2024
Ադրբեջանում բռնապետության, խոսքի ազատության բացակայության ու հալածանքների առկայության պայմաններում ադրբեջանցի շատ լրագրողներ ու ակտիվիստներ ապաստան են փնտրում և գործունեություն ծավալում Ադրբեջանից դուրս: Բաքվի իշխանությունները, սակայն, նրանց հետապնդում են նաև երկրի սահմաններից դուրս՝ ընդհուպ մինչև Եվրոպայում: Այդ հետապնդումները ներառում են թե՛ լրագրողների հասցեին սպառնալիքներ, ֆիզիկական բռնություն ու մահափորձ, թե՛ միջազգային հետախուզում հայտարարելու միջոցով տվյալ երկրից լրագրողի ձերբակալման ու արտահանձնման պահանջ:
Արտասահմանում ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն ակտիվացել են 2014 թվականից, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանում չի ընդունվել Ադրբեջանում քաղբանտարկյալների դրության վերաբերյալ բանաձևը: Ըստ իրավապաշտպան Լեյլա Յունուսի՝ Բաքվում հասկացել են, որ պատժամիջոցներից վախենալու կարիք չունեն ու ընդդիմախոսների դեմ հետապնդումներ են սկսել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Ադրբեջանի իշխանությունները «խավիարային դիվանագիտությամբ» տարբեր երկրներում ազդեցության գործակալներ են ձեռք բերել՝ դյուրացնելով հետապնդումներն ու ապահովելով անպատժելիություն:
Այսպես՝ 2014 թվականին Թուրքիայում ձերբակալվել և Ադրբեջան է արտաքսվել «Զերկալո» ռուսալեզու թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանում նրան բանտարկել են պետական դավաճանության մեղադրանքով:
2014 թվականին Բաքվի պահանջով Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդ»-ի անդամ, «Turan TV»-ի հետ համագործակցող Դաշգըն Աղալարովը: Կես տարի անց նա ազատ է արձակվել, սակայն Վրաստանի իշխանությունները նրանից պահանջել են լքել երկիրը: Աղալարովն ապաստանել է Նորվեգիայում, բայց 2020 թվականին՝ Լեհաստան այցի ժամանակ, ձերբակալվել է Գդանսկի օդանավակայանում:
2017 թվականին մայիսին Թբիլիսիում առևանգել և Բաքու են տեղափոխել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին: Բաքվում նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել: Նրա ձերբակալությունը միջազգային լայն արձագանք է գտել։ Արդյունքում՝ 2020 թվականին Մուխթարլըին ազատ են արձակել և բանտից միանգամից տարել օդանավակայան՝ ուղարկելով Գերմանիա:
2019 թվականին ՌԴ-ից արտաքսել են ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին: Նա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ նրան արտաքսել են Ադրբեջան: Բաքվում նրան ձերբակալել են: Ուկրաինայում ադրբեջանցի լրագրողի ձերբակալության դեպք տեղի էր ունեցել նաև 2017 թվականին, սակայն դատարանը չէր բավարարել լրագրողին արտահանձնելու պահանջը:
2019 թվականին Ստրասբուրգում հարձակում է եղել «Azərbaycan Saatı» հեռուստանախագծի ղեկավար Գանիմաթ Զաիդի վրա։ Նույն տարում Գերմանիայում հարձակվել են բլոգեր Գաբիլ Մամեդովի վրա: Վերջինիս դեմ հարձակում եղել է նաև 2021 թվականի հունվարին:
Իր հասցեին արված սպառնալիքների մասին է խոսել նաև ԱՄՆ-ում բնակվող լրագրող Սեվինջ Օսմանգըզըն, ով իր հաղորդման շրջանակներում ներկայացնում է Ադրբջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը, կոռուպցիոն գործերը:
2021 թվականի փետրվարին, այնուհետև՝ 2022 թվականի նոյեմբերին, Բեռլինում ծեծի է ենթարկվել բլոգեր Օրխան Աղաևը: Հարձակումից հետո նրա բնակության վայրը հսկվել է ոստիկանական ուժերի կողմից:
2021 թվականի մարտին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած բլոգեր, քաղակտիվիստ Մոհամմադ Միրզալիից պահանջել են դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը՝ սպառնալով հրապարակել քրոջ՝ անձնական բնույթի տեսանյութերը: Որոշ ժամանակ անց նրա դեմ մահափորձ է իրականացվել. նա դանակի 16 հարված է ստացել: Ըստ Միրզալիի՝ հարձակվողները նաև փորձել են կտրել իր լեզուն, սակայն չեն կարողացել: Դա, ընդ որում, Միրզալիի դեմ առաջին մահափորձը չի եղել. 2020 թվականի հոկտեմբերին նրա մեքենայի ուղղությամբ 4 փամփուշտ են արձակել:
2021 թվականի ընթացքում անհայտ հանգամանքներում ադրբեջանցի 3 ակտիվիստ է մահացել. Վյուգար Ռզանը՝ Բրյուսելում, Բայրամ Մամեդովը՝ Ստամբուլում, բլոգեր Հուսեյն Բաքիխանովը՝ Թբիլիսիում (մահանալուց երկու օր առաջ նաև ծեծի է ենթարկվել): Բոլոր դեպքերը վերագրվել են որպես ինքնասպանություն, սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները չեն հավատում այդ վարկածներին:
2024 թվականի օգոստոսին Վրաստանում ձերբակալվել է լրագրող Աֆղան Սադիգովը: Նրան ևս արտահանձնում է սպառնում:
Ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեկովի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին հետապնդելու համար նաև հատուկ մեխանիզմներ են ստեղծել: Մասնավորապես՝ Գերմանիայում նրանք մարզիկների հատուկ խմբի են ֆինանասավորում, որոնք էլ հետապնդում ու ծեծի են ենթարկում Ալիևի իշխանության ընդդիմախոսներին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի իշխանությունները հնարավոր բոլոր եղանակներով փորձում են լռեցնել իրենց քննադատող ու հանցանքները բացահայտող ձայները: