2026
2026-10-15
Շոթա Ռուսթավելիի անվան Բաթումիի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քրիստոնյա Վրաստանը՝ 1700 տարեկան» խորագրով միջազգային գիտաժողովը՝ մասնակցությամբ Վրաստանի, Հայաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի գիտական ու կրթական հաստատությունների շուրջ 40 մասնակիցների։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը։ Ընդգծելով քրիստոնեության նշանակությունը Հայաստանի և Վրաստանի պատմական հոլովույթում՝ Հիմնադրամի վերլուծաբանն անդրադարձավ երկու երկրների միջև ակադեմիական համագործակցության զարգացման ու փոխըմբռնման խորացման գործում գիտական նման միջոցառումների կարևորությանը։
Հայաստանի և Վրաստանի պատմության, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների մշակութային առնչությունների տարբեր դրսևորումներին էր նվիրված հայ մասնակիցների զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել վրացի գիտնականների և գիտաժողովի մասնակիցների շրջանում։
Քննարկումների առանցքային թեմաներն էին քրիստոնեության նշանակությունը մշակութային դիվանագիտության ու հայ-վրացական կապերի ամրապնդման գործում, Վրաստանի տարածքում Հայ եկեղեցու վանքապատկան հողատիրության խնդիրները, 19-րդ դարի կայսերական քաղաքականության ազդեցությունը երկու եկեղեցիների վրա, ինչպես նաև՝ հայերեն և վրացերեն ձեռագիր ժառանգության համեմատական վերլուծությունը։
Գիտաժողովը հարթակ դարձավ Հայաստանի ու Վրաստանի միջև պատմական ընդհանուր գործընթացների, կրոնական ժառանգության և մշակութային կապերի գիտական քննարկման, ինչպես նաև՝ երկու երկրների հետազոտողների միջև մասնագիտական կապերի ամրապնդման համար։