2026

Իրանի ու Ադրբեջանի տարաձայնությունները Կասպից ծովի հարցում

2024-06-24

Կասպից ծովը՝ 370 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով, աշխարհի ամենամեծ ջրային փակ տարածքն է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ լուրջ տարաձայնություններ են առաջացել մերձկասպյան 5 պետությունների՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև:

Այս երկրներից յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի ծովի, նրա սահմանազատման և բնական պաշարների բաշխման հարցում: Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համար ծովն առաջին հերթին կարևորվում է իր բնական պաշարների համար, իսկ Իրանի ու Ռուսաստանի դեպքում՝ այն քաղաքական մեծ նշանակություն ունի․ վերջիններիս համար առավել կարևոր է, որ որևէ երրորդ երկիր ծովում ներկայություն չապահովի: Այդ պատճառով Թեհրանը և Մոսկվան հաճախ են շեշտում, որ ծովին վերաբերող ցանկացած որոշում պետք է ընդունվի մերձկասպյան երկրների համաձայնությամբ:

Փակ ծովի իրավական կարգավիճակի շուրջ դեռևս ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել: Ծովի բաժանման համար առաջարկվող հիմնական տարբերակներն են.

  • Ծովի հատակը բաժանել միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր ծովի իր սահմաններում ինքնուրույն վերահսկի բնական ռեսուրսները։
  • Ծովը բաժանել ազգային գոտիների, որի արդյունքում հստակ տարանջատվելու են ծովի հատակը, մակերեսն ու օդային սահմանները:
  • Ծովը բաժանել հավասար մասերի` 20% յուրաքանչյուր երկրին (այս տարբերակի հիմնական ջատագովը Իրանն է):

Չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին՝ երկրներից մի քանիսին հաջողվել է ծովի բաժանման հարցում առանձին համաձայնությունների գալ:

2003 թ. մայիսին Ադրբեջանը, Ռուսաստանը և Ղազախստանը «Կասպից ծովի հարակից գոտիների սահմանազատող գծերի հատման կետի վերաբերյալ» համաձայնագիր են կնքում, ըստ որի՝ կարգավորվում է ծովի մակերեսի 60 տոկոսի սահմանազատման խնդիրը: Երկկողմ ձևաչափով Կասպից ծովում իրենց սահմանները հստակեցրել են նաև Թուրքմենստանը և Ղազախստանը, Ռուսաստանը և Ղազախստանը, ինչպես նաև՝ Ադրբեջանն ու Ղազախստանը: Վերջին տարիներին այդ ուղղությամբ բանակցություններ են վարում նաև Ադրբեջանն ու Թուրքմենստանը։ Արդյունքում՝ հիմնական տարաձայնությունները Իրանի ու Ադրբեջանի միջև են։

Իրան-Ադրբեջան կասպյան սուր հարաբերությունները

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը չճանաչեց 1921 և 1940 թվականների ԽՍՀՄ-ի և Իրանի կնքած համաձայնագրերը։ Ադրբեջանը պնդեց, որ սահմանները պետք է բաժանվեն ըստ երկրների ծովափի երկարության՝ Կասպից ծովի միջին գծի հաշվարկումով։ Բաքվի առաջարկի անցնելու դեպքում Ադրբեջանին կհասներ ծովի մոտ 21 տոկոսը, Իրանին՝ 14 տոկոսը: Թեհրանն իր հերթին պնդեց, որ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 հավասար մասերի, որի արդյունքում՝ բոլոր երկրները կստանան ծովի՝ ջրային տարածքների 20 տոկոսը:

1990-ականներին, երբ Իրանն առաջ քաշեց Կասպից ծովի երկրների կազմակերպության ստեղծման գաղափարը, Ադրբեջանը կտրուկ դեմ արտահայտվեց նման կառույցի ստեղծմանը` այն գնահատելով որպես այլ երկրների ներկայությունը Կասպից ծովում սահմանափակելու փորձ: Նման քաղաքականության մեջ պաշտոնական Բաքվին ակտիվորեն պաշտպանում էին արևմտյան երկրները: Ունենալով նրանց աջակցությունը` Ադրբեջանը հայտարարում էր, որ Կասպից ծովի հիմնախնդիրը տարածաշրջանայինից վերաճել է համաշխարհայինի:

Այս ամենով պայմանավորված՝ Կասպից ծովի հիմնախնդիրը Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա ազդող բացասական գործոններից է:

Քաղաքական խնդիրներից բացի՝ հակասություններ կան նաև բնական պաշարների մասով․ Կասպից ծովը նույնպես հարուստ է նավթով ու գազով։ Այս առիթով՝ Թեհրանի և Բաքվի միջև սուր կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել «Ալով-Արազ-Շարղ» հանքավայրի շուրջ։

1998 թվականի հուլիսի 21-ին Ադրբեջանը արտասահմանյան մի քանի ընկերությունների հետ այդ հանքավայրի արդյունահանման վերաբերյալ համաձայնություն էր կնքել: 2001 թվականի հուլիսի 21-ին Իրանը հայտարարեց, որ թույլ չի տա իր իրավունքներն ու ազգային շահերը խախտել Կասպից ծովում: Ադրբեջանը, այնուամենայնիվ, փորձեց իրագործել այդ նախագիծը, բայց հուլիսի 23-ին Իրանի ռազմածովային ուժերի պահանջով անմիջապես դադարեցրեց։

Բաքուն պաշտոնապես հայտարարեց, որ կխոցի Ադրբեջանի տարածք ներխուժող իրանական ցանկացած ինքնաթիռ, ԱՄՆ-ն էլ Ադրբեջանին աջակցելու իր պատրաստակամությունը հայտնեց։ Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Թուրքական աստղեր» ավիաէսկադրիլիան Բաքվի երկնքում ցուցադրական վարժանքներ իրականացրեց: Արդեն պարզ էր, որ Կասպից ծովը կարող է մասշտաբային հակամարտության վայրի վերածվել, սակայն ժամանակի ընթացքում լարվածությունը սառեց։

2007 թվականին մերձկասպյան երկրների՝ Թեհրանում անցկացված երկրորդ[1] համաժողովի ավարտին ստորագրվեց 25 կետից բաղկացած հռչակագիր: Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ երկրները պայմանավորվեցին թույլ չտալ, որ մերձկասպյան 5 երկրներից որևէ մեկի տարածքն օգտագործվի ընդդեմ մյուսի: Ըստ էության՝ այս պայմանավորվածությունն առաջին հերթին նշանակում էր, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին չպետք է թույլ տա օգտագործել իր տարածքը՝ ընդդեմ Իրանի: Բացի այդ՝ կողմերը հայտարարեցին, որ Կասպից ծովի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին նաև 2009 թ., երբ Իրանը նավթային իր պլատֆորմը տեղադրեց այն տարածքում, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ուներ: Այս ամենին զուգահեռ՝ Իրանը Կասպից ծովում ավելացնում էր նաև իր ռազմական ներուժը։

2013 թվականի հուլիսին ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ իր զորամիավորումներն է տեղակայելու Կասպից ծովում։ Սրանից հետո չեղարկվեց Ադրբեջանի ՌԾՈՒ ղեկավարի այցը Իրան։ Թեհրանը հայտարարեց, որ այցը չեղարկվել է, իսկ Բաքվից արձագանքեցին, որ ուղղակի հետաձգվել է։ Համենայնդեպս, այցը չկայացավ, իսկ սեպտեմբերին Իրանի բանակի ՌԾՈւ ղեկավարը հայտարարեց. «Որոշ երկրներ հետաքրքրված են տարածաշրջանում հավասարակշռության խախտմամբ, իսկ հարևան մի շարք երկրներ, չի բացառվում՝ քայլեր ձեռնարկեն՝ Կասպից ծովում իրավիճակը սրելու ուղղությամբ»։ Ադրբեջանական կողմից, սակայն, առարկեցին, որ իրենց ռազմածովային ուժերի արդիականացումը որևէ մեկի դեմ ուղղված չէ, առավել ևս՝ տարածաշրջանի կայունության դեմ։

2015թ. ապրիլին Ադրբեջան կատարած այցի ժամանակ ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով Կասպից ծովի ավազանում տիրող մրցակցությանը, ընդգծել էր, որ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և Կասպից ծովի շուրջ առկա տարաձայնությունները չպետք է հիմք դառնան սպառազինության մրցավազքի համար։ Բայց, անկախ դրանից, երկու կողմերն էլ զինվում էին․ ընդ որում՝ Ադրբեջանը՝ Իսրայելի օգնությամբ, ինչն ավելի էր սրում իրանական կողմի հակադրությունը։

Լարվածության թուլացում՝ հիմնախնդրի պահպանմամբ

Կասպից ծովի առափնյա 5 երկրների տարաձայնությունների հարթմանն ուղղված բանակցություններում որոշակի դրական դինամիկա արձանագրվեց 2014 թվականին Աստրախանում անցկացված 4-րդ գագաթաժողովից հետո։ Նիստին նախատեսվում էր վերջնականապես լուծել Կասպից ծովի իրավական կարգավիճակը, սակայն՝ չհաջողվեց։ Փոխարենը՝ կողմերը մի քանի մասնավոր հարցեր կարգավորեցին։ Որոշվեց, որ երկրները համագործակցելու են արտակարգ իրավիճակների չեզոքացման հարցում: Սա թույլ տվեց միջոցներ ձեռնարկել հատկապես Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության ռազմական մասը թուլացնելու համար։․Արդյունքում՝ մերձկասպյան պետությունների ռազմանավերը սկսեցին փոխայցելություններ կատարել, ծանոթանալ, համատեղ փրկարարական վարժանքներ անել և այլն։ Սրան մասնակցություն ունեցան նաև Ադրբեջանն ու Իրանը։

2016 թ. հոկտեմբերի 18-ին Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» էսկադրային ականակիրի և «Ջոշան» հրթիռային նավի անձնակազմերը բարեկամական եռօրյա այցով մեկնեցին Ադրբեջան: Այս ընթացքում հանդիպում անցկացվեց Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարության հետ: Իրանական նավի անձնակազմը այցելեց նաև Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոց:  Այցի ավարտին կողմերը նաև համատեղ վարժանք անցկացրին: Մինչ այցը՝ հոկտեմբերի 16-ին, Իրանի ՌԾՈւ դերծովակալ Աֆշին Ռեզային հայտարարել էր, որ այցի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Իրանը ջանքեր է գործադրում՝ Կասպից ծովում անվտանգության ամրապնդման համար: Վերջինս նաև նշել էր, որ հաջորդող 6 ամիսների ընթացքում Իրանը շարունակական է դարձնելու դրանք։ Ավելին՝ նախատեսվում են նաև այլ երկրների նավերի այցեր Կասպից ծովի իրանական ափեր:

Ադրբեջանն իր հերթին բարեկամական այցով Իրան նավախումբ ուղարկեց 2017 թվականի հոկտեմբերին: Հանդիպումներ եղան հյուրերի և ընդունող երկրի ռազմածովային հրամանատարության միջև։ Ավելի ուշ՝ 2017 թվականին՝ Ռուսաստանի նախաձեռնած Միջազգային բանակային խաղերի «Ծովային գավաթ» մրցույթի շրջանակներում, Իրանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները կրկին մեկնեցին Բաքու։

Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական մերձեցումներ տեղի ունեցան 2018թ ։ մարտին, երբ Հասան Ռոուհանիի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ կողմերը հուշագիր ստորագրեցին Կասպից ծովի ածխաջրածնային պաշարների համատեղ շահագործման մասին[2]: Թեև հստակ չէր նշվում, թե խոսքը որ հանքավայրերի մասին է, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վիճելի համարվող հանքավայրերի շուրջ։

Ավելի ուշ՝ 2018 թվականի օգոստոսին, Կասպից ծովի առափնյա 5 պետությունները ստորագրեցին Կասպից ծովի կոնվենցիան, որը թեև չկարգավորեց ծովի սահմանազատման հարցը, սակայն կողմերը կրկին արձանագրեցին Իրանի համար կարևոր կետերը։ Ըստ որոնց՝․

  • կասպյան 5 պետություններից բացի՝ արգելվում է որևէ այլ երկրի զինված ուժերի ներկայությունը Կասպից ծովում,
  • 5 պետություններին արգելվում է սեփական տարածքը տրամադրել՝ կասպյան մյուս պետությունների նկատմամբ ռազմական ագրեսիայի համար:

Թեև սա որոշակի թուլացրեց լարվածությունը, սակայն Կասպից ծովում Ադրբեջանի միջոցով օտար ուժերի ներկայության հարցը մնաց Իրանի հիմնական մտահոգություններից մեկը, քանի որ Բաքուն հետագայում անտեսեց այդ կոնվենցիայում տեղ գտած առանցքային դրույթները։

2021 թ․ սեպտեմբերի 2-13-ը Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություն անցկացրին Կասպից ծովում՝ խաղարկելով «ահաբեկիչների վնասազերծման» գործողություններ: Սեպտեմբերի 13-ին զորավարժության անցկացմանն արձագանքեց իրանական կողմը: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարեց. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան այս հարցն ամբողջությամբ հստակեցրել է: Առափնյա 5 երկրները համաձայնության են եկել առ այն, որ այդ 5 երկրներից բացի՝ այլ երկրների ռազմական ներկայությունը անօրինական է»:

Իրանական արձագանքին հաջորդեցին ադրբեջանական լրատվադաշտի «հակափաստարկները»։ Ըստ դրանց՝ Բաքուն չի խախտել կոնվենցիան, քանի որ այնտեղ ամրագրվել է արտատարածաշրջանային տերությունների ռազմական ներկայության անթույլատրելիության հարցը, իսկ Թուրքիան տարածաշրջանային երկիր է: Այս «հակափաստարկն», իհարկե, անհիմն էր, քանի որ կոնվենցիայով հստակ սահմանված է՝ առափնյա 5 երկրներից բացի ցանկացած այլ երկրի ներկայության անթույլատրելիությունը։

Կասպից ծովի հարցում, փաստացի, Իրանի ու Ադրբեջանի խորքային տարաձայնությունները շարունակում են մնալ։ Ավելին՝ այժմ Թեհրանը ջանքեր է գործադրում ծովում ոչ միայն արևմտյան երկրների ազդեցության բացառման համար, այլև՝ Թուրքիայի։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ Կովկասում Թուրքիայի դերկատարման ամրապնդմանը զուգահեռ, Թեհրանի համար անընդունելի է նաև որևէ ձևաչափով Կասպից ծովում Անկարայի ներկայությունը: Այս ամենը Թեհրանը դիտարկում է որպես Իրանի շուրջ օղակը սեղմելու, տարածաշրջանային կարևոր մեգանախագծերից դուրս թողնելու, տարանցիկ երկրի դերկատարությունը նվազեցնելու փորձերի շարունակություն։ Այս գործընթացում իր անմիջական մասնակցությունն է ունենում Ադրբեջանը, որը շարունակում է Կասպից ծովում տարաձայնությունների հրահրման առաջամարտիկը լինել։

[1] Կասպյան առաջին գագաթաժողովը կայացել է 2002-ին Թուրքմենստանում, երկրորդը՝ 2007-ին Իրանում, երրորդը՝ 2010-ին Ադրբեջանում, չորրորդը՝ 2014-ին Ռուսաստանում։

[2] ایران و آذربایجان سند همکاری نفتی امضا کردند,Petro Energy Information Network, 28.03.2019, https://www.shana.ir/news/282029/, հասանելի է 08.05.2019:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում