2025
2024-11-14
«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1894 թվականի համարում[1] Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Արծվանիկ (Арцеваник) գյուղի դպրոցի տեսուչ Ե․ Մելիք-Շահնազարովը հեղինակել է Ելիզավետպոլի նահանգի Շուշի գավառի Չանախչի (Ченахчи) գյուղի հնությունների մասին հոդվածը՝ ներառելով նաև 12 նկարներ:
Նկարագրելով Չանախչիում գտնվող Կուսանաց անապատ վանքի դիրքն ու տեղանքը՝ հեղինակը գրում է, որ ըստ ավանդության՝ Աղվանքի թագավոր Վաչագան 3-րդը, ով ընդունել էր մահմեդականություն, այնուհետև՝ զղջացել իր սխալի համար, կառուցել է վանքը և այնտեղ անցկացրել կյանքի վերջին տարիներն՝ Ավետարան կարդալով: Այդ ժամանակներից էլ գյուղը կոչվել է Ավետարանոց, այսինքն՝ տեղ, որտեղ պահպանվել է Ավետարան: Կուսանաց անապատ վանքի մասին մի քանի ավանդազրույց է ներկայացվում, տրվում է եկեղեցու ներսի նկարագրությունը՝ նշելով, որ պատերին առկա են արձանագրություններ, սակայն վանքի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։
Հեղինակը նշում է, որ վանքը երբևէ չի ծառայել որպես ծխական եկեղեցի։
Ըստ հոդվածագրի՝ Չանախչիի բնակիչները վստահեցրել են, որ գյուղը մի քանի դար եղել է որպես թագավորների և կաթողիկոսների նստավայր։ Այդ մասին են վկայել նաև գերեզմանաքարերի վրա փորագրված մարդկանց՝ թագով պատկերները:
Հոդվածում նկարագրվում է նաև հայկական գերեզմանոցը, որտեղ պահպանված են եղել հայերեն արձանագրությամբ տապանաքարեր։ Հատկապես աչքի են ընկել Վարանդայի նախկին տիրակալներ՝ Մելիք-Շահնազարի և նրա հոր՝ Մելիք-Հուսեյինի տապանաքարերը։
Ե․ Մելիք-Շահնազարովի այս հոդվածը ևս ականատեսի կողմից վկայված հերթական փաստական նյութն է Չանախչի գյուղի հայկական բնակավայր լինելու մասին։
Չանախչին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն է, որը 2020 թվականից գտնվում է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ։
[1] «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1894 թվականի համարի 19-րդ թողարկում։