2026

Արևմտահայերի վերաբնակեցումը 1829-1830 թթ.

2024-04-15

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանը հերթական անգամ չի կարողանում լիարժեք օգտվել հաղթանակի պտուղներից: Անգլիան, Ֆրանսիան և Ավստրո-Հունգարիան ստիպում են հաղթող կողմին համաձայնվել թուրք-օսմանների համար անհամեմատ ձեռնտու հաշտության պայմաններին: 1829 թ. սեպտեմբերի 2-ի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում սևծովյան մի քանի նավահանգիստներ, Ախալցխա, Ախալքալաք քաղաքները, իսկ Արևմտյան Հայաստանում գրավված մյուս գավառները վերադարձվում են Օսմանյան Թուրքիային:

Օսմանյան տիրապետության տակ հեծող հայ բնակչության վիճակը դառնում է օրհասական: Լսելով գրավված տարածքները թուրքերին թողնելու մասին՝ հազարավոր հայեր ցանկություն են հայտնում հեռանալ ռուսական տերության սահմանները: Նիկոլայ I կայսրին 1829 թ. հոկտեմբերին հղած իր զեկուցագրում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Իվան Պասկևիչը խնդրում է թույլտվություն ու միջոցներ՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնել ցանկացող հայերի և այլ քրիստոնյաների վերաբնակեցումը կազմակերպելու համար: Ցանկանալով ստվարացնել Պարսկաստանից և Թուրքիայից Ռուսական կայսրությանն անցած տարածքների բնակչության թվաքանակը՝ ռուսական կառավարությունն այդ ծրագիրն արժանացրեց հավանության:

Գաղթը ռուսական զինվորական մարմինների կողմից ստացավ կազմակերպված բնույթ: Ի. Պասկևիչի կարգադրությամբ Թիֆլիսում կազմվում է Գաղթի կոմիտե:

Չսպասելով վերաբնակեցման պաշտոնական թույլտվությանը և ռուսական կառավարության նյութական ու ռազմական օգնությանը՝ Բայազետի, Կարսի և Էրզրումի փաշայություններից հայերի առանձին խմբեր բռնում են Ռուսական տերության ճանապարհը․ օսմանյան տիրապետությունն արդեն այնքան անտանելի էր  դարձել, որ 1829-1830 թթ. ձմռան սառնամանիքի պայմաններում սկսեցին տեղաշարժվել:

Արտագաղթը, բացի քաղաքականից, ուներ նաև այլ շարժառիթներ. տնտեսապես անապահով վիճակ, համաճարակները:

Ռուսական հրամանատարության և հայերի փոխադարձ համաձայնությամբ տարբեր գավառներից վերաբնակիչների համար նախատեսվում է բնակության մի շրջան: Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի կողմերից վերաբնակիչների համար բնակության վայր է նշանակվում Ախալցխայի էյալեթից Ռուսաստանին անցած հատվածը:

Բայազետցի Գ.Արծրունու և Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու խորհրդով որոշվում է Բայազետի, Ալաշկերտի, Դիադինի, Խամուրի գավառներից եկողներին բնակեցնել Սևանա լճի ավազանում:

Ձմռան նախապատրաստություններից հետո՝ 1830 թ. վաղ գարնանը, սկսվում է արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումը:

Կարսեցիները բնակվեցին Գյումրիում, Շիրակի դաշտում և Թալինի շրջակայքում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի շրջակայքում, մասամբ նաև Սուրմալուում, Դարաչիչակում, Ապարանում և Փամբակում:

Օսմանյան իշխանություններն ամեն կերպ փորձում էին կանխել արտագաղթը: Նրանք հաջողության հասան այն վայրերում, որտեղ ռուսական զորքերը մուտք չէին գործել և չէին կարող միջամտել այդ գործընթացին, նաև այն վայրերում, որտեղ հաշտությունից անմիջապես հետո ռուսական զորքերը դուրս էին եկել, իսկ թուրքական իշխանությունները զենքով ստիպել էին հայերին մնալ տեղերում:

Արհեստավորներն ու առևտրականները բնակեցվեցին քաղաքներում, իսկ հողագործները՝ գյուղական վայրերում:

Իշխան Վասիլի Բեհբութովը, բարձր գնահատելով Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հայրենանվեր գործունեությունը, սրբազանին անվանում էր երկրորդ Մովսես, որի հովանու ներքո վերաբնակիչները գտնելու են բարեկեցիկ ապագա:

Իվան Պասկևիչին հասցեագրած Վրաստանի զինվորական նահանգապետ Ստրեկալովի հաշվետվությունից երևում է, որ մինչև 1830 թ. հոկտեմբերի  10-ը Արևմտյան Հայաստանից Անդրկովկաս տեղափոխված հայերի (մասամբ՝ հույների) թվաքանակը հասնում էր մոտավորապես 14 հազար ընտանիքի կամ ավելի քան 83 հազար մարդու: Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արևմտահայ վերաբնակիչների թվաքանակը իրականում 74-76 հազար է: Գաղթել են նաև հույներ և եզդիներ:

Լուսանկարը՝ Կարինի (Էրզրում) համայնապատկեր H. Hepworth, Through Armenia on horseback, London, 1898

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում