2025

Ազգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում

2025-07-22

Իր իշխանավարման 25 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է զսպման և վերահսկման համակարգված ու թիրախային քաղաքականություն: Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց։ Վերջինի իրացման նպատակով էլ հուլիսի 22-ն Ադրբեջանում «նշում են» որպես Ազգային մամուլի օր[1]։

Ադրբեջանում 2000-ական թվականների սկզբներին անկախ թերթերը ենթարկվել են տնտեսական ճնշման և տուգանքների։ Հետագայում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները, ձերբակալություններն ու, առհասարակ, մամուլի վերահսկման գործիքակազմն էլ ավելի արմատական է դարձել:  

Դեռևս 2003 թվականին Ադրբեջանում ստեղծվել էր Մամուլի խորհուրդ, որի նպատակն էր իրականացնել հանրային վերահսկողություն լրագրողների՝ օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալելու նկատմամբ: Խորհուրդը 2009 թվականից պարբերաբար հրապարակել է, այսպես կոչված, «ռեկետային թերթերի սև ցուցակ», որոնց խմբագիրները կամ թղթակիցներն իբր խախտել են լրագրողների վարքի կանոնները։ 2010 թվականին «սև ցուցակում» հայտնվել են 77, 2011 թվականին՝ 87, իսկ 2012 թվականին՝ 89 լրատվականներ։

Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են ինչպես ադրբեջանական լրատվության միջոցներն, այնպես էլ՝ արտասահմանյան։

2009 թվականին կառավարությունն արգելել է արտասահմանյան ռադիոկայաններին հեռարձակվել FM հաճախականություններով։ Արդյունքում՝ BBC-ն, «Ամերիկայի ձայնը» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանները դադարեցրել են հեռարձակումը։ 2017 թվականին երկրի անկախ լրատվական կայքերի մեծ մասն արգելափակվել է, ինչպես օրինակ՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, «Մեյդան» հեռուստաընկերությունն, առցանց «Թուրան» և «Ազերբեյջան Սաատի» հեռուստաալիքների կայքերն ու այլ լրատվականներ։ Ադրբեջանական իշխանությունների որակմամբ՝ իբրև թե դրանք «սպառնալիք են ներկայացնում» Ադրբեջանի ազգային անվտանգության համար, քարոզում են «բռնություն, ատելություն կամ ծայրահեղականություն, խախտում են անձնական կյանքի անձեռնմխելիությունը։

Տեղի ունեցածից հետո ԵՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ, թե «այս որոշումը չի համապատասխանում ժամանակակից և ժողովրդավարական հասարակություններում ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցների պահանջին» և որ «ԵՄ-ն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի իր միջազգային պարտավորությունները՝ որպես կողմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և դրա 10-րդ հոդվածի՝ խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի մասին»։ Սակայն նման հայտարարությունները չեն կարող էական դերակատարում ունենալ մամուլի ազատության հետագա սահմանափակման գործում։

Ադրբեջանում աղմկահարույց կերպով վերջին տարիներին մեկը մյուսի հետևից փակվել են լրատվականներ, հետապնդվել են լրագրողներ։ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունվարն ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է «Abzas Media»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, ծրագրերի համակարգող Մահամմադ Կեկալովին, լրագրողներ՝ Հաֆիզ Բաբալըին, Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային։ 2023 թվականի վերջից հետապնդումներ են սկսվել «Kanal 13» յութուբյան ալիքի գլխավոր խմբագրի նկատմամբ։ Այնուհետև մեղադրանք է առաջադրվել նաև լրագրող Շամո Էմինովին, և որոշում կայացվել՝ փակել լրատվականը։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանի իշխանությունների թիրախում է հայտնվել «Toplum.TV» յութուբյան ալիքը։

2024 թվականի նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) փակումից անմիջապես հետո ձերբակալվել են յոթ անկախ լրագրողներ։ 2024 թվականի դեկտեմբերին բռնությունների գլխավոր թիրախում է հայտնվել «Meydan TV»-ն՝ Ադրբեջանի ամենամեծ անկախ լրատվամիջոցը, որն իր գործունեությունը ծավալել է արտերկրում։ Ձերբակալվել են «Meydan TV»-ի գլխավոր խմբագիր Այնուր Գանբարովան (Էլգունեշ) և հինգ լրագրողներ։ Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է նաև լրագրող և Բաքվի լրագրության դպրոցի փոխտնօրեն Ուլվի Թահիրովին և կենդանիների իրավունքների պաշտպան Քամրան Մամեդլիին։

2025 թվականին Ադրբեջանի դատարանն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին և ևս վեց այլ անձանց, բազմաթիվ մեղադրանքներ առաջադրելով, դատապարտել է 7.5-ից մինչև 9 տարի ազատազրկման։

2023 թվականի վերջերից ի վեր Ադրբեջանում բանտարկված լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 25-ի: Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակի 2024 թվականի տարեկան զեկույցում ներկայացված է, որ եվրոպական և ԵԽ անդամ երկրներում բանտարկված 159 լրագրողներից 30-ը գտնվում են Ադրբեջանում։

Երկրի ներսում լրատվականների և լրագրողների վերահսկողության համար իրավական հիմքեր է նախատեսում 2021 թվականին ընդունված «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որով առաջ են քաշվել այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝ լրատվամիջոցների լիցենզավորումը, լրագրողների գրանցումն ու դրանք պետական գրանցամատյանում ընդգրկելը: Օրենքով փաստացի վերահսկողություն է սահմանվում ոչ միայն լրատվականների և լրագրողների նկատմամբ, այլև՝ յութուբյան ալիքների, բլոգերների և, առհասարակ, սոցիալական տեղեկույթ ստեղծողների։ Օրենքը փորձում է ոչ միայն սահմանափակել ինչպես հնարավոր նոր քննադատություններ ստեղծող կենտրոնների հիմնումն, այլև՝ թույլ չտալ արդեն իսկ նման փորձառություն ունեցողներին վերագործարկվել։

«Ցանցային միջամտության բաց դիտարան»-ի (Open Observatory of Network Interference -OONI) հաղորդմամբ՝ Ադրբեջանում արձանագրվել է անկախ կայքերի հասանելիության և մուտքի անոմալ արգելքի բարձր ցուցանիշ։ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի փետրվարն արգելափակվել է ռուսական մի շարք ալիքների հասանելիությունը։ «OONI» հետազոտությունը տվյալ ժամանակահատվածում ցույց է տվել, որ արգելափակման ամենաուժեղ ազդանշաններն արձանագրվել են հետևյալ դոմեյնների պարագայում՝ azerbaycansaati.tv, www.24saat.org, www.abzas.net, www.azadliq.info, www.azadliq.org, www.meydan.tv, www.rferl.org, www.gununsesi.org, ria.ru, www.theguardian.com։ Եթե վերոնշյալ կայքերի նկատմամբ արգելքներն արձանագրվել են տարիներ շարունակ, ապա The Guardian կայքի արգելափակումների անոմալիան գրանցվել է 2022 թվականի դեկտեմբերից։

Ադրբեջանում լրատվակայքերի արգելափակումներն ու լրագրողների հանդեպ բռնությունները կրում են շարունակական բնույթ։ Այսօր անհնար է պատկերացնել իլհամալիևյան ռեժիմի կենսունակությունն առանց ազատ խոսքի իրավունքի տոտալ խախտման։ Չնայած Ադրբեջանի անհաջող «բրենդավորմանը»՝ որպես մարդու իրավունքների, բնապահպանության, կրոնական հանդուրժողականության և բազմամշակութայինության ջատագով և առաջամարտիկ, «խեղդվող» մամուլի առկայության հանգամանքն իսկ վկայում է Ադրբեջանի իշխանության և ադրբեջանական հասարակության խորը բարդույթավորվածության մասին։

Շարունակելի․․․

[1] Ազգային մամուլի օրը՝ հուլիսի 22-ն, Ադրբեջանում նշվել է դեռևս 1991 թվականից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում