2024

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ ադրբեջանական լրատվամիջոցների թիրախում

Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հոդվածում, մայիսի վերջին Վարշավայի հենց կենտրոնում՝ Kościołem Sióstr Wizytek եկեղեցու շենքի դիմաց, բացվեց «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Այն կազմակերպվել էր Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսում քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական՝ ջնջելով հուշարձանների հայկական ինքնությունը։

Սա Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի կոպիտ խախտում է։ Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ հայկական ժառանգությունը յուրացնելու նպատակով ադրբեջանական պետական քարոզչամեքենան իր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին օգտագործում է սեփական շահերի համար, իսկ Ադրբեջանում բնակվող ուդիական համայնքը բացառություն չէ։

Վերջերս ադրբեջանական կայքերից մեկը, անդրադառնալով Վարշավայում կայացած լուսանկարչական ցուցահանդեսին, նշել է, որ մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելն ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում և ճանաչվում՝ որպես ազգերի և հավատքների միջև հարաբերություններ կառուցելու մոդել, և որ ազգերն ու հավատքներն իսկապես ապրում են Ադրբեջանում՝ խաղաղության և լիակատար փոխըմբռնման պայմաններում։

Ադրբեջանական քարոզչամեքենան, որքան էլ միջազգային հանրությանը փորձի մոլորեցնել իր «դեմոկրատ», «բազմամշակութային» և «հանդուրժող» կերպարով, միջոցներ վատնի այդ կերպարը հանրայնացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, բավական է հիշել նրանց վարած քաղաքականությունը Արցախում՝ հայկական ինքնության և մշակութային ժառանգության հանդեպ՝ յուրացնելով, քանդելով և աղավաղելով այն։

Հետաքրքրական է, որ նույն հոդվածագիրը անդրադարձել է նաև մեր՝ «Գեղարդ» հիմնադրամի հրապարակած նյութին՝ նշելով, որ Հայաստանի հանրային էջերում շրջանառվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը, այնուհետև իբր «ներկայացնում է» հիմնադրամի ստեղծման պատմությունն ու առաքելությունը: Հոդվածագիրն ինքնին հաստատում է հիմնադրամի գործունեությունը․ այն է՝ «պայքարը հակահայկական քարոզչության դեմ» (ավելացնենք՝ նաև՝ ադրբեջանական պատմագիտական կեղծիքների դեմ)։

Ադրբեջանական լրատվական էջը, իբր «հակընդդեմ փաստարկ» «Գեղարդ» գիտավերլուծական հիմանդրամի հրատարակած հոդվածին, մեկնաբանության համար դիմել է Ադրբեջանի Աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին: Վերջինս նշել է, որ․ «Միջոցառումը կապված էր ոչ թե հայերի հետ, այլ՝ Ադրբեջանում առկա քրիստոնեական ժառանգության։ Մենք նպատակ էինք դրել ցույց տալ, թե ինչպես են կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները վերականգնվում և պաշտպանվում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը երկդիմի է՝ մի կողմից՝ ուղղված հայկական ժառանգության յուրացմանը, հայկական հետքի վերացմանը, մյուս կողմից՝ միջազգային հանրության շրջանում իր «ժողովրդավար» և «հանդուրժող» կերպարի «ստեղծմանը»։