2024

Իրանը` Իսրայել-Ադրբեջան համագործակցության թիրախ

Իսրայել-Ադրբեջան խորը և համապարփակ հարաբերությունները արդարացի մտահոգություններ են առաջացնում Իրանում. արդյո՞ք հյուսիսային հարևանը Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու հարթակ չէ Իսրայելի համար։

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ադրբեջանի հետ` այնտեղ բացելով դեսպանատուն: Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը Իսրայելի առաջին վարչապետ Բեն Գուրիոնի «Շրջագծի հայեցակարգի» տրամաբանության շրջանակներում էր: Հայեցակարգը ենթադրում էր մուսուլմանական, բայց ոչ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացում: Բացի այդ` Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր է Իրանին սահմանակցելու և նավթային ռեսուրսներ ունենալու տեսանկյունից: Իսրայելն էլ իր հերթին ադրբեջանական նավթի կայուն գնորդ է և սպառազինության ձեռքբերման հուսալի աղբյուր: Այս գործոնները նպաստել են Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակական սերտացմանն ու զարգացմանը:

Բաքվի ու Թել Ավիվի համագործակցության խորացումն իր հերթին առաջացրել է Թեհրանի դժգոհությունն ու մտահոգությունը: Իրանի տեսանկյունից՝ Իսրայելը փորձում է ներկայություն ապահովել Իսլամական Հանրապետության հարևանությամբ՝ վերջինիս շուրջ օղակը սեղմելու և Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու նպատակով: Այս մտահոգություններն արդարացվել են Իսրայելից Ադրբեջանի աննախադեպ ռազմական գնումների և Թեհրանի դեմ Իսրայելի հետախուզական ծառայությունների գործունեության հետևանքով:

Այդ գործընթացը հատկապես ակտիվացել է 2010-ական թվականներից սկսած:

2011 թվականին գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ հայտնի «Վիքիլիկս» կայքը հանրայնացրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմարարի՝ 2009 թվականի հունվարին Վաշինգտոնին հղած «Ադրբեջանի իսրայելական երկերեսանի քաղաքականությունը» նամակը: Այստեղ նշվում է, որ Ադրբեջանն ու Իսրայելը Իրանը դիտարկում են որպես անվտանգային սպառնալիք:  Նամակում հավատարմատարը մեջբերել է Ադրբե- ջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները բնութագրող հետևյալ խոսքերը. «սա ընդամենը այսբերգի երևացող մասն է. մնացած մասերը տեսանելի չեն»:

«Այսբերգի չերևացող մասը» որոշակիորեն տեսանելի դարձավ հաջորդող տարիներին: Մասնավորապես՝ 2010 թվականին և 2012 թվականին Իսրայելը իրանցի միջուկային ֆիզիկայի բնագավառի մի քանի գիտնականների  սպանութ- յուններ կազմակերպեց։ Այդ սպանությունների բացահայտումից հետո Թեհրանը Բաքվին մեղադրեց Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսսադի» հետ համագործակցության և Իրանի դեմ կատարվող իսրայելական դիվերսիային անուղղակի մասնակից լինելու մեջ:

2012 թվականի փետրվարին Իրանում  Բաքվի դեսպանը հրավիրվեց Իրանի ԱԳՆ, որտեղ դեսպանից պահանջեցին կանխել Ադրբեջանի տարածքից Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հետախուզական ծառայության գործունեությունը (հատկանշանական է, որ օրերս Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը հերթական անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը դերակատարում է ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառի գիտնականների սպանության գործում):

2012 թվականի փետրվարին հայտնի դարձավ Ադրբեջանի և Իսրայելի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմատեխնիկական գնումների պայմանագրի կնքման մասին: Ուշագրավն այն է, որ այս պայմանագրով, ի թիվս ԱԹՍ-ների, ռադիոտեղորոշման համակարգերի, Ադրբեջանին են վաճառվել նաև հականավային հրթիռային համակարգեր, մոտորանավակներ, ռազմածովային այլ  սպառազինություն: Դեռևս 2010-ական թվականների սկզբին Իսրայելն Ադրբեջանին էր վաճառել նաև մի քանի տեսակի ռազմանավեր արտադրելու տեխնոլոգիաներ (հենց Ադրբեջանում էլ հավաքվել են իսրայելական մշակման ռազմանավերը)։

Նման սպառազինությունը, բնականաբար, Ադրբեջանը չէր կարող օգտագործել Հայաստանի դեմ: Այն կարող էր կիրառվել Կասպից ծովում, որտեղ Բաքուն խնդիրներ ունի Իրանի հետ, իսկ նման զինատեսակների գնումն առաջին հերթին կարող է ուղղված լինել Իրանի դեմ:

Գործարքի առնչությամբ կրկին Իրանի ԱԳՆ հրավիրվեց Ադրբեջանի դեսպանը, որը փորձեց հավաստիացնել, որ այդ սպառազինությունը ուղղված չէ Թեհրանի դեմ: Նույն հավաստիացումները տալու համար 2012 թ. մարտին Թեհրան մեկնեց Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։ Չնայած դրան՝ մեկ ամիս անց՝ ապրիլին,  ադրբեջանական բանակը Կասպից ծովում զորավարժություն անցկացրեց՝ փորձարկելով իսրայելական սպառազինությունը։ Զորավարժությանը ներգրավվել էր աննախադեպ թվով անձնակազմ ու զինտեխնիկա՝ 1200 նավաստի, 21 նավ, 20 արագընթաց մոտորանավ, 8 ուղղաթիռ: Վարժանքներին նավաստիները խաղարկել են պայմանական ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու գործողություններ, սակայն տարօրինակ կերպով այդ ահաբեկչական խմբավորումն ունեցել է ուղղաթիռներ, սուզանավ և խոշոր այլ սպառազինություն (որպիսին ահաբեկչական խմբերը չեն ունենում)։ Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել, որ Իրանի Կասպյան նավատորմում ձևավորվել էր նոր դիվիզիա, որը սպառազինված էր արագընթաց մոտորանավերով, սուզանավերով։

2012 թվականին լուրեր շրջանառվեցին նաև, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանին ավիաբազաներ է տրամադրել Իսրայելին, որը, սակայն, Բաքուն հերքեց:

Հաջորդ աղմկահարույց միջադեպը 2014 թվականին էր: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ իսրայելական արտադրության Hermes-450 ԱԹՍ էր խոցել: Իրանից հայտարարեցին, որ ԱԹՍ-ն Ադրբեջանի տարածքից էր օդ բարձրացել, և չնայած Բաքուն կտրականապես հերքեց դա` իրանական կողմը հետագայում էլ շարունակեց պնդել, որ ԱԹՍ-ն Իրանում էր հայտնվել Ադրբեջանի տարածքից․ «Երբ շուրջ երկու տարի առաջ Ադրբեջանից իսրայելական անօդաչու եկավ Իրանի տարածք, մենք նրանց բողոքի նոտա հղեցինք և զգուշացրինք, որ դա Իսրայելի ձեռքի գործն է: Իսրայելցիները նրանց հետախուզական ապարատում ազդեցություն են գտել: Բայց այդ ժամանակ Ադրբեջանի նախագահի համար դժվար էր դա ընդունել: Երբ ես անձամբ գնացի և զրուցեցի նրանց հետ, մեկ տարի անց պարզվեց, որ Ադրբեջանում իսրայելական լրտեսական ցանց կա»,- 2016 թվականին  հայտարարել էր Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը:

Հակաիրանական գործողություններում Ադրբեջանի անունը կրկին շրջանառվեց 2018 թվականին: Մասնավորապես՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իրենց հատուկ ծառայությունները Թեհրանից հափշտակել են կես տոննա փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանը շարունակում է իր միջուկային ծրագիրը: Արաբական մամուլը տեղեկություններ տարածեց, որ այդ ամբողջ արխիվը իսրայելական հատուկ ծառայությունները տեղափոխել են Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը նշվածը համարեց ապատեղեկատվություն: Ուշագրավ է նաև այն, որ, ըստ Նեթանյահուի, միջուկային ծրագրի ղեկավարը գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն էր, ով իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվեց 2020 թվականի նոյեմբերի վերջերին: Սպանությունից հետո իրանական լրատվական դաշտը, որպես հավանական մասնակից այդ գործողությանը, կրկին մատնացույց արեց Ադրբեջանին: Սակայն, կասկածները փարատելու համար Ադրբեջանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը շտապեցին  ցավակցություններ հայտնել իրանական կողմին։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ:

Պատերազմի ընթացքում իսրայելական արտադրության ԱԹՍ-երը հայտնվում էին նաև Իրանի տարածքում և խոցվում իրանական ՀՕՊ համակագի կողմից:

Իրանի մտահոգություններն ավելի խորացան, երբ Արցախի բռնազավթված տարածքներում իսրայելական ընկերությունները սկսեցին շինարարական աշխատանքներ կատարել: Մյուս կողմից` Իրանը Իսրայելին համարում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շահառուներից և Հարավային Կովկասում անկայունություն ստեղծող գործոններից մեկը։

2021թ․ աշնանը, երբ խիստ լարվել էին Բաքու-Թեհրան հարաբերությունները, Իրանը հայտարարեց, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործում է իր դեմ։ Մասնավորապես՝ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին հայտարարեց, որ Իսրայելն Ադրբեջանի սահմանների մոտ ներկայություն ունի, սակայն նրանց բազաների թվի մասին ստույգ տեղեկություն չկա։   

«Իսրայելցիները լրտեսություն են իրականացնում Իրանի սահմանների զգայուն հատվածներում, սակայն նրանց գործողությունները լիովին վերահսկում ենք: Նրանք Իրանի զսպող ուժի մասին գիտեն, այդ պատճառով միակ բանը, որ կարողանում են անել` տարածաշրջանի երկրներին սադրելն է: Տարածաշրջանի երկրներից իսրայելցիներն ամենաակտիվն Ադրբեջանում են»,- ընդգծել էր զինվորականը։

«Ադրբեջանում Իսրայելի հետախուզական ներկայությունն այդ երկրի օգտին չէ, և մենք սիոնիստական ռեժիմին թույլ չենք տա մեր հարևանությամբ լրտեսական գործունեություն ծավալել»,- հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը:

Այդ շրջանում Իրանի զինված ուժերը «Խայբարը նվաճողները» խորագրով զորավարժություն անցկացրին Ադրբեջանի սահմաններին։ Զորավարժության խորագիրն ինքնին ուղերձ էր պարունակում, քանի որ Խայբարն Արաբական թերակղզում հրեաներով բնակեցված շրջան է եղել, որը նվաճել է Մոհամմադ մարգարեն։ Հետագայում հրեաներին վտարել են այդ տարածքից։

Հաջորդ տարի նույն ժամանակահատվածում Իրանը կրկին զորավարժություն անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին՝ «Հզորություն» խորագրով։ Այդ օրերին  Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարը, որի այցը  Իրանում ընկալվեց Թեհրանի դեմ ուղղված քայլ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին զորավարժության մեկնարկի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել էր. «Ցավոք սրտի, սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ: Այդ երկրների կառավարություններին ասում ենք՝ Իսրայելին ձեր երկրում տեղ մի´ տվեք, քանի որ սիոնիստական ռեժիմը անկայունության աղբյուր է: Մենք ցանկացած պայմաններում վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը, բայց դուք խնդիրներ կունենաք:

Հարևանների հետ մեր քաղաքականությունը հիմնված է բարեկամության, բարիդրացիության և քաղաքական փոխգործակցության վրա, բայց, եթե այս հարևանների միջոցով վտանգվի Իրանի ժողովրդի անվտանգությունը և մեր երկրի համար սպառնալիք ստեղծվի, ապա մեր քաղաքականությունը նույնպես կփոխվի»:

Իրանում մեծ դժգոհություն առաջացրեց նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, որն իրանցի պաշտոնյաներն անվանեցին դավաճանություն իսլամական աշխարհին և պաղեստինյան երազանքին։

«Ադրբեջանի կառավարությունը անհավատալի և իսլամական աշխարհի շահերին հակասող վարքագիծ է դրսևորել և կեղծ ռեժիմի համար դեսպան է ներկայացրել։ Ադրբեջանի իշխանությունների այս քայլը քաղաքական բացասական շատ հետևանքներ է նրանց համար ունենալու, և մուսուլմանական աշխարհը նրանց սիոնիստական ռեժիմի կողմից ճնշված պաղեստինցիների դեմ հանցագործությունների ու սպանությունների հանցակից է համարելու»,- հայտարարություն էին տարածել Իրանի խորհրդարանի պատգամավորները։

Հետագայում Իրանից կտրուկ արձագանքեցին նաև 2023 թ․ մարտին Իսրայելի արտգործնախարարի Ադրբեջան այցին և տեղում նախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այն անվանել էր «Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու սիոնիստական ​​ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույց»։ Խոսնակը Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունները հակաիրանական էր որակել և Ադրբեջանի իշխանություններից բացատրություն պահանջել:

Իրանում մեծ դժգոհություն է առաջացնում Գազայի հատվածում ընթացող պատերազմում Ադրբեջանի դիրքորոշումը, մասնավորապես՝ Իսրայելին նավթի մատակարարումները։ Իրանի արտգործնախարարը իսլամական երկրներին բազմիցս կոչ է արել դադարեցնել Իսրայելին նավթի մատակարարումներն ու խզել այդ երկրի հետ տնտեսական ու դիվանագիտական կապերը։ Իրանի կոչերն ուղղված են նաև Անկարային` առանց որի մասնակցության նավթի մատկարարումները հնարավոր չէին լինի։ Ի նշան բողոքի՝ Իրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույցեր են անցկացվեցին, որոնք ուղղված էին Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի դեմ:

Ադրբեջանին քննադատել են նաև Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները։ Արևելյան Ատրպատականում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ ալ Հաշեմը, պաղեստինյան իրադարձություննների համատեքստում դիմելով Իլհամ Ալիևին, հայտարարել է. «Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի այս իրադարձություններից և հասկանա, որ Ադրբեջանի տարածքները չպետք է սիոնիստական օկուպանտ ռեժիմի տնօրինության տակ դնի, քանի որ Իսրայելը, որտեղ որ մուտք է գործում, այնտեղի տիրակալն է իրեն համարում: Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ պաղեստինցի երեխաների ու կանանց արյունը գետնին է թափվում Ադրբեջանի կողմից Իսրայելին մատակարարվող նավթի ու գազի պատճառով: Եթե Պանդորայի փաստաթղթերը արտահոսեն, Իլհամ Ալիևը Ադրբեջանի երիտասարդների առջև ամոթահար կլինի»:

Իսկ Արդաբիլում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին հայտարարել էր. «Հազար ամոթ ու անարգանք այն կառավարություններին, որոնք, եթե ընդամենը Իսրայելից հետ կանչեին իրենց դեսպաններին ու նավթ չուղարկեին, այս հանցագործությունները տեղի չէին ունենա, այդ իսկ պատճառով նրանք հանցակիցներն են: Նրանց ժողովուրդները ևս հանցակիցներ են, քանի որ չեն կանխել իրենց կառավարությունների սարսափելի հանցագործությունները: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ իսլամական երկիրն է մատակարարում Իսրայելի նավթի 40%-ը, և օրական 50,000 բարել նավթ է ներկրվում Հայֆայի նավթավերամշակման գործարան: Տարօրինակ է, որ այդ երկիրը պատերազմի սկսվելուց հետո 8%-ով ավելացնում է իր նավթի արտահանումն Իսրայել։ Հիմա Իսրայելի տանկերն ու ինքնաթիռներն աշխատում են հենց այդ 48% նավթով: Եթե այս երկիրը դադարեցնի իր նավթի արտահանումը, պատերազմը մեկ օրում կավարտվի»։

Այսպիսով` Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն ու դրանց զարգացման տարբեր դրսևորումները լուրջ մտահագություն են առաջացնում Իրանում՝ պատճառ դառնալով Ադրբեջանի նկատմամբ անվստահության։ Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ ձեռնարկված գործողություններն էլ ավելի են խորացնում այդ անվստահությունը՝ պարբերաբար լարում առաջացնելով Թեհրան-Բաքու հարաբերություններում։