2024

Շաքիի հայկական պատմական բնակավայրերը․ Քունգուտ

Քունգուտ գյուղը Շաքիի շրջանի հայկական պատմական բնակավայրերից էր: Գտնվում է շրջկենտրոն Շաքիից 30 կմ հարավ-արևելք: Գյուղի հայ բնակչությունը բռնությամբ դավանափոխվել է XVIII դարի կեսերին` Շաքիի Հաջի Չելեբի խանի կրոնական հալածանքների հետևանքով:

1874 թվականի Քունգուտն ունեցել է 1261 մահմեդական բնակիչ, որոնք ունեցել են հայկական ծագում: Իբրև մահմեդականներով բնակեցված գյուղ` Քունգուտը 1918 թվականին զերծ է մնացել շրջան ներխուժած թուրքական բանակի կոտորածներից:

1976 թվականի դրությամբ Քունգուտն ուներ 1152 բնակիչ, որոնք թեև իրենց համարում էին ադրբեջանցիներ, սակայն պահպանել էին աղավաղված հայկական բազմաթիվ անուն-ազգանուններ, ինչպես նաև՝ հայկական սովորույթներ:

Գյուղի ծայրամասում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանվելիս են եղել Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերակները, որի ճարտարապետական առանձնահատկությունները թույլ են տվել այն թվագրել IX–X դարերով։

Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցն իր այցելության ժամանակ, մինչև 1918 թվականը հայաբնակ եղած Դաշբուլաղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում տեսել և ընդօրինակել է ժամանակին Քունգուտի եկեղեցուն պատկանած մի հին ծնծղայի արձանագրությունը.

«Յիշատակ է ծնծղայս Քունգիտի
Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն,
Թվ. ՌՃԽԴ (1695)»:

Ըստ երևույթին՝ ծնծղան այստեղ է բերվել Քունգուտ գյուղի բնակիչների մահմեդականություն ընդունելուց հետո:

Ինչպես վկայում է Մակար Բարխուտարյանցը, Քունգուտի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածված ընդարձակ գերեզմանոցը ոչնչացվել է մահմեդականացված հայերի կողմից: Այստեղ նրան հաջողվել է գտնել և ընդօրինակել միայն մի պահպանված տապանաքարի արձանագրություն.

«Այս է հանգիստ արզրումցի Մովսէսի
որդի իփակչի խօճա Սաքարին, որ
փոխեցաւ ՌՃԼԵ (1686)»:

Այս աղքատիկ փաստերն, այնուամենայնիվ, թույլ են տալիս պնդելու, որ XVII դարում և մինչև հայ բնակչության դավանափոխությունը, Քունգուտը եղել է լիարժեք հայեցի կյանքով ապրող մի բնակավայր:

Գյուղն այժմ կոչվում է Բաշ Քյունգյուտ:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում