2026
2024-05-22
Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց հայտարարություն այն մասին, որ Հռոմում կայացած G7 երկրների հասարակական կազմակերպությունների գագաթնաժողովին մասնակցած մի շարք կազմակերպություններ աջակցում են Ադրբեջանին՝ որպես COP29-ի հյուրընկալողի (2024 թ. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որն առավել հայտնի է որպես COP29 և կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-14-ը, կլինի Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը): Հայտարարությունը ստորագրել են 8 երկրների 30 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական-հասարակական կազմակերպություններս, աջակցում ենք COP29-ի նախագահությանը և Ադրբեջանին՝ հյուրընկալող երկրին` գլոբալ հանրությանը դեպի կայուն ապագա ուղղորդելու կենսական առաքելության հարցում... Այս ձեռքբերումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարողանում է արդյունավետ, բազմակողմ դիվանագիտություն վարել և ընդգծում է նրա վճռական դերը` սերունդների կայուն ապագայի ձևավորման գործում: Մենք հավատում ենք, որ COP29-ով Ադրբեջանը ավելի կնպաստի համագործակցության խորացմանը և աշխարհին կուղղորդի կոնսենսուսի հաստատմանը»:
Հարկ է հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի «բնապահպաններ», «բնապահպանական պատճառաբանությամբ», շրջափակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` շուրջ 120 հազար արցախահայությանը թողնելով առանց սննդի և առաջին անհրաժեշտության իրերի:
Հատկանշական է, որ շրջափակման ինն ամիսների ընթացքում G7-ի երկրների ներկայացուցիչները, և, ոչ միայն, բազմիցս դիմել են Ադրբեջանին` դադարեցնելու անհիմն «էկոակտիվիզմը» և կենսաբանական ցեղասպանությունը Արցախում: Միջանցքը բացելու կոչեր են արել ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, մի խումբ կոնգրեսականներ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Կիպրոսի ԱԳՆ-ն, սակայն Ադբեջանը շարունակել է իր արհամարհական վերաբերմունքը` ուղղված միջազգային կառույցների կոչերին: Հետևաբար` միջազգային կառույցների աջակցությունը Ադբեջանին` որպես COP29-ի հյուրընկալողի, կնպաստի ալիևյան ռեժիմի ցեղասպան գործողություններին ու մտադրություններին:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է միջազգային այդ կազմակերպությունների նման մոտեցումը և կոչ է անում չկիրառել երկակի ստանդարտներ: Սեփական շահից ելնելով՝ ալիևյան բռնապետությանը ցուցաբերված ցանկացած աջակցություն նշանակում է` աջակցություն աշխարհում կատարվող ցեղասպանական գործողություններին, հակաժողովրդավարական գործընթացներին և տարածաշրջանի ապակայունացմանը: