2024
Ի․ Դավիթբեկովը հեղինակել է Ելիզավետպոլի նահանգի Ջեբրայիլի գավառի Հադրութ գյուղի մասին հոդվածը՝ «Село Гадрут, Елисаветпольской губернии, Джебраильскаго уезда» վերնագրով: Այն ներառված է «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1888 թվականի համարում։
Հեղինակը մանրամասն նկարագրում է Հադրութ տեղանվան ծագումը, գյուղի դիրքը, հնագիտական հուշարձաններն ու սահմանները, շինությունները, բուսական ու կենդանական աշխարհը, բնակչությունը, կենցաղն ու սովորույթները, խոսում կրթության մասին։
Ըստ նրա՝ Հադրութ գյուղը պատկանել է փոխգնդապետ Մադաթովի ժառանգ Սոֆյային՝ զինվորական ավագ Միրզոևի կնոջը։ Հադրութ անվանումը պարսկական է, որը նշանակում է «երկու գետերի միջև ընկած տարածություն», այսինքն՝ «միջագետք»։
Հադրութն իր դիրքով գավառում կենտրոնական տեղ է զբաղեցնում և շրջապատված է Թաղասեռ, Որնաշատ, Սարինշեն կամ Շախախ, Վանք, Տյաք, Նորաշեն, Կոշբեկ (Կոչբեկ), Մելիք-Ջանլու, Քարա-Քոլու, Կարմրակուճ գյուղերով։ Այս բոլոր գյուղերի բնակիչները հայեր են՝ բացի Քարա-քոլու գյուղից, որտեղ բնակվում են մահմեդականներ։
Հադրութի և նրա շրջակայքի հնագիտական հուշարձաններից և աղոթավայրերից հիշարժան են հին գերզմանոցն ու եկեղեցին։ Տապանաքարերի վրա գրություններ և պատկերներ չկան՝ բացառությամբ երկուսի, որոնց վրա խաչեր են փորագրված: Եկեղեցուց պահպանվել են միայն կիսավեր պատերն ու պահոցների մի մասը։
Հոդվածագիրը ներկա է եղել նաև 1887 թվականի հնագույն բերդի պարիսպների հայտնաբերմանը։ Գյուղի հարավում՝ բլրի վրա են գտնվում մեկ այլ բերդի՝ Ծծախաչի ավերակները։ Բերդը ջուր է ստացել Շախախ կամ Սարինշեն գյուղից՝ խողովակների միջոցով։ Բերդի տիրակալ Վելիջանի դամբարանը գտնվում է Սպիտակ խաչ եկեղեցում: Տապանաքարի վրա գրված է․ «Ես՝ Խումարի որդի Վելիջանս, կանգնեցրի խաչը 1527 թվականին»։
Մեկ այլ՝ Վնեսա ղալա անունով բերդի ավերակներ են պահպանվել Հադրութի հյուսիս-արևմուտքում։ Բերդում, որը պատկանել է Վանեսին, եղել է նաև եկեղեցի։
Վանք գյուղում է գտնվում Սպիտակ խաչ եկեղեցին, որի խաչի մասին ժողովրդի շրջանում ավանդություն է պահպանվել։ Համաձայն այդ զրույցի՝ մի քանի հարյուր տարի առաջ վանքի հոգևորականներից մեկը ձեռք է բերել սպիտակ և փայլուն խաչ, որը հետո արծաթապատվել է և իր պատվավոր տեղն է զբաղեցրել վանքում։ Թեև խաչը գողանում են, բայց ժողովուրդը շարունակել է այցելել եկեղեցի:
Հադրութից հյուսիս-արևմուտք՝ Դիզափայտ լեռան վրա, կա մի ամրոց, որը Ջեբրայիլի և Շուշիի գավառների առաջին աղոթատեղին էր։ Հոդվածագիրը հայտնում է, որ «դիզափայտ»-ը հայերեն բառ է՝ բաղկացած դեզ և փայտ բառերից։ Ջեբրայիլի և Շուշիի գավառների կրոնավոր հայերն ու մահմեդականներն ամռանը, աշնան սկզբին ու գարնան վերջին ուղևորվում էին այնտեղ՝ նահատակներին հարգանքի տուրք մատուցելու:
Ուխտավորները կանգ էին առնում գլխավոր աղբյուրների՝ Քոշի աղբյուրի և Արջի աղբյուրի մոտ: Հաջորդ հայտնի վայրը Օխտը (Յոթ) դուռն էր, որը խարխուլ քարե տնակ էր՝ առանց տանիքի՝ մեկ և ներսում՝ յոթը մուտքերով։ Մյուս ուխտավայրը Մինա-Խորենն էր՝ Մինան քրոջ, Խորենը եղբոր անունն է։ Սարիշենում Շախախ անունով ուխտատեղի է եղել, որի անունով էլ գյուղը կոչվել է Շախախ։ Հադրութը խմելու ջուր օգտագործում էր Խոր-աղբյուրից և Շեն-աղբյուրից։
Հոդվածագիրը նշում է, որ Հադրութում բնիկները քիչ էին։ Բնակիչների մեծ մասը պարսիկների ներխուժումներից տարբեր տեղերից ապաստան գտած վերաբնակիչներ էին։
1863 թվականի տվյալներով Հադրութում կար 438 գյուղացի։ 1873 թվականի տվյալների համաձայն՝ Հադրութում և շրջակա գյուղերում կար՝ Հադրութում 196 ծուխ, Թաղասեռում՝ 84, Վանքում՝ 24, Տյաքում՝ 27, Նորաշենում՝ 12, Կարմրակուճում՝ 36, Կոչբեկում՝ 16 ծուխ։ Ընդամենը՝ 395 ծուխ՝ 1․624 տղամարդ բնակիչներով։ 1886 թվականին Հադրութում կար 252 ծուխ, Թաղասեռում՝ 104, Վանքում 30, Տյաքում՝ 33, Նորաշենում՝ 17, Կարմրակուճում՝ 47, Կոչբեկում՝ 20 ծուխ։ Ընդամենը՝ 503 ծուխ՝ 2․221 տղամարդ և 1․835 կին բնակիչներով։
Հադրութի շրջակա մյուս գյուղերը ևս ունեին հայկական անվանումներ՝ Ջրակուս, Թաղ, Տող, Ազոխ, Մարիամաձոր։
1877 թվականին գյուղում գործում էր մետաքսագործական ֆաբրիկա, որը պատկանում էր երեք ընկերների՝ հադրութցի Գուլի Ակոպովին, շուշեցի Իվան Զորաբովին և նորաշենցի Ավագ Իսախանովին։
1885-1886 ուսումնական տարում Հադրութի երկդասյա դպրոցում սովորել է 65 տղա, իսկ 1886-1887 ուստարում՝ 62։ Սովորողները Հադրութ, Թաղասեռ և Վանք գյուղերից էին։
Դպրոցի գոյության երկու տարիների ընթացքում ավելի քան 100 դիմում է ներկայացվել, իսկ սովորել ցանկացողների թիվը հասնում էր 200-ի։ Հեղինակը նկատում է, որ այդ թիվը խոսում է հայերի կրթվելու մեծ ցանկության մասին։
Հադրութում կար նաև հայկական եկեղեցածխական մեկամյա դպրոց՝ նախատեսված տղաների համար: Այն բացվել է 1881 թվականին, գործել մինչև 1884 թվականը, կրկին բացվել 1886 թվականին՝ 40 աշակերտներով։ Դպրոցը պահվում էր Հադրութի բնակիչ Մարգար Տեր-Ոսկանովի նվիրատվությունների հաշվին։ Իսկ գոյություն ունեցող «Զեմսկոյ» դպրոցի բացման համար բնակիչները մասամբ պարտական էին Հադրութ համայնքի նախկին ավագ Խոսրով Աբալովին։
Գյուղն ուներ դեղատուն՝ շտապ օգնության սենյակով, որը բացվել էր 1885 թվականի ապրիլի 12-ին։ Գյուղի բժիկն էր Ուրազովը։ Դեղատունն սպասարկում էր Ջեբրայիլի գավառի բնակիչներին։
Քանի որ Հադրութը բնակեցված էր բացառապես հայերով․ բոլորը խոսում էին հայերեն։
Այս հոդվածում առկա տեղեկությունները ևս հաստատում են, որ Հադրութը հայկական բնակավայր է եղել։