2026
2026-08-31
Կուտկաշենի շրջանի Չանաղբուլաղ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 27 կմ հարավ-արևմուտք։
Չանաղբուլաղը եղել է հայաբնակ հին բնակավայրերից։ Հայտնի չէ, թե ստույգ որ դարից են հայերն այստեղ ապրել, սակայն 18-րդ դարում գյուղն արդեն ամայացած է եղել։ Պահպանվել է Չանաղբուլաղի՝ այդ շրջանին վերաբերող հայկական հին գերեզմանոցը։ 19-րդ դարի սկզբին Չանաղբուլաղը կրկին բնակեցվել է Արցախի Խաչեն, Ջրաբերդ և Վարանդա գավառներից տեղափոխված հայերի կողմից։
1841 թվականի տվյալներով գյուղում բնակվել է 155 մարդ։ 1851 թվականին Չանաղբուլաղի հայ բնակչության թիվը հասել է 376-ի։ Բնակչության աճի շնորհիվ՝ 1853 թվականին գյուղում ապրել է 473 հայ։ Չանաղբուլաղի հայ բնակչության թիվը 1876 թվականին հասել է 519, իսկ 1889 թվականին՝ 696 մարդու։ 1901 թվականի տվյալներով՝ Չանաղբուլաղում ապրել է 818, 1908 թվականին՝ 873, 1914 թվականին՝ 903, իսկ 1918 թվականին՝ 960 հայ։
Գյուղում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հոգևոր ծառայություն են մատուցել տեր Ներսես Դանիելյանը (1822-1857 թթ․), Ներսես Տեր-Սիմոնյան-Քոլյանցը (հիշատակվել է 1868 թ․), Հակոբ Հովհաննիսյան-Քոլյանցը (1873-1880 թթ․), Աստվածատուր Առուստամյան-Առուշանյանը (պաշտոնավարել է մինչև 1912 թ․):
1870-ական թվականներին գյուղում գործել է նաև հայկական դպրոց։ Պահպանվել է հիշատակություն դպրոցի ուսուցիչ Հակոբ քահանա Հովհաննիսյան-Քոլյանցի մասին։
Գյուղի բնակչությունը տուժել է 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ։ 1905 թվականին կովկասյան թաթարները հարձակվել են գյուղի վրա և հափշտակել հայ գյուղացիների անասունները։
Ինչպես Արևելյան Այսրկովկասի հայկական բոլոր գյուղերի, այնպես էլ՝ Չանաղբուլաղի հայությունը տուժել է 1918 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերն ու տեղի կովկասյան թաթարների ուժերն ավերել են հայկական բնակավայրերը։ Այդ իրադարձություններից հետո Արևելյան Այսրկովկասի հայկական Չանաղբուլաղ գյուղը դադարել է գոյություն ունենալ։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 112։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 311-312։
Տեր-Յակովբեանց Գր․, Նուխի, «Մեղու Հայաստանի», 1880, N 94, 6 դեկտեմբերի, էջ 3։
Алфавитные списки армяногригорянских церквей и магометанских мечетей в Империи. Департамент духовных дел иностранных вероисповеданий, 1886, с. 70-71.
Кавказскiй календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 410.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 204.