2025
2024-11-15
«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1891 թվականի համարն ամբողջությամբ նվիրված է Անդրկովկասի՝ Ելիզավետպոլի, Երևանի, Բաքվի, Թիֆլիսի և Քութայիսի նահանգների ու Դաղստանի մարզի առանձին բնակավայրերի արհեստագործությանը:
Ելիզավետպոլի նահանգ
Շուշիի քաղաքային դպրոցի ուսուցիչներ Յակով Զեդգենիձեն, Համբարձում Տեր-Եղիազարյանն ու ուսուցչի օգնական Սալահ բեկ Զախար Բեկովը համատեղ հոդվածում ներկայացնում են Շուշի քաղաքի արհեստագործությունը։
1886 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Շուշիում հաշվվում էր 30․945 մարդ, որից ռուսներ՝ 315, հայեր՝ 18․690, թաթարներ՝ 11․940։ Շուշին իր գավառով ուներ 81․268 բնակիչ, որից հայերը՝ 37․089, թաթարները՝ 44․179 մարդ։
Հոդվածում խոսվում է նաև Շուշիի գորգագործության և կարպետների արտադրության մասին։ Շուշիում գոյություն ունեցող տնայնագործական արտադրանքի մեջ առաջին տեղը՝ քանակով և որակով, զբաղեցնում էր գորգագործությունը: Նշվում է նաև, որ Շուշին իր արտադրած գորգերի և կարպետների քանակով առաջին տեղն էր զբաղեցնում նաև ամբողջ Կովկասում: Գորգագործությամբ զբաղվում էին նաև Շուշիի հարևան գյուղերում, ինչպես նաև՝ Ջեբրայիլի և Զանգեզուրի գավառներում։
Շուշիում տեղական կոշիկի արտադրությամբ զբաղվում էին 57 կրպակներ, որից 26-ում աշխատում էին հայեր, 31-ում՝ թաթարներ։ Այստեղ կային 32 հայ, 43 թաթար վարպետներ։ Շուշիում կար կաշվի 5 գործարան, որից մեկը պատկանում էր հայերին, մյուսները՝ թաթարներին: Այդ գործարաններում աշխատում էին 4 հայեր և 56 թաթարներ։
Շուշիի գավառի Աղդամի դպրոցի տեսուչ Բաղիր Իբրահիմբեկովը գրում է, որ Աղդամում տարածված արհեստներից էր դերձակությունը։ Աղդամի շուկայում, բացի 2 աշխատող մահմեդականներից, մնացած բոլորը հայ-լուսավորչականներ էին։ Համայնքի դարբինները ևս հայեր էին։
Արցախի Տող գյուղի դպրոցի տեսուչ Մ․ Պողոսովը, ներկայացնելով Տող (Туг) և Մուխրենես (Мухренес) գյուղերի արհեստագործությունը, նշում է, որ Տող գյուղում բնակվում էր 1․664 մարդ, որից՝ 1․422 հայեր, 242 թաթարներ։ Տողում և հարակից գյուղերում բրդի արտադրությամբ հիմնականում զբաղվում էին կանայք։
Մուխրենես հայաբնակ գյուղի (316 մարդ) բնակիչները հիմնականում զբաղվում էին անտառահատությամբ։ Տող գյուղում, ըստ Մ․ Պողոսովի, բոժոժից թել քաշելու երկու ֆաբրիկա կար, որոնք պատկանում էին շուշեցիներ Ն․ Ահարոնովին և Ա․ Մուղունովին:
Նուխիի քաղաքային դպրոցի տեսուչ Ֆեոֆիլ Կոբեշավիձեն և դպրոցի ուսուցիչ Իվան Գոլովնյան, ներկայացնելով Նուխի քաղաքի արհեստագործությունը, գրում են, որ տեղի Գավառային վարչության տվյալներով՝ Նուխի քաղաքում 1886 թվականին կար 24․182 մարդ, որից՝ ռուսներ՝ 5, հայեր՝ 3.854, թաթարներ՝ 20․323։ Նուխիում կղմինդրի արտադրության առաջին գործարանը բացել է Շահբաղովը 1872 թվականին։ Քաղաքի 10 դարբիններից 4-ը հայեր էին, 6-ը՝ թաթարներ։
Ջևանշիրի գավառի Կասապետ (Касапет) գյուղի երկդասյա դպրոցի տեսուչ Գեորգի Իսրայելովը ներկայացնում է 2․279 հայ բնակիչ ունեցող գյուղի արհեստագործությունը:
Ըստ հեղինակի՝ Ջեբրայիլի գավառում բոժոժից թել քաշելու արդյունաբերական 7 ձեռնարկություններ կային։
Ելիզավետպոլի քաղաքային դպրոցի ուսուցիչ Յուսուֆ բեկ Մելիք-Հախնազարովը, ներկայացնելով Ելիզավետպոլ քաղաքի արհեստագործությունը, նշում է, որ օճառագործությամբ զբաղվում էին 24 թաթար ու քրիստոնյա և 31 հայեր ։
Երևանի նահանգի արհեստագործությունը
Նուխիի քաղաքային դպրոցի ուսուցիչ Գեորգի Պոպանդոպուլոն, Ալեքսանդրապոլի քաղաքային դպրոցի ուսուցիչներ Պավել Գորբանևը, Սոլոմոն Լաշաուրին, Նիկոլայ Լևկովիչը, Կ. Նիկիտինը և ուսուցչի օգնական Ստեփան Տեր-Ստեփանովը ներկայացնում են Ալեքսանդրապոլ քաղաքի արհեստագործությունը: Քաղաքում ապրում էին ռուսներ՝ 31 ծուխ՝ 210 մարդ, հույներ՝ 63 ծուխ՝ 528 մարդ, հայեր՝ 3․298 ծուխ՝ 20․240 մարդ, թաթարներ՝ 95 ծուխ՝ 775 մարդ․ ընդամենը՝ 3․487 ծուխ՝ 21․753 մարդ։
Նոր Բայազետի գավառի արհեստագործությունը ներկայացնող քաղաքային դպրոցի ուսուցիչ Ն. Ֆեդորովը, գրում է, որ Նոր Բայազետի գավառում հաշվվում էր մոտավորապես 94․000 մարդ։ Բնակչությունը բաղկացած էր հայերից, թաթարներից, ռուս աղանդավորներից, քրդերից, քիչ թվով՝ հույներից։ Բնակչության մեծամասնությունը հայեր ու թաթարներ էին։ Գավառում եղջերավոր անասունների առևտուրը հայ վաճառականների ձեռքին էր։
Բաքվի նահանգի արհեստագործությունը
Բաքվի նահանգի Ջևադի գավառի Սալյան ավանի արհեստագործությունը ներկայացնում է տեղի մեկդասյա դպրոցի ուսուցիչ Աբրահամ Պողոսովը: Ավանը թաթարաբնակ էր՝ 12․117 մարդ։ Նշենք, որ թաթարաբնակ այս տարածքում կրթության գործն առաջ էին տանում հայերը:
Ի դեպ, «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» 1886 թվականի համարում Գյոկչայի երկդասյա ուսումնարանի վերակացու Նիկոլայ Քալաշևը, նկարագրելով Սալյան ավանը, փաստում է, որ 12 վերստ հեռավորության վրա հողից դուրս եկող նավթը շահագործվում է թիֆլիսցի Գեորգի խան Տեր-Հարությունյանի կողմից։
Ըստ Ն․Քալաշևի տվյալների՝ շերամաբուծությունը զարգացած էր նաև Գյոկչայի գավառի Լագիչ լեռնային տեղամասի 22 թաթարական գյուղերում (համաձայն 1886 թվականի վիճակագրության՝ նրանց թիվը 1.071 ծուխ էր՝ 6.747 բնակիչ), 1 ռուսական և 6 հայկական գյուղերում (1873 թվականի տվյալներով՝ դրանք ունեին 682 ծուխ՝ 4․306 բնակիչ)։
Շերամաբուծությամբ զբաղվող հայկական 6 գյուղերն էին՝ Քեշխուրտ (Кешхурт)՝ 132 ծուխ՝ 868 մարդ, Քելբենդ (Кельбенд)՝ 89 ծուխ՝ 455 մարդ, Քըրք (Кирх)՝ 211 ծուխ՝ 1200 մարդ, Ուշտալ (Уштал)՝ 99 ծուխ՝ 812 մարդ, Բոզոբանդ (Бозобанд)՝ 31 ծուխ՝ 194 մարդ, Ենի-քենդ (Енги-кенд)՝ 107 ծուխ՝ 692 մարդ, (տվյալներն՝ ըստ 1873 թվականի)։
Այս փաստերը վկայում են ոչ միայն այդ բնակավայրերի հայկական լինելու, այլև՝ արհեստագործության բնագավառում հայերի ունեցած մեծագույն դերի մասին։