2024

Ա. Բաքիխանովի «Դրախտային ծաղկանոց» աշխատությունը և ադրբեջանական կեղծարարությունները

Աբբաս-Կուլի-աղա Բաքիխանովը (1794–1847 թթ.), ըստ ադրբեջանական պատմաբանների, համարվում է ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիրը։ Նրա անունով է կոչվում Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը։

Մի քանի խոսք նրա կենսագրության մասին. Ա. Բաքիխանովը Բաքվի խան Միրզա Մուհամմադի որդին էր։ Իր ժամանակների համար ստացել է լավ կրթություն։ Բացի տեղական թյուրքերենից`տիրապետել է պարսկերեն, արաբերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ 1819 թ․-ից գտնվել է ռուսական ծառայության մեջ։ Մասնակցել է 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828–1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներին։ Գրել է գեղարվեստական ու պատմագրական աշխատություններ, աշխատել է նաև որպես թարգմանիչ:

Նրա ամենհայտնի ստեղծագործություններից մեկը համարվում է «Գյուլիստան-ի Իրամ» («Դրախտային ծաղկանոց») (Gülüstani-İrəm, 1841 թ.) պատմագրական երկը։ Հարկ է ընդգծել, որ նա այդ աշխատությունը գրել է պարսկերեն։ Գիրքը 1844 թ. թարգմանվել է ռուսերեն՝ «Կովկասի արևելյան մասի պատմություն» վերնագրով։ Գրքի ադրբեջաներեն թարգմանությունը  լույս է ընծայվել միայն 1951 թ.։

Ադրբեջանական պատմագրությունը փորձում է այդ աշխատությունը ներկայացնել որպես Ադրբեջանի ամբողջական պատմության շարադրման առաջին փորձ։ Խնդիրն այն է, որ աշխատությունը կարող է համարվել աղբյուր Շիրվանի, Դաղստանի և հարակից որոշ տարածքների պատմության շարադրման համար, սակայն ոչ Ադրբեջանի, քանզի մինչ այդ «Ադրբեջան պետություն» չկար տարածաշրջանում, իսկ Ադրբեջան պատմաաշխարհագրական հասկացությունը վերաբերում էր Արաքս գետից հարավ գտնվող իրանական երկրամասին։ 

Հեղինակը, հենվելով միջնադարյան արևելյան աղբյուրների վրա, առաջին գլխում շարադրում է տարածաշրջանի հին շրջանի համառոտ պատմությունը։ Երկրորդ գլուխը ներկայացնում է տարածաշրջանի պատմությունն արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Առանձին անդրադարձ կա նաև 9-րդ դարի Բաբեկի հակաարաբական ապստամբությանը։ Երրորդ գլխում համառոտ շարադրվում է տարածաշրջանի պատմությունը Հուլաղյանների, Թիմուրյանների տիրապետության օրոք, ինչպես նաև Շիրվանշահերի պատմությունը։ Կան նաև տեղեկություններ կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների մասին։ Չորրորդ գլուխը նվիրված է Սեֆյանների տերությանը, Նադիր շահին, թուրք-պարսկական պատերազմներին, դեպի Կովկաս ռուսական արշավանքներին։ Վերջին՝ հինգերորդ գլխում շարադրված են Նադիր շահի սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները մինչև Գյուլիստանի հաշտության պայմանագրի կնքումը։ Գրքի վերջաբանում հեղինակն անդրադառնում է Շիրվանի և հարակից տարածքների անվանի մարդկանց կենսագրությանը։

Չնայած ադրբեջանցիները Ա․ Բաքիխանովին համարում են իրենց պատմագրության հիմնադիրը, սակայն նրա հրատարակված գրքերում տեղ գտած մեկնաբանություններում փորձում են կեղծել պատմական իրադարձությունները` դրանք ներկայացնելով ադրբեջանական պետական քարոզչության նախանշած հրահանգներին համահունչ։ Այդ առումով հատկապես «փայլել» է ադրբեջանցի հայտնի պատմաշինարար Զիյա Բունիյաթովը (1921-1997 թթ․)[1], որի ջանքերի շնորհիվ 1991 թ․ Բաքվում ռուսերեն լույս ընծայված Բաքիխանովի «Գյուլիստան-ի Իրամ» գիրքը[2] քննադատվել է հայտնի իրանագետներ Վիլլեմ Ֆլորի և Հասան Ջավադիի կողմից: Վերջիններս նշում են գրքում տեղ  գտած մի շարք կեղծարարությունների մասին[3]։

Իսկ ինչու՞ էին Բունիյաթովը և մյուս ադրբեջանցի պատմաբանները միտումնավոր աղավաղում Բաքիխանովի գրած աշխատությունը։ Խնդիրն այն է, որ Ա․ Բաքիխանովն իր աշխատության մեջ բազմիցս հիմնվում է նաև հայ պատմիչների թողած տեղեկությունների վրա, բացի այդ` նշում հայերի և Հայաստանի մասին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև իր ապրած օրերը։ Դա, իհարկե, որևէ կերպ չի կարող տեղավորվել ադրբեջանական պաշտոնական, գաղափարախոսական կեղծ պատմագրության մեջ, որտեղ հիմնականում առաջ է քաշվում այն կեղծ թեզը, թե իբր հայերը եկվորներ են և որևէ էական դերակատարում չեն ունեցել տարածաշրջանում։

Արդյունքում ստացվում է, որ Բաքիխանովը մի կողմից ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիրն է, մյուս կողմից նա ժամանակակից ադրբեջանական ազգայնամոլական, հայատյաց պատմագիտական հայեցակարգից շեղվել էր դեռևս 19-րդ դարի առաջին կեսին։ Իհարկե, 19-րդ դարում ապրած Բաքիխանովը պատկերացում անգամ չուներ, որ ինքն ադրբեջանցի է և որ պետք է դառնար ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիրը։ 

Մի քանի օրինակներ  Բաքիխանովի գրքից` Հայաստանի և հայերի մասին:

Այսպես` ըստ Ա. Բաքիխանովի` հին Հայաստանի սահմանները անցել են Կուր գետով[4]։ Այստեղ, իհարկե, որևէ խոսք չկա Ադրբեջանի մասին։ Խոսքը վերաբերում է միայն Հայաստանին, Վրաստանին և Աղվանքին:

Բաքիխանովի գրքում տեղ են գտել նաև Սբ. Գրիգոր Լուսավորչի և հայոց արքա Տրդատի պատմությունը, Էջմիածնի կառուցումը և այլ իրադարձություններ՝ կապված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հետ[5]։ Հեղինակը միանգամայն արդարացիորեն այդ ամենը ներկայացնում է որպես վաղ միջնադարյան Հայոց պետության կարևորագույն պատմություն։ Իհարկե, չկա որևէ խոսք Ադրբեջանի մասին։    

Բաքիխանովը գրում է նաև, որ սելջուկյան սուլթան Մելիք-շահի (1072-1092 թթ.) որդի Մուհամմադի կառավարման ներքո էին գտնվում Սիրիան, Դիյար-Բաքրը, Ադրբեջանը (որի ներքո հեղինակը հասկանում էր պատմական Ատրպատականի տարածքը), Մուղանը, Հայաստանը և Շիրվանը[6]։ Այստեղ հեղինակը հստակ տարբերակում է Ատրպատականը, Հայաստանը, Շիրվանը, Մուղանը` որպես առանձին երկրամասեր։  

Գրքի մեկ այլ հատվածում Ա. Բաքիխանովը, հիշատակելով ռուս-թուրքական համաձայնագիրը տարածաշրջանի երկրների վերաբերյալ, նշում է, որ Օսմանյան տերության ենթակայության տակ են մնում Հայաստանը, Վրաստանը և Շիրվանի տարածքների մի մասը[7]։ Որևէ խոսք չկա Ադրբեջանի մասին Հարավային Կովկասում:

Գրքի մեկ այլ հատվածում, նկարագրելով Արցախում տեղի ունացած դեպքերը, Բաքիխանովը նշում է, որ Մելիք-Շահնազարի օգնությամբ ջևանշիր ցեղի սարըջալլու ճյուղի ցեղապետ Փանահ խանը հաստատվում է Շուշիում՝ պայքար սկսելով տեղի հայ մելիքների հետ[8]։ Այս հատվածը նույնպես չի տեղավորվում ադրբեջանական կեղծ պատմագրության թեզերի մեջ, որոնց համաձայն, հայերն, իբրև թե, Արցախի տարածքում հաստատվել են 19-րդ դարում և որևէ իշխանություն չեն ունեցել այնտեղ։ 

Մեկ այլ հատվածում Բաքիխանովը նշում է, որ ղաջարները ջելաիրյան թյուրքերի այն ցեղերից  էին, որոնց դեռևս մոնղոլական Հուլաղու խանն էր տեղափոխել Իրան։  Նրանց թիվը նշվում է մոտ 200.000 ընտանիք։ Այնուհետև Լենկ Թեմուրը նրանց մի մասին՝ մոտ 50.000 ընտանիքի, տարածքներ է տրամադրում Հարավային Կովկասում[9]։ Բաքիխանովը նշում է, որ նրանցից շատերը հետագայում` Սեֆյանների օրոք, պետական պաշտոններ էին զբաղեցնում և կառավարում էին Հայաստանն ու  Շիրվանը։ Այսպիսով, չկա ոչ մի խոսք Ադրբեջանի մասին, իսկ տարածաշրջանում, ըստ Բաքիխանովի, կան միայն Հայաստանը և Շիրվանը։

Թյուրքախոս ցեղերի զանգվածային հաստատումը Հարավային Կովկասի տարածքում, ըստ հեղինակի, տեղի է ունեցել միայն 14-րդ դարում։

Գրքի վերջաբանում Բաքիխանովը, նշելով իր ճանապարհորդությունների մասին, գրում է իր այցելած տարածքների մասին։ Նա գրում է, որ ինքը եղել է Շիրվանում, Հայաստանում, Դաղստանում, Չերքեզիայում, Վրաստանում, Անատոլիայում և Ադրբեջանում[10]։ Այստեղ գրքի հեղինակը կրկին առանձնացնում է Շիրվանն Ադրբեջանից, որի տակ նա հասկանում էր պատմական իրանական Ատրպատականը։

Այսպիսով` 19-րդ դարի առաջին կեսին ստեղծագործած շիրվանցի թյուրքախոս  պատմագիր Բաքիխանովն, իրենից անկախ, պատասխանում է ադրբեջանցի կեղծարարներին, հերքում նրանց առաջ քաշած կեղծ թեզերը` իբրև թե հին ադրբեջանական պետության, հայերի՝ եկվոր լինելու, ինչպես նաև Արցախի` իբրև թե ոչ հայկական լինելու մասին։

[1] Այդ տխրահռչակ «պատմաբանի» մասին հետաքրքիր հիշողություն է թողել խորհրդային նշանավոր արևելագետ Իգոր Դյակոնովը։ Նկարագրելով խորհրդային տարիներին Բաքվում իր պատվին կազմակերպված երեկույթը, Ի. Դյակոնովը նշում է, որ հանդիպմանը ներկա էր նաև մեկը, որը հետագայում հայտն դարձավ միջնադարյան մուսուլմանական աղբյուրներից մեկի հրատարակմամբ՝  խնամքով այդտեղից վերացնելով հայերի մասին բոլոր հիշատակությունները։ Ի. Դյակոնովն այդ գրքում մեկ այլ հետաքրքիր դիտարկում է անում՝ հիշատակելով, որ չնայած Ադրբեջանում պատրաստվում էին նշել գրող Նիզամիի հոբելյանը, սակայն միջնադարյան այդ հեղինակը իրանցի էր, այլ ոչ թե ադրբեջանցի։ Տե՛ս Дьяконов И. М., Книга воспоминаний, СПб., 1995, с. 731.

[2]  Гюлистан-и Ирам, Баку, Элм, 1991, 304 с. 

[3] The Heavenly Rose-Garden: A History of Shirvan & Daghestan. Abbas-Kuli-Aga Bakikhanov, Willem Floor, Hasan Javadi, Mage Publishers, 2009.

[4] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 11։

[5] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 24։

[6] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 37։

[7] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 67։

[8] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 77։

[9] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 85։

[10] Տե՛ս Гюлистан-и Ирам, 1991, с. 142։