2025
Իսմայիլի շրջանի Ռուշան գյուղը, որը գավառի հայկական առավել հին բնակավայրերից է եղել, գտնվում էր շրջկենտրոնից շուրջ 12,5 կմ հյուսիս-արևմուտք: Գյուղը հայտնի էր նաև Ըռշանաշեն և Ռուշանաշեն անվանումներով: Բնակիչները գաղթել են Արցախի Խաչեն և Վարանդա գավառներից:
1861 թվականին Ռուշան գյուղն ունեցել է 105 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1880-ական թվականների վերջերին, գյուղն եղել է 62 տուն հայ բնակչություն` 419 բնակիչներով։ 1914 թվականին Ռուշանն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 601 բնակիչներով:
Ռուշան գյուղը 1918 թվականի ամռանը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը, որի հետևանքով բնակիչների մեծ մասը սպանվել է:
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած ռուշանցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին գյուղն ունեցել է հայաբնակ 20 տուն` 80 բնակիչներով:
Սակայն 1960–1970-ական թվականներին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ ռուշանցիներն աստիճանաբար լքել են հայրենի գյուղը: 1985 թվականի դրությամբ Ռուշանում բնակվել է 25 տուն հայ, որոնք բռնագաղթել են 1988 թվականին:
Ռուշան գյուղում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված է եղել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել էր 1872 թվականին: Եկեղեցու շինարարական արձանագրությունից տեղեկանում էինք․
«Յիմնարկութիւնը Ռուշանաշէնու
Սուրբ Աստուածածնա եգեղէցու 1872
ամի»:
Գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող գերեզմանոցում Ս. Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, դեռևս պահպանված էր շուրջ 150 արձանագիր տապանաքար՝ թվագրված 19-րդ դարի սկզբներից մինչև 20-րդ դարի սկիզբը: Ավելի հին գերեզմանաքարերն արձանագրություններ չեն ունեցել:
Ռուշանում պահպանված են եղել նաև հայ բնակիչների տներ` կառուցման տարեթվերով ու տանտերերի ազգանունները կրող հայերեն արձանագրություններով:
Գյուղն այժմ կոչվում է Ռուշան և բնակեցված է ադրբեջանցիներով ու լեզգիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 173-178: