2025

Վարդաշենի հայկական պատմական բնակավայրերը․ Փոքր Սոկութլու

Մեծ Սոկութլու բնակավայրի ընդարձակման հետևանքով, նրանից մեկ-երկու կմ հեռավորության վրա, առաջացել է Փոքր Սոկութլու գյուղը, որը Վարդաշենի (1989 թվականից` Օղուզ) շրջանում էր: Գյուղի հիմնադրման թվականն անհայտ է:

Հայտնի տեղագիր Մակար եպիսկոպոս. Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1888 թվականին, գյուղն ունեցել է 70 տուն հայ բնակչություն` 484 բնակչով: 1908 թվականին գյուղի բնակիչների թիվը հասել է 596-ի: 1914 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 900 բնակիչ:

Փոքր Սոկութլուն 1918 թվականին ենթարկվել է թուրքական զորքերի և մուսավաթականների հարձակմանը, ավերվել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1980-ական թվականներին, Փոքր Սոկութլուի տարածքում դեռևս պահպանված էր Սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցին, որի շուրջը եղել է փոքրիկ գերեզմանոց` արձանագիր տապանաքարերով: Ս. Կարապետյանը հրատարակել է այդտեղ պահպանված տապանաքարերից մեկի արձանագրությունը.

«Այս է տապան… տիպիր Օհս… որթի

Մախ… Տէր…եանց… ոք կարդթա, յասի

Աստուած ողորմի. 1885 ամի»:

Փոքր Սոկութլուն ներկայումս անբնակ գյուղատեղի է, որի տարածքում նկատելի են միայն հայերից մնացած տնատեղերի հետքեր:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 439:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում