2025

Աղսուի շրջանի Գյուրջևան գյուղը

Գյուրջևան գյուղն Աղսուի շրջանի հայաբնակ ամենամեծ բնակավայրն է եղել: 1861 թվականին գյուղն ունեցել է բացառապես 120 տուն հայ բնակչություն: 1890 թվականին Գյուրջևանում եղել է 242 տուն` 1225 հայ բնակիչներով, 20-րդ դարի սկզբին` 1904 թվականին, 312 տուն` 1864 հայ բնակչությամբ: Գյուրջևանի բնակչությունը մեծապես տուժել է 1918–1919 թվականների իրադարձությունների ժամանակ:

1986 թվականին Գյուրջևան գյուղն ամբողջությամբ հայաբնակ է եղել և ունեցել է 546 բնակիչ, որոնք բռնագաղթել են 1988 թվականին:

Գյուրջևանի գյուղամիջում եղել է Սուրբ Գրիգորիս անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցն ընդօրինակել և հրապարակել է գյուղի հին եկեղեցու շինարարական արձանագրությունը.

«Շինեցաւ Սուրբ եկեղեցիս … հրամանաւ

Թոմա վարդապետի եւ Հայոց Մովսէս կաթուղիկոսին,

Ի թվին ՌՁԲ (1633)»:

Ըստ շինարարական մեկ այլ արձանագրության՝ հետագայում այս եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի․

 «Ի թվին Հայոց ՌՄՁԵ (1836) ամի,

շինեցաւ ի Կիւրջվանու Սուրբ Գրիգորիսի եկեղեցին

ի համագումար ժողովրդոց:

Գրողս եմ` Տեր Սարգիս Օհանեան»:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ Գյուրջևանի հին գերեզմանոցում պահպանված են եղել հայերեն արձանագրություններով տասնմեկ տապանաքարեր:

Ս. Կարապետյանը հրատարակել է գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող «Ղադրութ» անվամբ հայտնի աղբյուրի շինարարական արձանագրությունը ևս.

«Յամի Տեառն 1908 շինեցաւ աղբիւրս զայս

Ծախիւք գիւրջիւանցի Մարտիրոս Վլասեանցի»:

(«1908 թվականին այս աղբյուրը շինվեց

Գյուրջևանցի Մարտիրոս Վլասյանցի ծախսերով»):

Գյուղն այժմ կոչվում է Խանբուլաղ (ադրբ.՝ Xanbulaq) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն`

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում