2024
Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։
Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը[1], որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին[2]: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ զանգվածաբար տեղափոխվել են միայն 19-րդ դարում` ռուսական իշխանությունների կողմից:
Ադրբեջանի` 8-րդ դասարանի պատմության դպրոցական դասագրքում նշվում է նաև, որ Երևանի խանությունում իբրև թե ադրբեջանցի թուրքերի բնակվելու մասին են վկայում այդ շրջանին պատկանող տեղանունները, տվյալ ժամանակաշրջանում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդների, նույնիսկ`որոշ հայ պատմաբանների տեղեկությունները:
Որպես հիմնավորում` նշում են հայ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի այն կարծիքը, որ, սկզբնաղբյուրների համաձայն, հայերը 18-րդ դարում կազմում էին Երևանի բնակչության փոքրաթիվ մասը, իսկ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում[3]։ Սակայն, հարկ է նշել, որ այդ շրջանում ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չուներ, իսկ եղած տեղեկությունները` բնակչության թվակազմի մասին, վերաբերում են ոչ թե Երևան քաղաքին, այլ՝ միայն բերդի ներսում ապրողներին[4]։ Իսկ Երևանում եղել է մեծաքանակ հայ բնակչություն։
Այսպիսով` այդ դասագրքերում տեղ գտած տեղեկությունը` Երևանի բնակչության մասին, հիմնազուրկ է։ Բացի այդ` հայերի թվաքանակի որոշակի նվազումը պայմանավորված էր թուրք-պարսկական երկարատև պատերազմներով և, հատկապես, պարսից շահ Աբբասի` 1604 թվականին իրականացրած բռնագաղթով:
Ի հավելումն նշենք, որ եվրոպացի ճանապարհորդները, որոնք այցելել են տարածաշրջան, տեղեկություններ են հաղորդել ոչ միայն Երևանի մուսուլման բնակչության, այլև քաղաքում մեծամասնություն կազմող հայերի մասին: Պահպանվել է Իսպանիայի թագավորի պատվիրակ Անտոնիո դե Գուվեայի 1608 թ․ վերաբերող հիշատակությունը, որի համաձայն, Երևանը ողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքն ու մայրաքաղաքն էր, որն ամբողջությամբ բնակեցված էր հայերով[5]։
1631-1633 թթ․ Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն իր «Վեց ճանապարհորդություններ» աշխատության առաջին հատորի «Պարսկական ճանապարհորդություն» մասում, նկարագրելով Երևան քաղաքի հատակագիծն ու ընդհանուր համայնապատկերը, խոսում է «քրիստոնյա հայերով բնակեցված թաղամասերի» մասին[6]։ Երևանի բերդի ու քաղաքի հնագույն եկեղեցիները նկարագրելիս նա նշում է, որ քաղաքը բնակեցված էր բացառապես հայերով[7]։
Ադրբեջանցի հեղինակներն այդ դասագրքերում հիշատակում են նաև, որ իբրև քրիստոնյա փոքրաթիվ բնակչության` հայերի առաջին մուտքը տարածաշրջան անմիջականորեն կապված էր 1441 թվականի` Կիլիկիայից հայոց կաթողիկոսության` Երևանի մոտ գտնվող Ուչքիլսե (Էջմիածին) տեղափոխման հետ: Նրանք նշում են, որ հետագայում իբր հայոց կաթողիկոսները ադրբեջանցիների հողերը յուրացնում էին և ընդարձակում իրենց հողակալվածքները[8]։
Հարկ է նորից հստակեցնել, որ այդ ժամանակաշրջանում որևէ ադրբեջանցի չի ապրել Երևանում կամ շրջակա տարածքներում, բացի այդ` տեղի պարսկական, մուսուլմանական իշխանության ներկայացուցիչներն իրենք էին խլում հայ գյուղացիների հողերը կամ վտարում նրանց իրենց պապենական հողերից։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հողակալվածքները` որպես եկեղեցապատկան, պարսկական իշխանությունները հատուկ հրամանագրերով էին հաստատում։ Այսինքն`այդ հողերը եկեղեցու օրինական սեփականությունն էին հանդիսանում։ Ադրբեջանցի հեղինակները նման անհիմն հնարքներով կեղծում են նաև հայկական Արցախի պատմությունը։ Արցախն այդ դասագրքերում ներկայացվում է որպես բնիկ թյուրքական տարածք, իսկ հայերի հաստատվելը այդ տարածքում նշվում է միայն 1828 թվականից հետո[9]։
Նշենք, որ Արցախը հայկական այն տարածքներից է, որտեղ մինչև 2023 թ․ հայերը միշտ կազմել են բացարձակ մեծամասնություն։ Այստեղ մշտապես եղել են հայկական իշխանություններ, և միայն 18-րդ դարի կեսերին Շուշիում թյուրքական ծագում ունեցող Փանահ խանին հաջողվեց հաստատվել Շուշիում և տեղում ստեղծել Ղարաբաղի խանությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո, թյուրքախոսները կազմում էին Արցախի բնակչության փոքրամասնությունը։
Ադրբեջանական դասագրքերում շրջանառվում է նաև պատմագիտական այն կեղծ թեզը, ըստ որի, 1918 թ․ Օսմանյան պետության համաձայնությամբ, իբրև թե Ադրբեջանի պատմական հողերում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով[10]։
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը իր գոյությամբ պարտական է Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերին։ Այդ կռիվներում պարտություն կրելուց հետո թուրքական զորքերը և նրանց աջակից տեղացի թյուրքախոսները ստիպված էին ընդունել հայկական պետության գոյությունը Արևելյան Հայաստանում։
Այսպիսով` ադրբեջանական պետությունը, դեռևս դպրոցական տարիքից, սերմանում է այն գաղափարը, որ հայերն իրենց թշնամիներն են, զավթել են «իրենց պատմական հողերը» և իբր թե եկվորներ են այս տարածաշրջանում:
[1]Azərbaycan tarixi 5, https://www.e-derslik.edu.az/player/index3.php?book_id=447#books/447/units/unit-1/page101.xhtml, s. 101.
[2] Նույն տեղում:
[3] Azərbaycan tarixi 8, https://e-derslik.edu.az/player/index3.php?book_id=388#books/388/units/unit-1/page110.xhtml, s. 109-110.
[4] Եղիազարյան Ա․, Հովհաննիսյան Ա․, Ղարիբյան Ա․, Չիրոյան Ա․, Ադրբեջանցիների պատմության շարադրման հայեցակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ․ Երևանի պարագան, Երևանի միջնադարի ու նոր ժամանակների պատմությունը և ադրբեջանական կեղծարարությունը, էջ 243։ Տե՛ս նաև Կարապետյան Մ․, Երևանի բնակչության էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխությունները 1600-1724թթ․, Պատմաբանասիրական հանդես, 1986, N 2, էջ 107-108։
[5] Եղիազարյան Ա․, Հովհաննիսյան Ա․, Ղարիբյան Ա․, Չիրոյան Ա․, Ադրբեջանցիների պատմության շարադրման հայեցակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ․ Երևանի պարագան, Երևանի միջնադարի ու նոր ժամանակների պատմությունը և ադրբեջանական կեղծարարությունը, էջ 244։
[6] Շուխյան Ռ․, 17-րդ դարի Երևանը՝ Ժան Բատիստ Տավերնիեի պատկերում, https://arm.sputniknews.ru/20170917/armenia-erevan-jan-batist-tavernie-8691074.html․
[7] Եղիազարյան Ա․, Հովհաննիսյան Ա․, Ղարիբյան Ա․, Չիրոյան Ա․, Ադրբեջանցիների պատմության շարադրման հայեցակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ․ Երևանի պարագան // Երևանի միջնադարի ու նոր ժամանակների պատմությունը և ադրբեջանական կեղծարարությունը, էջ 245։
[8] Azərbaycan tarixi 8, https://e-derslik.edu.az/player/index3.php?book_id=388#books/388/units/unit-1/page110.xhtml, s. 110.
[9] Azərbaycan tarixi 5, https://www.e-derslik.edu.az/player/index3.php?book_id=447#books/447/units/unit-1/page101.xhtml , s. 99-100․
[10] Azərbaycan tarixi 9, https://www.trims.edu.az/noduploads/book/quot-azarbaycan-tarixi-quot-fanni-uzra-9-cu-sinif-ucun-darslik.pdf , s. 100.