2026
2026-10-13
2026 թվականի հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար (1998–2005 թթ․) և Դաշնային ներքին գործերի նախարարության նախկին պետական քարտուղար (2005–2009 թթ․) Աուգուսթ Հանինգը ձերբակալվել է Գերմանիայի Գլխավոր դաշնային դատախազության վարույթի շրջանակում՝ պետական դավաճանության փորձի, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և օտարերկրյա հատուկ ծառայության օգտին գործելու կասկածանքով։ Հոկտեմբերի 7-ին Դաշնային գերագույն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ 80-ամյա Հանինգը կասկածվում է նախկին գործընկերոջից վարձատրության դիմաց գաղտնի փաստաթղթեր ստանալու և դրանց հիման վրա օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի համար վերլուծական նյութ պատրաստելու մեջ։ Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ Հանինգի ենթադրյալ հաճախորդը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից։ Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն հոկտեմբերի 7-ի մեղադրանքները որակել է «էական», սակայն որևէ երկրի անուն չի նշել՝ հայտարարելով, որ «ոչինչ չի բացառում»։ Ադրբեջանական կողմը, ի դեմս ԶԼՄ-ների և հեռարձակման խորհրդի, հերքում է Հանինգի կապն ադրբեջանական կողմի հետ՝ «Der Spiegel»-ի՝ հոկտեմբերի 7-ի հրապարակումը որակելով «ապատեղեկատվություն» և Ադրբեջանի դեմ «վարկաբեկման արշավի» մաս։
Հանինգի բնակարանը խուզարկվել էր դեռևս 2025 թվականի սեպտեմբերին՝ գերմանացի գործարար Քրիստինա Բլոքի երեխաների առևանգման գործի շրջանակում՝ դրան օժանդակելու մեջ կասկածանքով (Բլոքը մեղադրվում էր խնամակալության վեճի ընթացքում իր երեխաների առևանգումը կազմակերպելու մեջ)։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հանինգի բնակարանից առգրավված նյութերն ուսումնասիրելիս Համբուրգի քրեական ոստիկանությունը հայտնաբերել էր էլեկտրոնային կրիչ, որը պարունակում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր։ Արդյունքում՝ 2026 թվականի մայիսին գործը փոխանցվել էր Գլխավոր դաշնային դատախազություն, իսկ հոկտեմբերի 6-ին Հանինգն ու իր գրասենյակի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ․-ն ձերբակալվել են։
Ձերբակալված Մանֆրեդ Դ-ն ևս կասկածվում է պետական դավաճանության փորձին օժանդակելու մեջ։ Ըստ դատախազության՝ ենթադրաբար 2010 թվականի գարնանը Հանինգն ու Մանֆրեդ Դ․-ն պայմանավորվել են, որ վերջինս, վճարի դիմաց, Հանինգին կանոնավոր կերպով կփոխանցի Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության տեղեկություններ։ Մանֆրեդ Դ․-ն աշխատել է Հանինգի ենթակայության ներքո։ 2012 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտ՝ թոշակի անցնելը, Մանֆրեդը ղեկավարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության հաջորդ նախագահների գրասենյակը։
Դատախազության հրապարակած տվյալներով՝ մինչև 2022 թվականի հունիսը Հանինգը Մանֆրեդ Դ․-ից ստացել է շուրջ 2000 փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնի են եղել։ Թեև Հանինգի փաստաբանը մեղադրանքները հերքում է, սակայն փաստաթղթերի տեղեկությունները Հանինգն օգտագործել է նաև սեփական խորհրդատվական գործունեության մեջ, ինչպես նաև տարիներ շարունակ քաղաքական բնույթի տեղեկություններ է փոխանցել մեկ այլ պետության հատուկ ծառայության աշխատակցի։
Մինչ Բեռլինը մեղադրանքները լուրջ է համարում, իսկ ադրբեջանական կողմը հերքում է դրանք՝ որակելով որպես «վարկաբեկման արշավ», հետախուզության նախկին ղեկավարի դեմ հարուցված գործը կարող է վերածվել միջազգային դիվանագիտական լուրջ սկանդալի։