2025

«Ադրբեջանական» դարձած Ասթարան

2024-11-11

Ասթարա քաղաքը, որը բնիկ թալիշների լեզվով արտասանվում է Օսթորո, գտնվում է Ադրբեջանի ծայր հարավ-արևելքում՝ Կասպից ծով թափվող Ասթարա գետի (Ասթարաչայ) ձախ ափին։ Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանն անցնում է գետի երկայնքով: Քաղաքից 3 կմ հեռավորության վրա Ասթարա երկաթուղային կայարանն է, իսկ Իրանի տարածքում գտնվող համանուն մյուս Ասթարա քաղաքը գետի աջ ափին է։

1813 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, Գյուլիստանի պայմանագրով տարածաշրջանը բաժանվեց Ղաջարական Իրանի և Ռուսական կայսրության միջև։ Սահմանագծի մի մասն անցավ Ասթարա գետի վրա գտնվող համանուն բնակավայրով՝ այն բաժանելով երկու մասի։ Բնակավայրի այն մասը, որը գտնվում էր Ասթարա գետից հյուսիս, անցավ Ռուսական կայսրությանը։ Այնուհետև այն ժառանգեց Խորհրդային Միությունը, իսկ 1991 թվականին՝ Ադրբեջանի Հանրապետությունը։ 

Ասթարա անվան վաղ հիշատակումներից մեկը՝ Astārāb (նշանակում է «ջրավազան») ձևով, հանդիպում է 10-րդ դարում անհայտ հեղինակի գրած պարսկերեն աշխարհագրական odūd al-ʿālam («Աշխարհի սահմանները») երկում։ 14-րդ դարում Ասթարան դարձավ Գիլանի թալիշ իսպահբադերի (սպարապետների) կենտրոնը, իսկ նստավայրը՝ Շինդան ամրոցը, որի ավերակներն այսօր էլ վկայում են քաղաքի թալիշական պատմության մասին։ 16-18-րդ դարերում Ասթարայի թալիշ խաներն ինքնավար էին կամ ենթարկվում էին Գիլանի կամ Արդաբիլի կառավարիչներին։

1813 թվականի սահմանային բաժանումից հետո Ասթարան դարձավ առևտրային կարևոր գոտի Ռուսական կայսրության և Իրանի հյուսիսային նահանգների միջև, իսկ Խորհրդային պետության ստեղծումից հետո քաղաքի երկու հատվածների զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։

Իրանական ծագում ունեցող թալիշները կազմում են նաև Ադրբեջանի տարածքում հայտնված քաղաքի հիմնական բնակչությունը, չնայած այսօր պարտադրված թյուրքախոսությունը հետ է մղել թալիշերենը և թալիշական ինքնությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ քաղաքի ադրբեջանական և իրանական հատվածների միջև կապի աշխուժացման պայմաններում, թալիշական տեղական ավանդույթները, որոնք Ադրբեջանի տարածքում խեղաթյուրվել կամ մոռացվել էին, Իրանի թալիշների ազդեցությամբ որոշակիորեն նոր շունչ ստացան։ Սակայն, Բաքվի ռեժիմի՝ բնիկ ժողովուրդներին թյուրքականացման ենթարկելու քաղաքականությունը շոշափելիորեն ազդել է քաղաքի թալիշական դիմագծի վրա։ Ընդհանրապես Ադրբեջանում ապրող թալիշները փորձել են ստեղծել սոցիալական ադապտացիայի իրենց մեխանիզմները՝ պահպանելու թալիշերենն ու ազգային ավանդույթները, ինչը նրանց որոշ չափով հաջողվել է լեռնային շրջաններում։

Ադրբեջանի «ձուլման քաղաքականության» վկայություններից են նաև կեղծ պատմագիտությամբ թալիշների համար օղուզական արմատներ գտնելու անհաջող փորձերը։

Ասթարայի թալիշների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունն ամբողջովին տեղավորվում է ադրբեջանական իշխանությունների՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ձուլելու, նրանց ազգային մշակույթը ոչնչացնելու քաղաքականության տրամաբանության մեջ։  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում