2026
2026-11-18
Լեհաստանի Սեդլցեի համալսարանում 2026 թ. նոյեմբերի 13-ին անցկացվեց «Armenia in Its Historical Development: Culture and Traditions of Statehood» («Հայաստանն իր պատմական զարգացման մեջ. պետականության մշակույթն ու ավանդույթները») միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Սեդլցեի համալսարանը։ Գիտաժողովն անցկացվեց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում իրականացվող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ № 24RL-6A032 «Հեռավար լաբորատորիա» նախագծի շրջանակում։
Բացման խոսքով հանդես եկավ Սեդլցեի համալսարանի դոկտորական դպրոցի տնօրեն, Հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Պավել Շմիտկովսկին։ Գիտական կոմիտեի կազմում էին ՀՀ ԲԿԳԿ № 24RL-6A032 ծրագրի ղեկավար, Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմյուկը, լեհ պատմաբան, հումանիտար գիտությունների դոկտոր Դորոտա Վերեդան և պրոֆեսոր Պավել Շմիտկովսկին։ Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն հայ և լեհ գիտնականներ, այլև՝ դոկտորանտներ համալսարանից։ Գիտաժողովի և սեմինարի համատեղ անցկացումը երիտասարդ հետազոտողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հայագիտական ուսումնասիրություններին և ակտիվորեն մասնակցելու գիտական քննարկումներին։
Զեկուցումներում ներկայացվեց Հայաստանի պետականության պատմական զարգացումը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Քննարկվեցին մ.թ. 64 թվականի Հռանդեայի համաձայնությունից հետո, Հայաստանի քաղաքական դիրքն ու հարաբերությունները Հռոմի և Իրանի հետ, Արշակունյաց թագավորության կառավարման համակարգի առանձնահատկությունները, ուշ միջնադարում հայկական պետականության տարբեր դրսևորումները, ինչպես նաև՝ 19-րդ դարում հայ հասարակական և քաղաքական կյանքում պետականության գաղափարի զարգացումը։ Անդրադարձ եղավ նաև 1918 թվականին պետականության վերականգնման թեմային՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Լեհաստանի պատմական փորձառության համադրմամբ, ինչպես նաև՝ Հայաստանի և արաբական աշխարհի կապերին՝ պատմական համայնքների ձևավորումից մինչև ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ։
Զեկուցումները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հայկական պետականության ավանդույթը շարունակվել և տարբեր ձևերով դրսևորվել է պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու պայմաններում։ Գիտաժողովն անցավ մասնագիտական ակտիվ քննարկումների մթնոլորտում, որը շարունակվեց նաև պաշտոնական ծրագրի ավարտից հետո։