2025

Աղսուի շրջանի Քովլուճ (Քյոհլուճ) գյուղը

Աղսուի շրջանի Քովլուճ գյուղը գտնվում էր Գյուրջևան գյուղից 5-6 կմ հարավ-արևելք: Մինչև 1988 թվականը եղել է զուտ հայկական բնակավայր։

1861 թվականին Քովլուճ գյուղը բացառապես հայաբնակ էր և ուներ 31 տուն, իսկ 1890 թվականին՝ 52 տուն` 357 հայ բնակչությամբ: Գյուղի բնակչությունը մեծապես տուժել է 1918 թվականի թուրք-թաթարական զորքերի հարձակումների պատճառով։ 1986 թվականին Քովլուճ գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 56 բնակիչ, որոնք բռնագաղթել են 1988 թվականին:

Քովլուճ գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Գյուղի գերեզմանոցի հին տապանաքարերն արձանագրություններ չեն ունեցել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր այցելության ժամանակ ընդօրինակել է գյուղի գերեզմանատան մոտ գտնվող աղբյուրի շինարարական արձանագրությունը.

«Յիշատակ է այս աղբիւր քեոհլիջեցի

Խուկազի որդի Բաբա, Ասրի, Դանիէլ,

Խաչան, մայր մէր, ի 1849»:

Գյուղն այժմ կոչվում է Քովլուճ (ադրբ.՝ Kövlüc) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 57։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում