2025
Աղսուի շրջանի Գյուրդաշեն (Գյուրդա շեն) գյուղը գտնվում էր հայաբնակ Հղնար գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք և հանդիսանում էր երկրամասի հայկական պատմական բնակավայրերից մեկը:
19-րդ դարի կեսերին Գյուրդաշենը բացառապես հայաբնակ է եղել և ունեցել է 17 տուն հայ բնակչություն: Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 30 տուն հայ բնակչություն` 151 բնակչով: 1914 թվականին Գյուրդաշենն ունեցել է 189 բնակիչ:
Գյուղի բնակչությունը մեծապես տուժել է 1918–1919 թվականների իրադարձությունների ժամանակ:
1986 թվականին Գյուրդաշեն գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 42 բնակիչ: Գյուղի բնակիչները բռնագաղթել են 1988 թվականին:
Գյուրդաշենի հարավ-արևմտյան կողմում է գտնվել հին հայկական գերեզմանոցը` մեծաթիվ անարձանագիր տապանաքարերով: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրատարակել է այդտեղ գտնվող 16-րդ դարի մի տապանաքարի եռատող արձանագրությունը.
«Թվին ՋՂԶ (1547)
Այս է հանգիստ
Աղայ Պայանտիր պաշխ»:
Այս տապանաքարի հարևանությամբ պահպանված է եղել մեկ այլ տապանաքար ևս` հետևյալ արձանագրությամբ.
«Այս է հանգիստ Բսիշոյ, ով
որ կարդա յաղաւթս յիշէցէք»:
Գյուղն այժմ կոչվում է Գյուրդա (ադրբ.՝ Girdə կամ Girde) և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997: