2025

Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 2. Լրագրողների հետապնդումների նոր ալիքն Ադրբեջանում

Լրագրողների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները, լրատվամիջոցների սահմանափակումները պարբերական բնույթ են կրում Ադրբեջանում։ Լայն լսարան ունեցող ընդդիմադիր լրատվական կայքերն արգելափակված են, իսկ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք դեռ փորձում են անկախ լրատվություն ապահովել և իշխանությունների հասցեին քննադատություն են հնչեցնում, արժանանում են հետապնդումների։

2023թ․ նոյեմբերից ադրբեջանական իշխանությունները թիրախավորել են մասնավորապես՝ «Abzas Media» լրատվական կայքը, «Toplum TV», «Kanal 1», «Kanal 13» յութուբյան ալիքները։ 2023թ․ նոյեմբերի 20-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները, բռնի ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել «Abzas Media» լրատվական կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին։ Խուզարկվել է նաև լրատվամիջոցի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների հայտարարության, 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Հաջորդ օրը՝ Ադրբեջան վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում ձերբակալել են կայքի գլխավոր խմբագիր Սեվինջ Վագըֆգըզըին։ Այնուհետև ձերբակալվել են կայքի փոխտնօրեն Մոհամմադ Կեկալովը, կայքի աշխատակիցներ՝ Նարգիզ Աբսալամովան, Հաֆիզ Բաբալըն, Էլնարա Գասըմովան։ Նրանք կալանավորվել են 3 կամ 4 ամիս ժամկետներով, սակայն լրագրողներն անազատության մեջ են գտնվում մինչ օրս։ Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության մեղադրանքով․ նրանց սպառնում է 8 տարվա ազատազրկում։ Հասանլիի ձերբակալությունից հետո «Abzas Media»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ կայքի ղեկավարի ձերբակալությունը պայմանավորված է նրա լրագրողական գործունեությամբ և, մասնավորապես նրանով, որ կայքը զբաղվել է իշխանությունների կոռուպցիոն գործերի հետաքննությամբ։ Խոսքը հատկապես Արցախի բռնազավթված տարածքներում Ալիևների ընտանքին պատկանող ընկերությունների կոռուպցիոն գործարքների բացահայտումների մասին է։

«Այս անօրինական ձերբակալության պատասխանատուն Իլհամ Ալիևն է։ Մենք երկրի նախագահի և նրա նշանակած պաշտոնյաների իրագործած կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շարք ենք հրապարակել և, կարծում ենք, որ Հասանլիի ձերբակալությունը դրա հետ է կապված։ Համարում ենք, որ նախագահը հրամայել է ձերբակալել Ուլվի Հասանլիին, որպեսզի փակեն մեր կայքը և խոչընդոտեն կոռուպցիոն հանցագործությունների մասին ինֆորմացիայի փոխանցումը»,- հայտարարություն էր տարածել կայքը։ Սա է փաստում նաև Ուլվի Հասանլիի ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկի՝ նրան ուղղված հետևյալ հարցադրումը․ «Ինչու՞ չես գրում Ղարաբաղի մասին։ Ինչու՞ ես գրում կոռուպցիայի մասին»։

Զուգահեռաբար «Abzas Media»-ի և նրա լրագրողների դեմ տեղեկատվական արշավ է իրականցվել նաև մերձիշխանական ԶԼՄ-ներով։ Ձերբակալություններից հետո «Abzas Media»-ն այլևս հետաքննություններ չի հրապարակել և սահմանափակվել է լուրերով։

2024թ․ փետրվարից, ըստ տարածած հայտարարության, կայքը հետաքննական գործունեությունը կշարունակի երկրից դուրս՝ արտասահմանցի լրագրողների աջակցությամբ, իսկ կայքի ղեկավարությունն էլ ստանձնել է Գերմանիայում բնակություն հաստատած Լեյլա Մուստաֆաևան։

«Abzas Media»-ից բացի՝ ձերբակալությունների այս շարքն ընդգրկել է նաև այլ լրատվամիջոցների։ Ձերբակալվել է նաև «Kanal-13» յութուբյան ալիքի տնօրեն Ազիզ Օրուջևը։ Նրան առաջադրվել է ինքնակամ շինարարություն իրականցնելու մեղադրանք, ինչը ենթադրում է 1-3 տարվա ազատազրկում։ Հետագայում առաջադրվել է նաև մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանք, ինչը մինչև 8 տարվա ազատազրկում է ենթադրում։ Ըստ Օրուջևի՝ ինքը հետապնդումների է ենթարկվում իր լրագրողական գործունեության պատճառով, քանի որ «Kanal-13»-ը հայտնի է բողոքի ակցիաների, մարդու իրավունքների խախտումների դեպքերի լուսաբանմամբ։ Տրամաբանորեն, նրա ձերբակալությունից հետո Ադրբեջանի իշխանությունները փակել են ալիքը։

«Այս երկրում լրագրությունը հանցագործություն է։ Եթե դու ճիշտ ինֆորմացիա ես փոխանցում, քեզ հեշտությամբ կարող են բանտ նետել»,- հայտարարել է Օրուջևը։ Ձերբակալվել է նաև ալիքի աշխատակից Ռուֆաթ Մուրադլըն, ում խուլիգանության մեղադրանքով կալանավորել են 30 օրով։ Մեկ այլ աշխատակցի՝ Շամո Էմինովին առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Բանտարկության ընթացքում Էմինովն անգամ ինքնասպանության փորձ է կատարել։

Ձերբակալության ալիքը հասել է յութուբյան «Kanal-11»-ի ղեկավար Թեյմուր Քերիմովին ևս։ Նրան առաջդրվել է շորթման մեղադրանք։ Նախքան ձերբակալվելը՝ Քերիմովը պարբերաբար սպառնալիքներ է ստացել իր հասցեին, քանի որ հաճախ է քննադատել պետական պաշտոնյաների գործունեությունը, լուսաբանել բողոքի ակցիաները։

Սպառնալիքների միջոցով դրամաշորթման մեղադրանքով ձերբակալվել է «Azerinfo.az» կայքի ղեկավար Իբրահիմ Գումբատովը։ Նույն մեղադրանքով 2024թ հունվարի 13-ին ձերբակալվել է «Gündəlik Bakı» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գաբիլ Վելիևը։ Օրեր անց խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է «JAMnews» կայքի լրագրող Շահին Ռզաևը։ Նա ենթարկվել է 15-օրյա կալանքի և 50 մանաթ վարչական տուգանքի։ Ռզաևի ձերբակալության պատճառը եղել է նրա գրառումը։

Ադրբեջանական ուժայինները խուզարկել են նաև «Toplum TV» ինտերնետային հեռուստաալիքի գրասենյակը, որը ղեկավարում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Վերջինս իր լրագրողական գործունեության ողջ ընթացքում ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ բանտարկության։ Նա այն լրագրողների թվում է, որոնց Ադրբեջանի իշխանությունները գաղտնալսել են «Pegasus» լրտեսական ծրագրով։ «Toplum TV»-ն փետրվարին հրապարակումներ է կատարել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ, ինչից հետո էլ հայտնվել է իշխանությունների թիրախում։ Գրասենյակ ներխուժելուց հետո ուժայինները ձերբակալել են 4 լրագրողի՝ Ֆարիդ Իսմայիլովին, Էլմիր Աբբասովին, Մյուշվիգ Ջաբբարովին և Ռամիլ Բաբաևին։ Եվս մեկ աշխատակից՝ Ալեսքեր Մամեդլին, ձերբակալվել է ավելի ուշ։ Նրանց ևս առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Նույն մեղադրանքով է ձերբակալվել նաև «Meclis.info» հարթակի ղեկավար Իմրան Ալիևը։ Ձերբակալություններից զատ՝ հիշատակված լրատվամիջոցների հետ առնչություն ունեցած լրագրողները ևս ենթարկվել են ճնշումների՝ բանկային հաշիվների արգելափակում, երկրից դուրս գալու արգելք։

Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն միայն իրենց երկրի տարածքով չեն սահամանափակվել․ օգոստոսի սկզբին Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովը։ Թբիլիսին, մեծ հավանականությամբ, նրան արտահանձնելու է Բաքվի իշխանություններին, ինչպես արդեն եղել է մեկ այլ ընդդիմադիր լրագրողի՝ Աֆղան Մուխթարլըի դեպքում։

Ադրբեջանի իշխանությունների այս գործողություններն անվրեպ չեն մնում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունից։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) միջազգային դիտորդական կազմակերպությունը ձերբակալություններն անվանել է անկախ լրագրողների նկատմամբ որս և Եվրոպայի խորհրդին կոչ արել՝ հիշեցնել ալիևյան ռեժիմին իր պարտավորությունների մասին։ Ոչ միայն «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը, այլև «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվի իշխանությունների գործելաոճն անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշում է որակել։ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումների նոր ալիքը դիտարկվել է նաև որպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության և հայ-ամերիկյան շփումների ակտիվացման հետևանք, քանի որ հիշատակված լրատվամիջոցներն ու նրանց ներկայացուցիչները մերձիշխանական ԶԼՄ-ներում ներկայացվել են իբրև «Վաշինգտոնի լրտեսներ»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում