատվում է հյուսիսարևմտաիրանական մի լեզվի ազդեցությունը, որի բարբառները տարածված են եղել տարածքում»[2]։
Ներկայիս օղուզական թյուրքերենը, որով խոսում են Ատպատականում և Ադրբեջանի Հանրապետությունում, տարածաշրջան մուտք է գործել սելջուկների արշավանքների հետ և շարունակվել նաև հետագա դարերում։ Թյուրքերենի տարածման համար շրջադարձային էին Իրանում Սեֆյան դինաստիայի հաստատումն ու դրան հետևած լեզվական գործընթացները:
[1] ʻAbbās Zaryāb, Āẓarbāijān, in: The Great Islamic Encyclopaedia, v. 1, 2004, 198.
[2] Riyahi, Mohammad, “Nozhat al-Majāles,”in: Encyclopedia Iranica.