2024

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը․ միջազգային արձագանքը

1990-ական թվականների վերջերին՝ Նախիջևանի վերջնական հայաթափումից հետո, ադրբեջանական կողմն իր առջև խնդիր էր դրել վերացնել այն բոլոր ապացույցներն ու փաստերը, որոնք կարող են վկայել այդ տարածքների հայկականության մասին: Խաչքարերը, որոնք հայ մշակութային ժառանգության կարևոր կոթողներ են[1], դարձան Ադրբեջանի հայատյաց քաղաքականության թիրախը: Նախիջևանում վանդալիզմի ենթարկվեց Ջուղայի քաղաքային գերեզմանատունը, որը մեզ հասած և խաչքարերով հարուստ հայկական ամենամեծ գերեզմանատունն էր: Պարսից Շահ Աբբասի կողմից կազմակերպված հայերի բռնագաղթից (1604թ.) հետո՝ 1648 թ., ֆրանսիացի ճանապարհորդ Ալեքսանդր դը Ռոդեսը, անցնելով Ջուղայով, արձանագրել էր կանգուն մնացած շուրջ 10․000 խաչքար, իսկ 1915 թ. լուսանկարիչ Արամ Վրույրի, իսկ 1928-29 թթ. Ս. Տեր-Ավետիսյանի հաշվումներով` մինչև 3․000 խաչքարեր:  1971 թ. տվյալներով` այստեղ մնացել էր միայն՝ 2707-ը[2] Ահա այս մնացած խաչքարերն էին, որոնք ադրբեջանական իշխանությունների կողմից հետագայում ամբողջությամբ ոչնչացվեցին:

1998 թվականին Թեհրանից ստացվում են ճարտարապետներ Ա․Պետրոսյանի, Վ․Առաքելյանի, Էդ․Զոհրաբյանի, Վ․Շահմիրզայանի ստորագրությամբ նամակն ու լուսանկարներն այն մասին, որ ադրբեջանցիները, համապատասխան տեխնիկայով, քանդում են Ջուղայի հին գերեզմանատունը: Դրան են անդրադարձել նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության հաստատության պաշտոնյաները[3]։ Սակայն Հայաստանի ու Սփյուռքի բողոքի ալիքի արդյունքում ՄԱԿ-ի Հուշարձանների պաշտպանության հանձնաժողովի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց կասեցնել Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը։ Բայց, մինչ այդ, ավերվել  էր գերեզմանատան շուրջ 10-15 տոկոսը[4]։

Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը, պահանջեցին դադարեցնել Ջուղայում մշակութային հուշարձանների ոչնչացումը, ադրբեջանական կողմը, չնայած բազում անհերքելի ապացույցների, հայտարարեց, որ չի ընդունում այդ մեղադրանքները` նշելով, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում[5]:

Այս վանդալիզմը շարունակվեց նաև 2002-2003 թթ․ և ամբողջովին ավարտին հասցվեց 2005 թ.[6]։

2006 թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը դատապարտեց Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու ընդունած բանաձևով կոչ արեց ադրբեջանական իշխանություններին վերջ դնել խաչքարերի ոչնչացմանը[7]: ԵԽ-ն ցանկանում էր նաև պատվիրակություն ուղարկել Ջուղա, ինչը ﬔրժվեց Ադրբեջանի կառավարության կողﬕց, իսկ 2008 թվականին ԻԿՕՄՈՍ-ը  բանաձև ընդունեց Ջուղայի պատմական գերեզմանատան ավերման մասին[8]։

Հայկական ու միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված աղմուկից, դատապարտող հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը այն որակեց սադրանք[9]։

Դեռևս 2006 թ․ Եվրախորհրդի պատգամավորները առաջարկել էին տեղում ուսումնասիրել հուշարձանների վիճակը։ Սակայն ադրբեջանական կողմը այդ մոտեցումը «կողմնակալ»[10] էր որակել:

Չնայած ադրբեջանական կողմի ժխտմանը` 2006 թ. գարնանը Պատերազմի և խաղաղության ինստիտուտի լրագրող, ծագումով ադրբեջանցի Իդրակ Աբասովն այցելում է գերեզմանոց և արձանագրում, որ այն «ամբողջությամբ անհետացել է»[11]։

Ջուղա` ԵԽ պատգամավորների այցի մերժման առնչությամբ` Ավստրիական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Հանս Սվոբոդան հայտարարել է․ «Եթե նրանք չեն թողնում մեզ գալ, ապա դա ակնհայտ նշան է, որ որևէ վատ բան է կատարվել։ Եթե մեզնից որևէ բան է թաքցվում, մենք հարցնում ենք` ինչո՞ւ։ Դա կարող է լինել միայն այն բանի պատճառով, որ պնդումների մի մասը ճշմարիտ է»։ Նա նաև զգուշացնում է, որ Եվրոպային մոտ լինել ցանկացող յուրաքանչյուր պետության համար ամենակարևոր տարրերից մեկը հարգանքն է հարևանների մշակութային ժառանգության նկատմամբ[12]:

Եվրախորհրդարանում բրիտանացի ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ իր հերթին նշել է․«Սա նման է Բուդդայի արձանների քանդմանը Թալիբանի կողմից։ Նրանք բետոնել են տարածքը և ռազմական ճամբարի վերածել այն։ Եթե նրանք թաքցնելու բան չունեն՝ պետք է թույլ տան մեզ տեսնել վայրը»[13]։            
Հաշվի առնելով, որ Ադրբեջանն արգելել է տարածքի հետաքննությունը արտաքին խմբերի կողմից, Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) ձեռք է բերել և վերլուծել արբանյակային պատկերներ՝ գնահատելու մշակութային արժեքների ոչնչացման փաստը: Հիմնվելով 2003-2009 թվականների արբանյակային պատկերների գնահատման վրա` ասոցիացիան հանգել է այն եզրակացության, որ դեռ 2003 թ․-ին Ջուղայի գերեզմանոցում 15-16-րդ դարերին վերաբերող հարյուրավոր խաչքարեր կային, իսկ 2009 թ․-ի լուսանկարներում դրանց մի մասն անհետացել է:

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով արված ուսումնասիրություն-ները թույլ են տալիս ենթադրել, որ խաչքարերը տեղափոխվել են հողը փորող հատուկ սարքերի միջոցով, իսկ հետո հողի այդ հատվածները հարթեցվել են[14]:

Այսպիսով` 1998-2006 թվականների ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցը, որն Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի։ Քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինն իր` «Առանցքի տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ «ցեղասպանություն» է որակում ոչ միայն էթնիկ կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումը, այլև` նրա ազգային, հոգևոր մշակույթի ոչնչացումը[15]։

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, ինչպես նաև Նախիջևանում հայկական հետքի իսպառ վերացումը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է։ Նման քաղաքականության հաջորդ զոհը կարող է դառնալ հայկական Արցախը, եթե միջազգային իրավապաշտպան կառույցներն ու միջազգային հանրությունը խիստ միջոցներ չձեռնարկեն:

 

[1] 2010 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաչքարերի կերտումը ներառեց «Մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցուցակում»` որպես հայկական մշակութային հուշարձան, մանրամասն տե՛ս՝ https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434

[2]Այվազյան Ա., Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան, Ե., 2007, էջ 9:

[3] http://www.aravot.am/1998/12/04/784527/ Ջուղայի հին գերեզմանատունը։

[4] Այվազյան Ա․, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, էջ 5։

[5] Pickman S., Tragedy on the Araxes, archaeology.org, June 30, 2006.

[6] IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06), IWPR reporter confirms that there is nothing left of the celebrated stone crosses of Jugha․

[7] European Parliament resolution on cultural heritage in Azerbaijan, 16 February 2006, Strasbourg․

[8] 16th General Assembly of ICOMOS, Quebec, Canada, 30 September – 4 October 2008 RESOLUTIONS OF THE GENERAL ASSEMBLY․

[9] IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06), IWPR reporter confirms that there is nothing left of the celebrated stone crosses of Jugha.

[10] Castle St., Azerbaijan ‘flattened’ sacred Armenian site, The Independent, 30 May 2006.

[11]  IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06)․

[12] Castle St., Azerbaijan ‘flattened’ sacred Armenian site, belfasttelegraph.co.uk, 30 May 2006.

[13] Tannock Ch., Azerbaijan ‘vandalised’ sacred Armenian sites, The Independent, 30 May 2006․

[14] High-Resolution Satellite Imagery and the Destruction of Cultural Artifacts in Nakhchivan, Azerbaijan, American Association for the Advancement of Science (AAAS).

[15] Lemkin R., Axis Rule in Occupied Europe, Washington, 1944, էջ 80-85

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում