2024

Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 3․ լրագրողներին լռեցնելու մեթոդները

Լրագրողներին ու ակտիվիստներին լռեցնելու համար Ադրբեջանում չեն սահմանափակվում պարզապես ձերբակալություններով և ազատազրկումներով։ Գաղտնալսումներով, բջջային հեռախոսին հասանելիություն ստանալով՝ ադրբեջանական իշխանությունները հետևում են նրանց ողջ գործունեությանը, ձեռք բերում անձնական տվյալներ, սպառնում հրապարակել դրանք։ Այս ամենն այդ երկրում արդեն ավանդույթ դարձած գործելաոճ է։

Դա փաստող ամենահայտնի դեպքը վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովային։ 2010-2012 թվականներին նա զբաղվել է Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ, ինչի պատճառով էլ իր հասցեին սպառնալիքներ է ստացել՝ «Դադարի՛ր անել այն, ինչ անում ես, այլապես կխայտառակվես» բովանդակությամբ: Այնուհետև Ադրբեջանի իշխանություններն անցել են գործնական քայլերի՝ հրապարակել են Իսմայիլովի մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութեր, որոնք արվել են նրա տանը տեղադրված գաղտնի տեսախցիկների միջոցով: Դրանց հրապարակմանը հաջորդել է մերձիշխանական լրատվամիջոցներով լրագրողին թիրախավորելու արշավը՝ նրան ներկայացնելով որպես դավաճան և արտաքին ուժերի՝ նաև հայերի սպասարկու:

«Երբեմն ես զգում եմ, որ նրանք հեռուստացույցով իմ դեմքն օգտագործում են որպես կադր: Երբ խոսվում է դավաճանների մասին, նրանք ուղղակի ցույց են տալիս իմ դեմքը՝ նույնիսկ չնշելով իմ անունը»,- հետագայում պատմել է Իսմայիլովան:

Սկանդալից հետո Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները չեն դադարել: 2014 թ. հոկտեմբերին նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք են սահմանել, իսկ դեկտեմբերին ձերբակալել են՝ «ինքնասպանության դրդելու մեղադրանքով»: Ադրբեջանի իշխանություններն անգամ ստիպել են Իսմայիլովայի նախկին գործընկերոջը բողոք գրել նրա դեմ։ Հետագայում գործընկերը հետ է վերցրել իր բողոքը, սակայն իշխանություններն Իսմայիլովի նկատմամբ նոր մեղադրանքներ են առաջ քաշել՝ յուրացման, ապօրինի բիզնես վարելու, լիազորությունների չարաշահման։ 2015 թվականին Իսմայիլովային դատապարտել են 7․5 տարվա ազատազրկման։ Բողոքարկումներից ու միջազգային լայն արձագանքից հետո՝ 2016 թ․ մայիսին, դատավճիռը փոխվել է 3․5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ երկրից դուրս գալու արգելքը մինչև 2021 թ․ շարունակվել է պահպանվել։

Թեև Իսմայիլովայի հետապնդումները միջազգային կազմակերպությունների ու երկրների՝ ընդհուպ Միացյալ Նահանգների կողմից արձագանքի են արժանացել, սակայն դա չի կաշկանդել Ադրբեջանի իշխանություններին՝ շարունակել նրան հետևել ու սահմանափակել նրա գործունեությունը։ Մասնավորապես՝ 2021 թ․ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»-ը՝ «OCCRP»-ն, բացահայտել է, որ Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիրներին, լրագրողներին, ակտիվիստներին ու նրանց հարազատներին հետևելու համար օգտագործել են իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագիրը։ Ծրագիրը գաղտնալսումներ է իրականացրել, հասանելիություն ապահովել բջջային հեռախոսի տվյալներին, առանց տիրոջ իմացության՝ կատարել տեսանկարահանումներ։ Ի թիվս այլ լրագրողների՝ այդ ծրագրով Ադրբեջանի իշխանությունների թիրախում է եղել նաև Խադիջա Իսմայիլովան։

«Մենք մտածում էինք, թե ինչպես գաղտնի պահել մեր խոսակցությունները։ Տարբեր ծրագրեր ու գործիքներ էինք միմյանց խորհուրդ տալիս, բայց երեկ ես հասկացա, որ ելք չկա։ Եթե երկաթե գմբեթի մեջ չես փակվում, նրանք այս կամ այն կերպ ներթափանցում են»,- «Pegasus»-ով գաղտնալսվելու մասին տեղեկանալուց հետո համոզմունք է հայտնել լրագրող իրավապաշտպանը։

Իսմայիլովայի դեմ կիրառված մեթոդներն օգտագործվել են նաև այլ լրագրողների նկատմամբ՝ նրանց լռեցնելու համար։ 2019 թ․ Ադրբեջանում հրապարակել են 17-ամյա ակտիվիստ, լրագրող Ֆաթիմե Մյովլամլըի անձնական բնույթի լուսանկարներն ու տեսանյութերը։ Նախքան տեսանյութերի հրապարակումը՝ ուժայինները նրան առևանգել են, 5 օր կալանքի տակ պահել՝ ենթարկելով ճնշումների։

Մեկ այլ ակտիվիստի՝ Իլքին Ռուսթամզադեին, սպառնացել են կնոջ լուսանկարների հրապարակմամբ։ Սպառնալիքներից հետո Ռուսթամզադեն շարունակել է ընդդմիադիր գործունեությունն․ արդյունքում՝ նրա կնոջ լուսանկարներն ու հեռախոսահամարը հայտնվել են համացանցում։ Ամիսներ անց հրապարակվել են նաև Ռուսթամզադեի կնոջ և նրա նախկին ընկերոջ լուսանկարները։ Հանրային պարսավանքի ֆոնին՝ զույգն ամուսնալուծվել է։

Ե՛վ Մյովլամլըն, և՛ Ռուսթամզադեն այն լրագրողների թվում են, որոնց իշխանությունները հետևել են «Pegasus» ծրագրով։ «Pegasus»-ով վարակումները Ադրբեջանի իշխանությունների համար գործելու «նոր» մեթոդ է։ Նախկինում հայտնի է դարձել, որ իշխանությունները հատուկ լրտեսական սարքի միջոցով հետևել են «Azercell» բջջային օպերատորի բաժանորդների հեռախոսազանգերին, նամակագրություններին։ Անգամ 2009 թ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել և ճնշումների ենթարկել շարքային ադրբեջանցու, ով «համարձակվել էր» «Եվրատեսիլ»-ում քվեարկել Հայաստանի ներկայացուցչի օգտին։

Անձնական տվյալների հրապարակման սպառնալիքներից բացի՝ լրագրողներին լռեցնելու համար Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները նրանց նկատմամբ նաև բռնի ուժ են կիրառել՝ թե՛ բերման ենթարկելիս կամ ազատազրկման ընթացքում, թե՛ առանց բերման ենթարկելու․ այդ ամենը համակարգային բնույթ է կրել: Երբեմն ֆիզիկական բռնությունը կիրառվել է առանձնակի դաժանությամբ։ 2017 թվականին լրագրող Նիջաթ Ամիրասլանովին ուժայինները կտտանքների են ենթարկել՝ հեռացնելով նրա ատամները։

«Նրա ձեռքներն ու ոտքերը դողում էին: Մենք տեսանք, որ նա ընդհանրապես ատամ չունի»,- պատմել է Ամիրասլանովի փաստաբանը:

Ֆիզիկական բռնության կիրառմամբ 2023 թ. սեպտեմբերին լրագրող Նուրլան Գահրամանլըին էլ ստիպել էին ընդդեմ պատերազմի գրառումներ չանել: Նախկինում՝ 2020 թ. պատերազմի ընթացքում, ադրբեջանական ուժայինները նրան մեղադրել էին հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, որը ևս հանրության շրջանում լրագրողներին վարկաբեկելու և նրանց դեմ գործեր հարուցելու ընդունված մեթոդներից է:

Բերված փաստերն Ադրբեջանում լրագրողներին ճնշելու դեպքերի աննշան մասն են միայն: Ալիևյան բռնապետության պայմաններում դրանք շարունակական բնույթ են կրում և գնալով նոր թափ են ստանում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում