2025
2024-03-14
Փորձելով հիմնավորել Արցախի և նրա մշակութային և պատմական հուշարձանների նկատմամբ իր հավակնությունները՝ Ադրբեջանը փորձում է դրանք վերագրել Աղվանքի (խոսքը բուն Աղվանքի կամ Կովկասյան Ալբանիայի մասին է) ցեղերի և ժողովուրդների ժառանգներին, մասնավորապես՝ ուդիներին, որոնք այսօր էլ ապրում են արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետության կազմում հայտնված իրենց պատմական հայրենիքում։
Ուդիներն այս պատմական տարածաշրջանի հյուսիսային հատվածի բնիկներն են: Նրանք տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, որոնց մասին իրենց աշխատություններում գրել են մ.թ.ա. I դարում անտիկ պատմիչներն ու աշխարհագրագետները։ Հայերն ու ուդիները ունեն պատմական, մշակութային և հոգևոր կապերի երկար պատմություն: Նրանք միասին կռվել են օտար զավթիչների դեմ։ Հայ քարոզիչների շնորհիվ՝ սկսած Գրիգոր Լուսավորիչից, IV դ. սկզբին աղվան-ուդիներն ընդունեցին քրիստոնեությունը և գտնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավասության ներքո։ Հետագայում հենց Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել աղվանա-ուդիական այբուբենը՝ բաղկացած 52 տառից։
Ինչպես հայերը, աղվան-ուդիները դարեր շարունակ հալածվել են և բախվել բազմաթիվ փորձությունների։ Իսլամի և թյուրքական քոչվոր ցեղերի տարածաշրջան ներթափանցելուց հետո, նրանց հալածել են ոչ միայն քրիստոնյա լինելու համար, այլև նրանք բռնի իսլամացվել են:
Սկսած 1918 թվականից մինչև 1990-ական թվականները Ադրբեջանը իրականացրել է ազգային փոքրամասնությունների ոչնչացման և ուծացման քաղաքականություն։ Դրանից հետո ուդիների նկատմամբ հալածանքների քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց, և Ադրբեջանի իշխանությունները որոշեցին օգտագործել աղվանական (ուդիական գործոնը) որպես իրենց տարածքային և քաղաքական պահանջներն արդարացնելու միջոց՝ դա հիմք ընդունելով որպես իրենց գործողությունների պատմական հիմնավորում։ Ուդիների նկատմամբ իրականացվող հալածանքները փոխարինվեցին նրանց որպես Արցախի, Նախիջևանի (ինչպես նաև՝ Արևմտյան Հայաստանի, Վրաստանի, Կիլիկիայի) եկեղեցիների ու վանքերի տերերի ժառանգների ներկայացմամբ։ Ադրբեջանի ղեկավարության հաշվարկներով, այդ քայլերը պետք է ճանապարհ բացեին դեպի Դադիվանք, Ծիծեռնավանք, Գանձասար, Ամարաս՝ դրանք ներկայացնելու որպես ուդիական կամ աղվանական ժառանգություն։ Սակայն պատմական և գիտական փաստերը վկայում են այն մասին, որ Աղվանից եկեղեցին միշտ սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ և ենթարկվել նրան։ Առաքյալների ժամանակներից ի վեր Թովմաս եպիսկոպոսը հաստատվել է Գրիգոր Լուսավորչի կողմից, իսկ 301-310 թթ.՝ նաև նրա թոռը՝ Գրիգորիսը։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու հովվապետի կողմից կամ նրա համաձայնությամբ։
Շուտով Աղվանից եկեղեցին գրեթե ամբողջությամբ հայացավ, երբ XV դ. սկզբին կաթողիկոսարանը տեղափոխվեց Գանձասար, որից հետո «Աղվանից կաթողիկոս» անունը մնում է անցյալից փոխանցված պատվավոր կոչում։ Այսպես կոչված Աղվանից կաթողիկոսությունն իր բնույթով ոչ միայն ամբողջությամբ հայկական էր, այլև Գանձասարը դարձավ հայ հոգևոր-մշակութային, ինչպես նաև հայ ազատագրական պայքարի գլխավոր կենտրոններից մեկը։ Այսպես, Իսրայել Օրին, թեքելով հայ ժողովրդի ազատագրական շարժման ուղղությունը դեպի Ռուսաստան, 1699 թ. Գանձասարում հանդիպում է կաթողիկոսի հետ։ Այնուհետև, 1702 թ. կաթողիկոս է դառնում Եսայի Հասան-Ջալալյանը, ում անունն անվերապահորեն կապված էր օսմանյան ագրեսիայի դեմ Արցախի մելիքների պայքարի հետ։
Ռուսական կայսրության հովանավորությամբ հայոց պետականության վերականգնման կողմնակից Հովսեփ Էմինը 1762 թ. ժամանում է Գանձասար և տեղի Հովհաննես կաթողիկոսի հետ քննարկում ազատագրության ծրագիրը։ Իսկ 1783 թ. Գանձասարի վանքում հավաքված Արցախի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչները նամակ են ուղարկում իշխան Գ. Պոտյոմկինին, որում պատրաստակամություն էին հայտնում ռուսական բանակի տարածաշրջան մտնելու դեպքում ռազմական և նյութական աջակցություն ցուցաբերել։
Գիտության մեջ կան անհերքելի փաստեր, որոնք անվիճելիորեն վկայում են այն մասին, որ Արցախի եկեղեցական ճարտարապետությունը հանդիսանում է հայկական եկեղեցական ճարտարապետության մի մասը՝ կառուցված հայ վարպետների կողմից։ Բոլոր եկեղեցիներն ունեն բացառապես հայերեն արձանագրություններ, իսկ մի շարք վանքեր եղել են հայ գրչության կենտրոններ, ինչը ևս հաստատում է դրանց՝ հայկական մշակույթի մաս հանդիսանալու փաստը։
Արցախի հայկական ժառանգությունը յուրացնելու հաջորդ հնարավոր փորձը միջնադարյան մի շարք հայ հեղինակների «աղվանացումն» է, իբր նրանց գործերը սկզբում գրվել են աղվաներեն, ապա թարգմանվել հայերեն։ Մինչդեռ, որպես աղվանական ներկայացված հայ հեղինակների ստեղծագործությունների քննությունը ցույց է տալիս, որ դրանք ի սկզբանե գրված են եղել հայերենով, և դրանց տիպաբանական առանձնահատկությունները հայ միջնադարյան գրականության մաս են կազմել։ Նրանք գրում են Հայկական աշխարհի մասին ոչ թե երրորդ դեմքի անունից, այլ որպես իրենց ողջ հայրենիքի մասին, որպես հայկական մշակույթի կրողի։ Այս հեղինակների աշխատություններից առավել ակնհայտ է դառնում, որ Աղվանից եկեղեցին եղել է Հայ եկեղեցու եպիսկոպոսական մասը։