2026

Հայաստանը և Հարավային Կովկասը. պետականություն, ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ. քննարկում Սեդլցեում

2026-11-19

Լեհաստանի Սեդլցեի համալսարանում 2026 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Armenia and the South Caucasus: Statehood, Identity and Regional Interactions» («Հայաստանը և Հարավային Կովկասը. պետականություն, ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ») միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Սեդլցեի համալսարանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի դոկտորական դպրոցի տնօրեն Պավել Շմիտկովսկին։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի պատմությունը դիտարկվեց հարևանների հետ պատմաքաղաքական դիսկուրսի և փոխազդեցության համատեքստում։ Մասնակիցներն անդրադարձան 4-6-րդ դարերում Հայաստանի, Վրաստանի (Իբերիա) և Կովկասյան Աղվանքի քաղաքական ու եկեղեցական հարաբերություններին։

Սկզբնաղբյուրային գրականության և աղբյուրների հիման վրա քննարկվեց հայկական իշխանությունների կարգավիճակը մոնղոլական և թուրքմենական շրջանում (13-15-րդ դդ.)։ Ներկայացվեց նաև Երևանի խանության և հայկական մելիքությունների պատմությունը։ Առանձնակի ուշադրություն հրավիրվեց Երևանի խանության պատմության օբյեկտիվ ուսումնասիրության կարևորությանը՝ ժխտելու Երևանի խանության պատմության վերաբերյալ հակահայկական և հակագիտական մեկնաբանությունները։

Անդրադարձ կատարվեց նաև Առաջին Հանրապետության տարիներին (1918–1920 թթ.) երկրի առջև ծառացած հիմնախնդիրներին՝ փախստականների ինտեգրմանը, ազգային ինքնության պահպանմանն ու պետականաշինության գործընթացներին։

Գիտական միջոցառումն աչքի ընկավ տարածաշրջանային հարցերի լայն և համապարփակ քննարկմամբ։

Հայաստանի պատմությունն ուսումնասիրվեց ոչ թե առանձին, այլ՝ տարածաշրջանային ընդհանուր պատմական համատեքստում՝ բազմալեզու սկզբնաղբյուրների համադրմամբ։ Այս հայեցակարգն առավել քան կարևոր է այսօր, երբ տարածաշրջանի պատմական իրողությունները հաճախ են վերանայվում՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա։

Քննարկումներն անցան համալսարանի դոկտորանտների ակտիվ մասնակցությամբ՝ գիտական մտքերի, մասնագիտական դիտարկումների և նոր գաղափարների արդյունավետ փոխանակմամբ։

Բարեկամական ջերմ մթնոլորտում ծավալվեց ակադեմիական քննարկում՝ նպաստելով բովանդակալից երկխոսությանն ու գիտական համագործակցության ամրապնդմանը։

Գիտաժողովն անցկացվեց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում իրականացվող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ № 24RL-6A032 «Հեռավար լաբորատորիա» նախագծի շրջանակում։ Գիտական կոմիտեի կազմում էին ՀՀ ԲԿԳԿ № 24RL-6A032 ծրագրի ղեկավար, Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմյուկը, լեհ պատմաբան, հումանիտար գիտությունների դոկտոր Դորոտա Վերեդան և պրոֆեսոր Պավել Շմիտկովսկին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում