2025
2025-08-04
Խոշավատ հայկական գյուղը գտնվել է Իսմայիլի շրջկենտրոնից 27,9 կմ հարավ-արևմուտք։
Աղբյուրներում բնակավայրի հիմնադրման տարեթիվը բացակայում է։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ 1831 թվականին գյուղում եղել է 47 հայ բնակիչ, իսկ 1897 թվականին՝ 65։ 1908 թվականին գյուղում հայ բնակչության թիվը կազմել է 71 մարդ։ 1909 թվականին, ըստ պահպանված վիճակագրական տվյալների, Խոշավատում հայ բնակչության թվաքանակը հասել է 275 մարդու։ Նույն ցուցանիշը արձանագրվել է նաև 1910 թվականին։ 1912 թվականին գյուղում ապրել է 279 հայ։
Խոշավատում եկեղեցի չի եղել։ Խոշավատցիներն այցելել են մոտակա հայկական Բոզավանդ գյուղի եկեղեցին։ Դա է եղել պատճառը, որ Մակար Բարխուտարյանցի աշխատությունում խոշավատցիները ներկայացվել են Բոզավանդի հավատացյալ ծխերի (12 տուն) շարքում։
1918 թվականի ամռանը թուրք-թաթարական ուժերի կողմից հայկական բազմաթիվ բնակավայրերի հետ ավերվել և թալանվել է նաև Խոշավատ գյուղը։ Ողջ մնացած խոշավատցիները հեռացել են գյուղից և չեն վերադարձել։
Երբ 1984 թվականին Սամվել Կարապետյանն այցելել է բնակատեղի, այնտեղ նախկին բնակավայրից այլևս հետք չի մնացել։
Գրականություն՝
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 110, հղում 2։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 143-144։